Քննարկվել են ոլորտի խնդիրները և զարգացման հեռանկարները
Նոյեմբերի 25-ին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է հանդիպում-քննարկում ադամանդագործության և ոսկերչության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Քննարկումն անցկացրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։ Հանդիպում-քննարկմանը մասնակցել են ոլորտի քսանից ավելի ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը, նախարարության այլ պաշտոնատար անձինք։
Հանդիպման նպատակն էր ոլորտի ներկայացուցիչներից ստանալ լիարժեք տեղեկատվություն առկա խնդիրների մասին և ներկայացնել ոլորտի առաջիկա տարիների զարգացման, նախարարության կողմից մշակված, ծրագրի նախագիծը։
Ադամանդագործության և ոսկերչության ոլորտի 2017-2020թթ․ զարգացման ծրագրով նախատեսված է ապահովել ոլորտի զարգացման շարունակականությունը:
Կարդացեք նաև
Իր ներածական խոսքում նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ այս ոլորտը Հայաստանի Հանրապետության Նախագահի և Կառավարության ուշադրության կենտրոնում է: Մենք մեծ ներուժ ենք տեսնում այս ոլորտի զարգացման, արտադրանքի արտահանման համար: Կատարվել է որոշակի նախապատրաստական աշխատանք ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ, մասնավորապես՝ լիցենզավորման գործընթացում, – ասել է Սուրեն Կարայանը:
Նախարար Կարայանի խնդրանքով հանդիպման մասնակիցները ներկայացրել են ադամանդագործության և ոսկերչության ոլորտում լուծում պահանջող խնդիրները, ակնկալելով դրանց վերաբերյալ պետական գործուն աջակցություն։
Մասնավորապես խնդիրների շարքում արծարծվել է պետական աջակցության և պետության միջնորդության անհրաժեշտությունը միջազգային ցուցահանդեսներին ոլորտի ընկերությունների մասնակցության և նոր շուկաներ մուտք գործելու հարցում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունից անմշակ ադամանդի որակյալ հումքի ձեռքբերման, ընկերությունների, հատկապես մայրաքաղաքից դուրս, լեռնային շրջաններում գործող ընկերությունների, ֆինանսական և մի շարք այլ խնդիրների լուծման հարցում։
Լիովին ընդունելով ոլորտին պետական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, նախարարն առաջարկել է այնուամենայնիվ առավելագույնս օգտագործել եղած հնարավորությունները և ներուժը, արդեն իսկ ստեղծված և գործող գործիքակազմը, որից հետո, անհրաժեշտության դեպքում, համատեղ քննարկել աջակցության նոր մեխանիզմները։
Սուրեն Կարայանը ներկաներին հայտնել է, որ ռուս գործընկերների հետ համագործակցության միջոցով կձգտեն ստանալ հնարավորինս որակյալ և մատչելի հումք, նաև տեղեկացրել, որ բանակցություններ են ընթանում Անգոլայից նույնպես ադամանդի հումքի ձեռքբերման ուղղությամբ։ Նախարարը հորդորել է հանդիպման մասնակիցներին մանրամասն ուսումնասիրել իրենց տրամադրված՝ ոլորտի զարգացման ծրագրի նախագիծը և ակտիվ մասնակցություն ունենալ ծրագրի վերջնական տարբերակի կազմման հարցում։
Հանդիպման ավարտին նախարարը հույս է հայտնել, որ ոլորտի ներկայացուցիչների հետ պարբերական հանդիպումների միջոցով, համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրները և հասնել լուրջ հաջողությունների։
Համառոտ տեղեկանք ոլորտի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունում ադամանդագործության և ոսկերչության ոլորտն ունի զարգացման զգալի ներուժ և որպես նոր արդյունք ստեղծող կարևոր ճյուղ առաջիկայում ևս ունակ է հանդիսանալու տնտեսական զարգացման առաջնային ուղղություններից մեկը:
Ադամանդագործության և ոսկերչության ոլորտի ցուցանիշները տևական անկումից հետո այս տարի կտրուկ աճել են:
Ստորև ներկայացված աղյուսակում արտացոլված են Հայաստանի Հանրապետությունում ադամանդագործության և ոսկերչության 2010-2015թթ․ տարեկան համեմատական ցուցանիշները /ԱՎԾ տվյալներ/.
2016թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում ադամանդի արտադրությունը կազմել է 24,0 մլրդ դրամ (այս ցուցանիշը ամենաբարձրն է 2008 թվականից հետո)` 2015թ․ նույն ժամանակահատվածում եղել է 11,5 մլրդ դրամ: Աճը կազմել է 108 տոկոս:
Ոսկերչության մեջ հունվար-հունիս ժամանակահատվածում արտադրվել է 1,98 մլրդ դրամի ապրանքային արտադրանք` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 1,59 մլրդ դրամի դիմաց: Աճը կազմել է 24 տոկոս:
2016թ․ տարեվերջին ակնկալվում է ադամանդի արտադրության կրկնակի աճ (100%) 2015թ․ համեմատությամբ։
Մամլո հաղորդագրություն