ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության (ԳՄՀԸ /GIZ) պատվիրակությանը` ԳՄՀԸ «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Քաթրին Շեֆերի գլխավորությամբ:
Նախարար Դավիթ Լոքյանը, բարձր գնահատելով երկարամյա համատեղ աշխատանքը ԳՄՀԸ-ի հետ, շնորհակալություն է հայտնել ծրագրի ղեկավարին հատկապես արդյունավետ համագործակցության համար:
Հանդիպմանը կողմերը քննարկել են համայնքային ծառայության համակարգի կատարելագործմանը, մասնավորապես համայնքային ծառայողների կարողությունների զարգացմանը վերաբերող հարցեր:
Նախարարը հյուրերին է ներկայացրել համայնքային ծառայության համակարգի կատարելագործման առաջնահերթությունները և ԳՄՀԸ-ից ակնկալվող աջակցությունը դրանց արդյունավետ իրականացման գործում: Դավիթ Լոքյանը, հատկապես կարևորել է վերապատրաստման ծրագրերի արդյունավետության դիտարկումը, հարցաշարերի վերանայումը` ըստ մասնագիտացումների, ինչպես նաև ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղված օրենսդրական փոփոխությունների նախաձեռնումը:
Կարդացեք նաև
ԳՄՀԸ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել իրականացնելու իրավիճակի ելակետային ուսումնասիրություն` միջազգային փորձի ներգրավմամբ` հետագա քայլերը նախագծելու նպատակով:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող այլ հարցեր ևս:
ՏԿԶՆ հասարակայնության հետ կապերի բաժին