Այսօր «Միասնություն» համազգային շարժումը քննարկում էր կազմակերպել Արցախյան հիմնախնդրի մասին:
«Մոդուս Վիվենդիի» ղեկավար Արա Պապյանն ասաց, որ 94-ից ի վեր բանակցային հիմքում եղել է մեկ սկզբունք ՝տարածքներ կարգավիճակի դիմաց, վերջերս սկսել է քննարկվել տարածքներ խաղաղության դիմաց սկզբունքը: Այս սկզբունքով խնդիրը չի լուծվի: Նպատակը, ըստ էության Ղարաբաղի անկախացումն է: Ինքնորոշում երբ ասում ես, նշանակում է, որ ինքնորոշում կարող է լինել միայն ԼՂԻՄ-ի տարածքում:
Արա Պապյանի խոսքերով խնդիրը հետեւյալն է՝ «Կամ մենք ենք ջախջախում Ադրբեջանին, կամ ինքը մեզ: Մենք չենք կարող Ադրբեջանին ջախջախել վերջնականապես, ինքն էլ մեզ չի կարող: Միակ տարբերակը Ադրբեջանի թուլացումն է: Թուլացումը հնարավոր է միայն Ադրբեջանին կրոնական եւ էթնիկ հարցերով»:
Ըստ նրա, զուտ ռազմական լուծում սա չի ունենա: Սովետական միությունն էլ չջախջախվեց ռազմականապես, բայց այն տրոհվեց խելոք՝ ըստ ազգային, էթնիկ ձեւերի: Դա այն գծերն են, այն ճաքերն են, որի շուրջ պետությունը տրոհվում է: Ի տարբերություն Ադրբեջանի, մենք նման խնդիրներ չունենք ՀՀ-ում, չունենք գրեթե թշնամական էթնիկ խմբեր ՀՀ-ում, մեզ մոտ 90 տոկոսը հայեր են, մնացածն էլ մեզնից էլ շատ հայրենասիրական մոտեցումներ ունեն:
Կարդացեք նաև
Արա Պապյանն ասաց, որ մեր բոլոր ցուցանիշները անկում են ապրում, այդպես էլ կշարունակվեն: Ամենավատը ժողովրդագրության վիճակն է, ավելի է խորանալու այս խնդիրը եւ մի քիչ իրատեսական չի, որ ռազմականապես Հայաստանը կուժեղանա, կհզորանա: Միակ լուծումն է աշխատել Ադրբեջանի ներքին թուլացման վրա, հատկապես, որ նավթի գնի անկումը հնարավորություն չի տալիս փողով շատ հարցեր լուծել:
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն ասաց, որ առավոտյան ՀՀ նախագահը կարող է արթնանալ եւ ասել, որ մենք դուրս ենք գալիս բանակցություններից. «Ոչ մեկը ՀՀ-ի ականջից չի կանչելու քաշի»: Նա զարմացած էր, թե Կիսիլյովի հարցազրույցն ինչպես ընդունեց հայ հասարակությունը, երբ «Սերժ Սարգսյանն ասում է, որ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, տարածքներ հանձնել, մի տեսակ էլ նեղացվածություն կա, որ չընդունեցին տարածքները»:
Հայկ Մարտիրոսյանն ասաց, որ հատկապես վերջին հարցազրույցից հետո անհուսության զգացում ունի, որ ապրիլյան պատերազմից հետո դեռեւս խոսք է գնում տարածքները հանձնելու մասին. «Մեկ գրամ գիտակցություն չկա, որ տարածքներ հանձնել՝ նշանակում է Երեւան հանձնել: Սա գոյության խնդիր է: Թուրքական տարրը ուզում է ընդլայնվել, ոչնչացնել իրենց հակառակորդ տարրերը: Եթե մենք պետական մակարդակով չունենք գիտակցություն, բավականաչափ խորը գիտելիքներ, ի՞նչ պետք է անենք»:
Արա Պապյանի խոսքերով՝ մեր իշխանությունները բազմիցս ցույց են տվել, որ եթե պետք է դիմանալ արտաքին ճնշումներին, շատ լավ էլ դիմանում են: 4 տարի ԵՄ-ի հետ բանակցեցինք, մերոնց պետք էր՝ ճնշումների չենթարկվեցինք: Մեր իշխանություններն ինչ ուզում են, անում են: Արտաքին ճնշումը միֆ է, երբ պետք է՝ արդարացում է դա իրենց գործողությունների կամ անգործության համար. «Եթե մեր իշխանությունները կոնկրետ քայլեր անեն, մի քիչ աղմուկ կլինի, մի քիչ կնեղանան, բայց քանի դեռ բանակցված չէ ամբողջը, բանակցված չէ ոչինչ: Կարող ենք ասել, որ հիմա չենք բանակցում, եկել ենք փակուղային վիճակի»: Նա հիշեցրեց, որ մի փոքր այդ մասին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ակնարկ արեց, որ բանակցային սկզբունքները պետք է փոխվեն, բայց շարունակություն չեղավ դրան:
Արա Պապյանն ասաց, որ Ադրբեջանի այս սերունդը եւ պետությունը շատ ավելի հայատյաց է, քան 90-ականներին, Հեյդար Ալիեւը շատ ավելի սթափ էր, քան Իլհամը, դա ակնհայտ է:
Ըստ Պապյանի, ապրիլյան պատերազմի բուն նպատակներից մեկն էր ցույց տալ, որ ինքը միանշանակ գնում է ռազմական լուծման: Ինչ պետք է արվի այս իրավիճակում՝ ազատ, արդար ընտրություններ: Ժողովուրդը պետք է ձեւավորի իր իշխանությունը. «Եթե Հայաստանը մյուս տարվանից էլ սկսի շատ լավ կառավարվել, էլի մի տասնամյակի հարց է, որ խելքի գա էս պետությունը, այդքան հեշտ չի… Ծնելիության ցուցանիշը մեզ մոտ 1.4 է, ավելի վատ վիճակ է, քան ցեղասպանությունից հետո: Մեր արտահանման լավագույն ապրանքը այսօր մնում է ՀՀ քաղաքացին, մենք արտահանում ենք մեր քաղաքացիներին դուրս եւ դրա դիմաց փող ենք ստանում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ