Մշակույթի գործիչները վստահեցնում են, որ ռուսաց լեզվին Հայաստանում 2-րդ պետական լեզվի կարգավիճակ տալը միայն լեզվի խնդիր չէ, այլ էքսպանսիայի հարց, երկիրը որպես տարածք, իսկ բնակչությանը որպես սպասարկող անձնակազմ ընկալելն է:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը գրականագետ Դավիթ Գասպարյանը փաստեց, որ ՀՀ-ում բոլոր ազգային փոքրամասնությունները շատ լավ տիրապետում են հայերենին, ու շփման լեզվական խնդիր չկա: Նա բերեց Ծաղկաձորի Գրողների տան աշխատակիցների օրինակը. «Այդտեղ երկու ռուս կին է աշխատում` Արխանգելսկից Վալյան և Լյուբան: Ընտիր հայերեն են խոսում, մի հատ կթողնե՞ն, որ հետները ռուսերեն խոսես»:
Դառնալով ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու մասին առաջարկներին` պարոն Գասպարյանը հորդորեց այդ մտայնությունները խեղդել ինչպես օձը բնում. «Բայց սա ամենևին չի նշանակում դեմ խոսել այնպիսի բաների, ինչպիսիք են լեզվի ուսուցումը դպրոցներում: Ռուսերենն ու անգլերենն առաջին հերթին, հետո նաև մյուս լեզուները պիտի սովորեցնել դպրոցներում, որ մարդիկ, պաշտոնյա դառնալով, կուռկուռի ձագի կամ սարի անասունի պես հետո չնստեն ու խոսել չիմանան»:
Ըստ Դավիթ Գասպարյանի` ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելը միայն լեզվական խնդիր չէ. այն իր հետ բերելու է մշակույթ, գրականություն:
Կարդացեք նաև
Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը խորհուրդ է տալիս տարանջատել ռուս մշակույթը ռուսերենը պետական լեզու հռչակելու հարցից. «Պետական լեզու նշանակում է ոչ թե Տոլստոյին ու Դոստոևսկուն ծանոթ լինել, այլ պետական մարմիններում գրագրությունը տեղափոխել ու ընկալել որպես և ռուսերեն: Մշակույթը երբեք ագրեսիվ չի լինում, առավել ևս հզոր ռուս մշակույթը, քանի որ ոչ Տոլստոյը, ոչ Պուշկինն ագրեսիվ չեն: Ռուսերեն ու անգլերեն պիտի իմանալ, որ լավագույն գրականության ու ֆիլմերի հետ շփվել կարողանաս: Բայց ռուսերենը պետական լեզու հռչակելն էքսպանսիայի հարց է, երկիրը որպես տարածք, բնակչությանը որպես սպասարկող անձնակազմ ընկալելու խնդիր: Եթե մենք ինքներս վարում ենք զուտ սպասարկող արտաքին քաղաքականություն, մենք սպասարկում ենք մեր հյուսիսային հարևանի արտաքին շահերը ողջ աշխարհում, ապա ո՞վ է ասել, որ արտաքին աշխարհով պետք է սահմանափակվել, իսկ ներսո՞ւմ ով պետք է սպասարկի: Չ՞է որ ստանձնել ես սպասավորի դերը, ու ինչքան դաժան է լինում ճնշումը, այնքան շատ են ոգևորվում սպասարկող գործիչները»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ