Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայկազ Բաղմանյանն ինձանից խլած կեղծիքներով ստեղծած բիզնեսը վաճառել է վարչապետի մերձավորներին» (Տեսանյութ)

Նոյեմբեր 25,2016 16:31

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանից տուժած Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը շարունակում է պայքարը:

Հիշեցնենք, որ Թաթուլ Բաղդասարյանը պնդում է, որ Հայկազ Բաղմանյանն իրենից բիզնես է խլել, ապօրինությունների եւ կեղծ փաստաթղթերի միջոցով համատեղ հիմնած գազալցակայանից զրկել է նրան: Ըստ Բաղդասարյանի՝ «Հայկազը բռնազավթեց ոչ միայն հողատարածքը, այլեւ ընկերությունը՝ այդ ենթակայանը, ոնց որ զորամաս, եւ մինչեւ 2011 թվի 7-րդ ամիսը իմ անունով կեղծել են բոլոր անդորրագրերը»:

Թաթուլ Բաղդասարյանը դիմել էր իրավապահ մարմիններին, սակայն քննչական կոմիտեն քրեական գործը կարճել էր, ուստի Բաղդասարյանը դիմելով դատարան՝ բողոքարկել էր քննիչների որոշումը:

Այսօր «Հայացք» ակումբում Թաթուլ Բաղդասարյանն ասաց, որ դատարանը մերժել է իր հայցապահանջը եւ անփոփոխ թողել քննչական մարմնի որոշումը:

Պարոն Բաղդասարյանը կրկին հիշեցրեց, թե կադաստրի պաշտոնյաներն ինչպես են փաստաթղթեր կեղծել: Ըստ Բաղդասարյանի՝ իր փաստաթղթերում այլ տվյալներ են, իսկ կադաստրում՝ այլ:

Բաղդասարյանն ասաց, որ այս կեղծիքները բացահայտելու համար դիմել է վարչապետի օգնական Նարեկ Ադոնցին, որին ասել է, որ կարող է ապացուցել, թե ովքեր են կեղծիքներ արել ու ինչպես՝ փաստեր ներկայացնելով. «Նարեկ Ադոնցը խոստացավ քննարկում կազմակերպել, բայց այդպես էլ չարեց, հիմա արդեն զանգերին էլ չի պատասխանում»:

Թաթուլ Բաղդասարյանի մատնանշած կեղծիքներից մեկն էլ վերաբերում է այն ժամանակվա «Հայռուսգազարդին». Բաղդասարյանը պարբերաբար հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ է «Հայռուսգազարդն» առանց իր հետ պայմանագիր կնքելու գազամատակարարում իրականացրել, այն դեպքում, երբ ղեկավարությունը գազամատակարարման թույլտվությունը իր անունով է տվել, ու առանց իր հետ պայմանագրի Հայկազ Բաղմանյանի գազալցակայանին սկսել գազ մատակարարել:

Ըստ Բաղդասարյանի, 2015 թվականին Հայկազ Բաղմանյանը վաճառել է գազալցակայանը «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանին, նրա տեղակալ Ալբերտ Խաչատրյանին եւ «Գազպրոմ» ընկերության ներկայացուցչին, որը Կարեն Կարապետյանի մերձավորներից է.«Այսինքն, Հայկազ Բաղմանյանն ինձանից խլած կեղծիքներով ստեղծած բիզնեսը վաճառել է վարչապետի մերձավորներին, ու իրենք իմացել են, որ ապօրինի է այդ գազալցակայանը»:

Մանրամասն՝ տեսանյութում

Պարոն Բաղդասարյանը պահանջում է բացահայտել ապօրինությունները, եւ եթե արդարությունը վերականգնվի, ինքը պատրաստ է 100 միլիոն դրամը, որը կստանա որպես վնասի փոխհատուցում, փոխանցել հայկական բանակին.«Ճիշտ է, իմ կրած վնասները ավելի շատ են, բայց ես չեմ թողնելու Բաղմանյանն իր էրեխեքով վայելի ինձանից գողացած փողերը, պիտի պայքարեմ մինչեւ վերջ»:

Հիշեցնենք, որ 2007 թվականին, երբ գեներալի հետ համատեղ հիմնվում է վիճարկվող գազալցակայանը, Թաթուլ Բաղդասարյանը իրեն պատկանող հողատարածքն է տրամադրում՝ պայմանով՝ շահույթի 70%-ը պետք է ստանար գեներալը: Հետո Հայկազ Բաղմանյանն, ինչպես վստահեցնում է Թաթուլ Բաղդասարյանը, իր հասանելիք 30 % շահույթն այդպես էլ չի տվել:

Թաթուլ Բաղդասարյանը պնդում է՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Պանրագործական ընկերության» տարածքում գործող գազալցակայանը մինչ օրս ապօրինի է շահագործվում. «Այդ ինչպե՞ս եղավ, որ ԱԻՆ-ը գազալցակայաններում ստուգումներ արեց, ու այս գազալցակայանը չփակեց, երբ այն ապօրինի է, եւ նույնիսկ ԱԻՆ-ն է փաստաթղթերով հաստատել, որ անվտանգության կանոնները խախտված են»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930