Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կլինի Հայաստանի հաջորդ վարչապետը

Նոյեմբեր 25,2016 17:37

Սա հարցերի հարցն է և թվում է մի քիչ վաղ է դրա մասին խոսել, այնուամենայնիվ հենց այսօր էլ, այն հասարակության, քաղաքական ուժերի համար վճռորոշ նշանակություն ունի, քանզի քաղաքական ուժերի հետագա անելիքները շատ բանով կախված են լինելու նաև այս հարցի պատասխանից: Սրա կարևորությունը միաժամանակ կայանում է նաև նրանում, թե ո՞ր ուժը կամ ուժերն  են հաղթելու և ապագա ԱԺ-ում կազմելու բացարձակ կամ կայուն մեծամասնություն:

Եթե հնարավոր լինի մեծ ճշգրտությամբ կատարել այս կանխատեսումները, ապա քաղաքական ուժերի համար ևս, ավելի կանխատեսելի կդառնա իրենց մոտակա անելիքների քարտեզի ուրվագծումը և նրանք կփորձեն ավելի իրատեսական ու ռացիոնալ օգտագործել ունեցած միջոցները:

Գաղտնիք չէ, որ սահմանադրության փոփոխված տարբերակի համաձայն, որն ինչ-որ իմաստով կարելի է անվանել նաև նոր սահմանադրություն, երկրի թիվ մեկ պաշտոնյան վարչապետն է, այնպես որ հանրաքվեից անմիջապես հետո՝ երեկ, այսօր և հետագայում էլ ամբողջ զարգացումները գնալու են այն տրամաբանությամբ, թե Ազգային ժողովի մոտակա ընտրություններից հետո, ով է լինելու հաջորդ վարչապետը, քանզի երկրի հետագա ճակատագիրը հիմնականում որոշվելու է նաև դրանով:

Կարծում եմ, այս նոր սահմանադրության համաձայն, հստակ է, որ նույնիսկ հասարակության և իշխանությունների կողմից մեծագույն ցանկության դեպքում անգամ, Կարեն Կարապետյանը չի կարող նշանակվել վարչապետ (նոր սահմանադրությամբ՝ վերջին տարիների գրանցման ու Հայաստանում մշտապես ապրելու համար սահմանված ցենզերը դա թույլ չեն տալիս: Նա ամենաշատը կարող է պաշտոնավարել մինչև 2018թ. ապրիլի 9-ը, եթե, իհարկե, մինչ այդ Սերժ Սարգսյանը պահպանի նախագահի պաշտոնը և ինչ-ինչ պատճառներով հրաժարական չտա), որը չափազանց հեշտացնում է այս կանխատեսումն անելը:

Այս իրավիճակում, սթափ տրամաբանությունը հուշում է, որ խոսք կարող է գնալ իշխանական երկու թեկնածության մասին. ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի կամ նրա կողմից միանշանակորեն վստահելի անձի, ինչպես նաև, եթե ընդդիմությանը հաջողվի ընտրության գնալ մեկ միասնական՝ առանց ամբիցիաների միավորված դաշինքով և լիովին ճշգրիտ անցկացվի ընտրական քարոզարշավն ու ձայների հաշվարկման վերահսկողությունը, ապա այդ դեպքում նույնիսկ բացառված չէ միավորված ընդդիմության հաղթանակը, որն էլ իր հերթին կբերի նրանց կողմից վարչապետի թեկնածու ունենալու իրական հնարավորությանը: Իսկ, եթե ընդդիմությունը մասնակցի առանձին-առանձին դաշինքներով, կամ որոշակի դաշինքներով և առանձին կուսակցություններով, կամ լրիվ առանձին կուսակցություններով, ապա հստակորեն կիրականացվի վերը նշված իշխանական սցենարի երկու տարբերակներից մեկը: Բացառությամբ՝ 1996թ. նախագահական ընտրությունների, երբ ընդդիմությունը հանդես եկավ մեկ միասնական թեկնածուով, որը հայտնի իրադարձությունների պատճառով անհաջողությամբ պսակվեց, որի փորձը՝ կարիքի դեպքում, գործող իշխանությունները կարող են հաջողությամբ կիրառել, քանզի այսօրվա իշխանությունները դրա հնարավորությունները լրիվ ունեն, մնացած բոլոր ընտրություններում ընդդիմությունն ապացուցել է, որ միավորվելու շանսեր ընդհանրապես չունի, այնպես, որ ես համոզված կարելի է պնդել (միաժամանակ ընդդիմությանը թասիբի եմ գցում), որ այս դեպքում ընտրությունները կավարտվեն գործող իշխանությունների բացարձակ հաղթանակով (նոր սահմանադրությունն ու նոր ընտրական օրենսգիրքը գործող իշխանություններին տալիս են այնպիսի հրաշալի հնարավորություն, որի շնորհիվ  գուցե և, նրանք ընտրությունների ավարտին ունենան ոչ թե կայուն, այլ բացարձակ  մեծամասնություն), որը ոչ այլ ինչ է, քան վերևում նշված առաջին սցենարի սահուն իրագործում:

Շարունակելով, ասեմ, որ տեսականորեն իշխանական երկու թեկնածություններն ունեն հավասար հավանականություն, սակայն գործնականում առաջինի հավանականությունն ավելի իրատեսական է, քանզի այսօրվա դաշտում, գործող նախագահից բացի կա մեկ հավանական թեկնածու, դա Վիգեն Սարգսյանն է, որին Սերժ Սարգսյանը կարծես, թե շատ է վստահում, բայց ավաղ, նա արդեն պակաս կարևոր պաշտոն չի զբաղեցնում: Ավելին, Սերժ Սարգսյանի կողմից այդ նշանակումը չափազանց  կանխամտածված է արված, որպես ապագա՝ վարչապետ-պաշտպանության նախարար տանդեմի կողմ, որն էլ ամենաորոշիչ դերն է կատարելու Հայաստանի հետագա ղեկավարման ողջ գործընթացում: Կարծում եմ, բոլորը կհամաձայնեն, որ Սերժ Սարգսյանի համար՝ հարմար և լիովին վստահելի երկրորդ թեկնածու կարծես, թե գոյություն չունի:

Ավելացնեմ նաև, կախված Ադրբեջանի հետագա պահվածքից (հավանաբար, մինչև ԱԺ հերթական ընտրություններն Ադրբեջանը լայնածավալ պատերազմ կսկսի), այսինքն, եթե Ադրբեջանն այնուամենայնիվ վերսկսի պատերազմը և այն երկարաձգվի՝ ասենք մինչև 2018թ. ապրիլի 9-ը ու Սերժ Սարգսյանն էլ դեռ պահպանի նախագահի աթոռը, ապա մինչ այդ ժամանակ վարչապետ կմնա Կարեն Կարապետյանը, իսկ եթե դրանից հետո էլ երկարաձգվի պատերազմը, ապա բացառված չէ, որ դրանից հետո Սերժ Սարգսյանը հենց Վիգեն Սարգսյանին ցանկանա տեսնել ժամանակավոր վարչապետի պաշտոնում, որի նշանակումը զուտ տեխնիկայի հարց է:

Պատերազմի ավելի արագ ավարտի դեպքում (տա Աստված), իրատեսական տրամաբանությունը հուշում է, որ ամենայն հավանականությամբ վարչապետ կնշանակվի հենց Սերժ Սարգսյանը: Իսկ, եթե մինչև ընտրությունների ավարտը Ադրբեջանն այնուամենայնիվ չվերսկսի պատերազմը, և այլ լուրջ ֆորս մաժորներ չլինեն, ապա հաջորդ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին այլընտրանք չկա: Իհարկե, մեզանից որևէ մեկը Վանգա չէ, որ ռեալ գուշակի նման գործընթացների ընթացքը, և եթե մեր կանխատեսումների մեջ սխալվենք, ապա կյանքն ինքը կմաքրագրի այդ ամենը …

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ ազգը կործանվում է ռեժիմ չարիքի ձեռքերով says:

    Հայ Ժողովրդի համար էլ ընդհանրապես հետաքրքիր չէ, թե ով է լինելու, մեկ է բոլորը նույն սանրի կտավն են, ու ոչ ովք էլ ժողովրդի կողքին երբեք չի էլ լինելու․․ ղե ՜ղճ հայ ազգ, քո ներքին թշնամին ավելի ահավոր է, քան դրսի թշնամին․․ Երանի Աստծո զայրութը թափվի բոլոր իշխանությունների վրա, և այն քրեաօլիգարխների, որ իր սեփական ազգի դեմ անմարդկային ու անարդար ռեժիմներով հասարակությանը սպանդ են վերածել․․

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930