Օրերս ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարեց, որ առաջիկայում հայաստանյան դպրոցներում ռուսերենը կստանա ավելի բարձր կարգավիճակ, և բացի զուտ ռուսաց լեզու առարկայից, մի շարք այլ առարկաներ նույնպես այդ լեզվով կդասավանդվեն, ինչպես, օրինակ, ռուս գրականություն, Ռուսաստանի աշխարհագրություն:
Պետական այլ պաշտոնյաների մակարդակով ևս վերջերս հայտարարություններ են հնչում ռուսերենը պետական լեզու դարձնելու կամ ռուսերենին մյուս օտար լեզուների նկատմամբ արտոնություններ տալու վերաբերյալ: Այս հայտարարություններն արվում են այն պայմաններում, երբ անգամ մայրենի լեզվով արդյունավետ կրթության մատուցման համար ներկայումս մի շարք խոչընդոտներ կան:
«Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միության կողմից բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների շրջանում` ուսումնական հաստատություններում առկա ուսանողական խնդիրները բացահայտելու նպատակով անցկացված «Ուսանողական հարցում 2016» ծրագրի շրջանակներում պարզ դարձավ, որ հայոց լեզվով մասնագիտական գրականության սակավության խնդիրն ամենաշատն է հուզում ուսանողներին (ավելի, քան 70%): Հետևաբար, տուժում է կրթության որակը, իսկ այս պայմաններում որևէ օտար լեզվին արտոնություն տալն ավելի առաջնային դեր է ստանում, քան մայրենի` պետական լեզվով որակյալ կրթություն ապահովելը:
«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ «Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միությունը խստիվ դատապարտում է ռուսաց լեզվին արտոնյալ կարգավիճակ տալու ԿԳ նախարարի և մյուս պաշտոնյաների հայտարարությունները և գտնում, որ կրթության ու գիտության ոլորտում առաջընթաց ապահովելու համար առաջին հերթին անհրաժեշտ է հայեցակարգեր մշակել ոչ թե ռուսաց լեզվի, այլ հայերենով մասնագիտական գրականության զարգացման համար: Մինչդեռ, ռուսերենին արտոնություն տալը նշանակում է հետընթաց այդ ոլորտում:
Կարդացեք նաև
Կազմակերպության «ԱՈւՖ» ՈւՄ դիրքորոշմամբ` օտար լեզուների ուսուցումը պետք է խրախուսվի, քանի որ դրանք միջոց են միջազգային հարթակում հաղորդակցվելու համար: Անհրաժեշտ է հայեցակարգ մշակել ոչ թե ռուսաց լեզվի, այլ՝ օտար լեզուների զարգացման համար: Բոլոր օտար լեզուներին պետք է տրվի զարգացման հավասար հնարավորություն, սակայն ոչ արտոնություն: Այս պարագայում ռուսերենին արտոնություն տալով՝ հերթական անգամ Ռուսաստանին ինքնիշխանության զիջման փորձ է արվում:
Ինքնիշխանության պահպանման և հետխորհրդային ակունքների հետ որևէ աղերս չունեցող անկախության սերնդի կրթության որակն ապահովելու համար արտոնյալ լեզու կարող է և պետք է լինի բացառապես հայերենը:
«Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միություն