Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը վստահեցնում է, որ ամեն ինչ մեկ անձի, այս դեպքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ կապելն ընդամենը հուսալքման և հուսակործանման ախտանիշ է:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Ահարոն Ադիբեկյանը փաստեց, որ մեկ անձը, այն էլ ազատ շուկայական պայմաններում, վեց ամսում ոչինչ անել չի կարող: Այս առիթով սոցիոլոգը տեղեկացրեց, որ իր գծով Հայաստան կարող էր գալ 4 միլիարդ դոլարի ներդրում, եթե կառավարությունը երաշխիք տար, ինչը տեղի չունեցավ:
Անդրադառնալով «GALLUP International association»-ի հայաստանյան
ներկայացուցչության իրականացրած հարցման արդյունքներին` համաձայն որի`ՀՀ-ում այժմ վարչապետն ավելի բարձր վարկանիշ ունի, քան նախագահը, պարոն Ադիբեկյանն ասաց. «Վարչապետի վարկանիշը նախագահին գերազանցում է ոչ թե այն պատճառով, որ նա մի բան արել է, այլ ուղղակի, որ մարդիկ հույս ունեն, թե նա կարող է մի բան անել»:
Կարդացեք նաև
Կարեն Կարապետյանի`ՀՀԿ-ին անդամակցության առիթով պարոն Ադիբեկյանը նկատեց, եթե նոր վարչապետը չմտներ ՀՀԿ, մենք կունենայինք քաղաքական ազդեցիկ երկու կենտրոն` ՀՀԿ նախագահ և անկուսակցական վարչապետ: Ուստի Կարեն Կարապետյանի` ՀՀԿ մուտքով մենք ձեռք ենք բերում մեկ քաղաքական ազդեցության կենտրոն, որն ավելի է հզորանում:
ԱԱԾ պետի նախկին տեղակալ, քաղաքագետ Գուրգեն Եղիազարյանը հավատացրեց, թե ոչ Կարեն Կարապետյանի, ոչ էլ նրա թիմի երազանքը ՀՀԿ-ական դառնալը չէր. «Սա ես համարում եմ ուղղակի ճիշտ տակտիկական քայլ հետագայի համար: Համաձայն եմ այն կետի հետ, որ երկու բևեռ կստեղծեր և անհասկանալի իրավիճակ: Այսպես ավելի հասկանալի է դառնում վիճակը, եթե իհարկե հետո վերջում չխաբեն Կարեն Կարապետյանին կամ երևանյան բարբառով ասած` չքցեն»: Պարոն Եղիազարյանը վստահեցրեց, թե ՀՀԿ-ում գումարներ, ռեսուրսներ են ներդրել, որպեսզի խանգարեն Կարեն Կարապետյանին ու «նույն այն մարդիկ, որոնք կերան Հովիկ Աբրահամյանի գլուխը, ցանկանում են ուտել նաև Կարեն Կարապետյանի գլուխը»: Սակայն այս պարագայում անգամ պարոն Եղիազարյանը Կարեն Կարապետյանի դրական ազդեցությունը տեսնում է. «Երևանում առաջին անգամ տեսա 700 դրամանոց բանան: Մոնոպոլիստական կապիտալիզմը զիջում է նորմալ կապիտալիզմին: Ֆիքսում եմ 25 դրամով էժան վառելիք….ես ուզում եմ այն Հայաստանում ապրել, ինչ ՀՀԿ-ն Հ1-ով ցույց է տալիս: Մենք մոտենում ենք այդ Հայաստանին, եթե, իհարկե, Կարեն Կարապետյանին չխաբեն, ինչպես խաբել են բոլորին»:
Ըստ Գուրգեն Եղիազարյանի` ՀՀԿ մուտքով Կարեն Կարապետյանը միայն կորցրեց, բայց նրա անդամակցումն այս կուսակցությանը կտա մարդկային կերպար:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ՀՀ վարչապետի` ՀՀԿ-ին անդամակցումը բնութագրում է որպես «брак по расчету». «Կարեն Կարապետյանի բարձր վարկանիշը շահեց ՀՀԿ-ն և փորձելու է մարդկային կերպար ստանալ: Բայց մարդկային կերպար ստանալու համար պետք է այդ կուսակցությունից դուրս գան նաև անմարդկային դեմքերը: Ինչպես չիստկա արվեց կառավարությունում, այդպես էլ ՀՀԿ-ում պետք է արվի, միայն այդ դեպքում մարդիկ կհավատան: Կարեն Կարապետյանը, կորցնելով վարկանիշ, կշահի այն քաղաքական պլատֆորմը, ինչի մասին ինքն ազնիվ ասել է այն յոթ կետերում: Լինել վարչապետ խորհրդարանական երկրում և չլինել կուսակցական, դա նշանակում է լինել ընդամենը տնտեսական գործիչ, այլ ոչ քաղաքական»: Կարեն Քոչարյանը սա ճիշտ որոշում է համարում և վստահեցնում, որ այդ որոշումից հետո ՀՀԿ-ում շատ անձինք կկորցնեն իրենց ազդեցությունը:
Կարեն Քոչարյանը հեգնեց, թե անընդհատ ասում ենք սրա-նրա գլուխը կերան ու կապում ՀՀԿ-ի հետ, այնուհետև հարց բարձրացրեց` ո՞վ է այդ ՀՀԿ-ն: Գուրգեն Եղիազարյանն էլ պատասխանեց. «ՀՀԿ-ն ոստիկանությունն է, անվտանգությունը, այն նոր ուժը, որ առանց բանակում ծառայելու պաշտպանության նախարար է դարձել, ՀՀԿ-ն ճզմող, ջարդող մեքենա է` հանձին ուժային կառույցների: Թե չէ Սերժ Սարգսյանն ու Գալուստ Սահակյանը ՀՀԿ-ում մեկ վայրկյան չէին մնա: ՀՀԿ-ն այն մեխանիզմն է, որ Հայաստանը բռնապետություն է դարձնում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Պարոն Գուրգեն Եղիազարյան, Դուք շատ ճիշտ ու ճիշտ նկարագրել եք, իրականում այդպես է, որ կա, դա բոլորն են տեսնում, իսկ ում ձեռ չի տալիս հասկանալու, կամ էլ իրենց չհասկանալու տեղ են դնում, հակառակն են պնդում։ Կեցցեկ Ձեր պատասխանը արդարացի է։ . «ՀՀԿ-ն ոստիկանությունն է, անվտանգությունը, այն նոր ուժը, որ առանց բանակում ծառայելու պաշտպանության նախարար է դարձել, ՀՀԿ-ն ճզմող, ջարդող մեքենա է` հանձին ուժային կառույցների: Թե չէ Սերժ Սարգսյանն ու Գալուստ Սահակյանը ՀՀԿ-ում մեկ վայրկյան չէին մնա: ՀՀԿ-ն այն մեխանիզմն է, որ Հայաստանը բռնապետություն է դարձնում»: