Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանի հետ ՀՀԿ-են ուզում մտնել 7 հազարից ավելի քաղաքացիներ

Նոյեմբեր 25,2016 16:50

Երեկ եւ այսօր, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի`ՀՀԿ-ին անդամակցելու հայտարարությունից հետո, ՀՀԿ-ին անդամակցելու ցանկություն են հայտնել յոթ հազարից ավելի քաղաքացիներ: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Պարոն Շարմազանովն ասում է, որ ՀՀԿ-ում ողջունում են վարչապետի մուտքը կուսակցություն: Նա չի կիսում մեր այն դիտարկումը, որ անդամակցելով ՀՀԿ-ին, Կարեն Կարապետյանը նվազեցնում է իր վարկանիշը, նաեւ հօդս են ցնդում հանրության`Կարեն Կարապետյանի հետ կապված  սպասելիքները`բարեփոխումների առումով:

«Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում ներկայացրել է ՀՀԿ-ն, ՀՀԿ նախագահ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Կարեն Կարապետյանի կառավարության քաղաքական հենարանը ՀՀԿ-ն է եղել»,- ասաց մեր զրուցակիցը` հիշեցնելով, որ Կարեն Կարապետյանի`վարչապետի պաշտոնում նշանակվելու առաջին իսկ օրվանից ինքը քանիցս հայտարարել է, որ ՀՀԿ-ն կրում է Կարեն Կարապետյանի կառավարության համար այնքան քաղաքական պատասխանատվություն, որքան Անդրանիկ Մարգարյանի, Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի կառավարությունների համար:

Կանդամագրվե՞ր Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին, թե`ոչ, ըստ Էդուարդ Շարմազանովի, միեւնույն է`Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի քաղաքական թիմի առանցքային ներկայացուցիչն է, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն է:

eduard_sharmazanov_2«Զարմանալի կլիներ, եթե Կարեն Կարապետյանը չանդամագրվեր ՀՀԿ-ին: Կարեն Կարապետյանի կառավարությունը ՀՀԿ-ի կառավարությունն է»,- հավելում է մեր զրուցակիցը` հիշեցնելով, որ Կարեն Կարապետյանին ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ ներկայացնելիս ասել է, որ նա լինելու է նաեւ ՀՀԿ բարեփոխումների եւ փոփոխությունների խորհրդանիշներից մեկը:

Էդուարդ Շարմազանովը նաեւ նկատում է. «Միգուցե այլ կուսակցություններում մարդիկ եղել են, ովքեր որ խանդով են ընդունել Կարեն Կարապետյանի մուտքը ՀՀԿ, բայց Կարեն Կարապետյանն իրավական տեսքի է բերել այն, ինչ տարիներ շարունակ կա: Կարեն Կարապետյանը մեր թիմի անդամ է եղել դեռ այն ժամանակ, երբ ՀՀԿ-ի ավագանու ցուցակով դարձել է Երեւանի քաղաքապետ»:

Հարցին`իսկ իր վարկանիշով Կարեն Կարապետյանը կավելացնի՞ ՀՀԿ-ի վարկանիշը, ԱԺ փոխխոսնակը հորդորեց Կարեն Կարապետյանին եւ ՀՀԿ-ին այլեւս արհեստականորեն առանձին-առանձին չդիտարկել. «Մենք միասին ենք: Այլեւս անցյալում է անհատ գործիչների ժամանակաշրջանը: Եվ ինչպես ՀՀԿ նախորդ համագումարում նկատեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը`ՀՀԿ-ն կոնկրետ անձինք են: Մենք բոլորս ՀՀԿ-ական ենք, Կարեն Կարապետյանը`եւս: Մենք մեկ քաղաքական թիմ ենք, որի ղեկավարն է Սերժ Սարգսյանը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930