Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են ձկնաբուծության ոլորտի զարգացմանն  ուղղված խնդիրները

Նոյեմբեր 25,2016 15:20

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հանդիպել է «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության  անդամների հետ՝ ոլորտի խնդիրները և զարգացման ուղիները քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էր նաև  հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Բունիաթյանը:

Հանդիպման սկզբում նախարարը ձիաբույժներին կոչ է արել բաց և արդյունավետ երկխոսության` ներկայացնելու իրենց տեսակետը մեր երկրում ձկնաբուծության ոլորտում առկա խնդիրների ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ, ոլորտի առավել արագընթաց և նպատակային զարգացումն ապահովելու նպատակով:

«Մենք գյուղատնտեսության ոլորտի բոլոր ճյուղերի ներկայացուցիչների հետ հանդիպումների շարք ենք նախաձեռնել` դեմ առ դեմ քննարկելու բոլոր ցավոտ խնդիրները, որոնք կուտակվել են այս տարիների ընթացքում և երկուստեք աշխատանքի միջոցով գտնելու դրանց առավել իրատեսական և արդյունավետ լուծման տարբերակները»,-իր խոսքում նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է ձկնաբուծությունն առանց երկրի էկոլոգիային վնաս հասցնելու և ջրային պաշարների առավելագույնս խնայողաբար օգտագործելու  միջոցով զարգացնելու հնարավորությունները` անդրադառնալով ջրօգտագործման փակ ցիկլով համակարգերի կիրառման հարցին: Ձկնաբույծների խոսքով` այս համակարգի կիրառումը ոչ միայն ծախսատար է, այլև բացասաբար կանդրադառնա արտադրած ձկնամթերքի որակական հատկանիշների վրա, ինչը կհանգեցնի սպառման ծավալների էական կրճատման, քանի որ արտաքին շուկայում հայկական ձկնամթերքն իր մրցունակությունը կարողանում է պահպանել հենց բրենդի և որակի շնորհիվ: Փոխարենը նրանք առաջարկել են առավել բալանսավորված օգտագործել ընդերքի ջրային պաշարները` ընդգծելով, որ ճիշտ բաշխման դեպքում ինքնավերականգնվող ջրային պաշարները բավարար են ձկնաբուծության առկա ծավալները նույնիսկ կրկնապատկելու համար: Հանդիպման մասնակիցները մասնավորապես շեշտել են ցածրադիր վայրերում գործունեություն ծավալող տնտեսավարողների նկատմամբ վերահսկողություն սահմանելու անհրաժեշտությունը, և որպես լուծման առավել արդյունավետ տարբերակ` առաջարկել ջուրը տրամադրել  քվոտավորված` ըստ արտադրության ծավալների:

«Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Բունիաթյանի խոսքով` 1լ/վ  ջրով տարեկան կտրվածքով կարելի է արտադրել 700 կգ ձուկ:

Նախարարը նշել է, որ առաջարկը քննարկման կներկայացվի շահագրգիռ գերատեսչություններին, և արդյունքների մասին նախարարությունը տեղյակ կպահի ներկաներին:

Բարձրացվել են նաև ջրի վարձավճարներին, ձկնկիթի մաքսազերծմանը,  արտահանման խթանմանը, ոլորտում մրցակցության և հավասար խաղի կանոնների պահպանմանը, ներմուծվող ձկան կերի հարկմանն առնչվող և այլ հարցեր:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930