Հայաստանի զարգացման հիմնադրամի և «Air Arabia» ավիաընկերության աջակցությամբ եռօրյա ճանաչողական այցով Հայաստանում էին Արաբական Միացյալ Էմիրությունների ֆիլիպինյան համայնքի ներկայացուցիչները։ Այցի ընթացքում հյուրերը եղել են Երևանի տեսարժան վայրերում, այցելել Գառնի, Գեղարդ, Հաղարծին, Սևանա լիճ և Ծաղկաձոր։ Այցի նպատակն էր ծանոթանալ Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին, մասնավորապես, ձմեռային տուրիզմի առաջարկներին։ Հյուրերը Հայաստանից հեռացել են՝ տպավորված Հայաստանի ջերմ արևից, մաքուր օդից, քաղցրահամ ջրից ու հատկապես ծաղկաձորյան ձնից։
Հայաստան այցելած խմբում էին Ալ-Աին քաղաքի քրիստոնեական եկեղեցու հոգևոր հովիվը, «The Filipino Times» կայքի խմբագիրը, ԱՄԷ ֆիլիպինյան համայնքի առաջին ու ամենամեծ թերթի՝ «Kabayan Weekly»-ի գործադիր տնօրենը, ռադիոյի, զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչներ, լուսանկարիչ, արաբական հյուրանոցի, ավիաընկերության և ամսագրի վաճառքի ղեկավարներ։
2017 թվականի առաջին կիսամյակում նախատեսվում է նաև արաբական մեդիայի լրագրողների և բլոգերների այց Հայաստան։ Իսկ գարնանը Հայաստանում կհյուրընկալվեն զբոսաշրջության, խոհարարության, նորաձևության և ակտիվ հանգստին անդրադարձող բլոգերներ, որոնք սոցիալական ցանցերում ունեն ընդհուպ կես միլիոնից ավելի հետևորդներ։
«Նաև արաբական ավիաընկերությունների՝ Հայաստանում գործունեության շնորհիվ մեր երկիրը նախընտրելի ուղղություն է դարձել ԱՄԷ բնակիչների համար: Նրանք գալիս են ոչ միայն երկարատև արձակուրդ անցկացնելու, այլև կարճաժամկետ այցերով»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը։
Կարդացեք նաև
2010 թվականի տվյալով, Արաբական Միացյալ Էմիրությունների բնակչությունը կազմել է 8.2 միլիոն մարդ, որի շուրջ 10 տոկոսը ֆիլիպինցիներն են։
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն