Լրահոս
Օրվա լրահոսը

Կորյուն Նահապետյան. թուրք պաշտոնյաների արձագանքը եղել է ջղագրգիռ՝ ցույց տալով, թե իբր հայկական կողմի պնդումները չեն համապատասխանում իրականությանը

Նոյեմբեր 25,2016 17:32

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, պատվիրակության անդամներ Թեւան Պողոսյանը եւ Միքայել Մելքումյանը նոյեմբերի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել նոյեմբերի 18-21-ը Ստամբուլում կայացած ՆԱՏՕ-ի ԽՎ-ի տարեկան նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ:

Կորյուն Նահապետյանը տեղեկացրել է, որ պատվիրակությունն ակտիվ մասնակցել է տարեկան նստաշրջանի աշխատանքներին, հարցադրումներով եւ առաջարկներով հանդես եկել հանձնաժողովներում եւ լիագումար նիստում:

Նիստում քննարկվել եւ ընդունվել է 6 բանաձեւ, հավանության է արժանացել 16 զեկույց, որոնք հիմնականում վերաբերել են գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության տարբեր խնդիրների: Խոսելով քննարկված հարցերի վերաբերյալ՝ պատվիրակության ղեկավարը նշել է, որ այս նստաշրջանի ընթացքում ելույթներ են ունեցել նաեւ Թուրքիայի մի շարք պաշտոնատար անձինք՝ արտաքին գործերի նախարարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, արդարադատության նախարարը, գիտության եւ տեխնոլոգիայի նախարարը եւ այլն: Նրանց ելույթներին հաջորդել են հարցուպատասխանի ձեւաչափով քննարկումները, որոնց ընթացքում հայ պատվիրակները հնչեցրել են որոշակի հարցեր, ներկայացրել իրենց մտահոգությունները: Պարոն Նահապետյանը նշել է, որ ՆԱՏՕ-ի ԽՎ-ի կանոնակարգով սահմանված ձեւաչափը հնարավորություն չի տվել հանդես գալ ելույթներով եւ ներկայացնել տեսակետներ:

Պարոն Նահապետյանը նաեւ տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նոր նախագահ է ընտրվել իտալացի պատվիրակ Պաուլո Ալին, ում հետ հայկական պատվիրակության անդամներն ունեն երկարատեւ եւ արդյունավետ համագործակցություն:

Պատվիրակության անդամներ Թեւան Պողոսյանը եւ Միքայել Մելքումյանը ներկայացրել են ՆԱՏՕ-ի ԽՎ-ի ոլորտային հանձնաժողովներում իրենց կատարած աշխատանքը, անդրադարձել քննարկված հարցերին, Թուրքիայի տնտեսական եւ ներքաղաքական իրավիճակին, Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո քաղաքացիների եւ պատգամավորների ձերբակալություններին, դրանց վերաբերյալ մի շարք եվրոպացի պատվիրակների բացասական գնահատականներին: Ըստ այդմ՝ եվրոպացի պատվիրակներից ոմանք Թուրքիայում տեղի ունեցած այդ գործընթացները որակել են որպես ժողովրդավարության հետ որեւէ աղերս չունեցող գործողություններ:

Պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը նշել է, որ քաղաքական եւ պաշտպանության, ինչպես նաեւ՝ անվտանգության հանձնաժողովներում եւ լիագումար նիստում հայ պատվիրակները բարձրացրել են հայ-թուրքական փակ սահմանների, Թուրքիայի կողմից հարեւան երկրների հետ հարաբերությունների, ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի բացասական դերակատարության վերաբերյալ հարցեր, որոնց, ըստ էության, թուրք պաշտոնյաները չեն տվել որեւէ հստակ արձագանք. ընդհակառակը, ինչպես նկատել է Կորյուն Նահապետյանը՝ թուրք պաշտոնյաների արձագանքը եղել է ջղագրգիռ՝ ցույց տալով, թե իբր հայկական կողմի հայտարարություններն ու պնդումները չեն համապատասխանում իրականությանը:

Պատվիրակության անդամները պատասխանել են լրագրողների հարցերին:

Ամփոփելով ասուլիսը՝ Կորյուն Նահապետյանը կարեւորել է տարբեր խորհրդարանական վեհաժողովներում հայկական պատվիրակությունների աշխատանքը եւ նշել, որ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակությունն անում է առավելագույնը՝ ներկայացնելու համար մեր ազգային շահերից բխող տեսակետները:

 

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930