Այսօր «Միասնություն» համազգային շարժումը քննարկում էր կազմակերպել Արցախյան հիմնախնդրի մասին: Շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանն ասաց, որ այս տարի Արցախի համար հեռուստամարաթոնին 5 մլն դոլարից ավելի գումար է հավաքվել, բայց հանգանակությունը չպետք է լինի միայն դրամային, պետք է լինի աջակցությունը նաեւ քաղաքական:
Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի խոսքերով՝ «Ինչու մենք համառորեն մադրիդյան կոչված սկզբունքից դուրս չենք գալիս: Եթե ՀՀ-ն հարցը կարողանա տեղափոխել ՄԱԿ-ի հայտնի բանաձեւի տակ՝ Գաղութացված ժողովուրդներին եւ պետություններին անկախություն տրամադրելու մասին փաստաթղթի շրջանակներ, ամեն ինչ իր տեղը կընկնի»:
Ըստ Շիրինյանի, մարզի կարգավիճակով ԼՂՀ-ն կարելի է միացնել Հայաստանին, բայց միջազգային իրավունքի հարց կա. «Ֆեդերալ պետություն կարող ենք ստեղծել՝ պայմանագրով իրար են միանում: Այսպես կարող ենք ավելի հեշտ տեղավորվել միջազգային իրավունքի մեջ»: Հարցին՝ այդ դեպքում Խորհրդային Հայաստանի իրավահաջորդությունից չպե՞տք է հրաժարվենք՝ Լեւոն Շիրինյանը պատասխանեց, որ ոչ:
Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը նույնպես գտնում է, որ ԼՂՀ-ն պետք է միացնել. «Մադրիդյան սկզբունքներից եւ Կազանի փաստաթղթից պետք է կատեգորիկ հրաժարվել: Երբ պատերազմ ես սկսում, նշանակում է, որ բանակցությունների տեղ չկա: Հայաստանը պահը բաց թողեց»: Նա ընդգծեց, որ Արցախ ասելով՝ այսօր հասկանում ենք ԼՂԻՄ-ը, բայց Արցախը նաեւ մինչեւ Քուռ Արաքս հատվածներն են, Դաշտային Արցախը: Ադրբեջանի խնդիրը հիմա արդեն ԼՂԻՄ-ը վերցնելը չէ, իրենց խնդիրը հիմա արդեն Երեւանը վերցնելն է. «Արցախի անկախությունը ավելորդ է, բյուջետային մեծ ծախսեր են, պետք է միացնել: Մենք Ադրբեջանին ինչ էլ զիջենք, ինչ էլ տանք՝ ավելին են ուզելու, պետք է կոշտ դիրքորոշում ունենանք»:
Կարդացեք նաև
Ռազմավարական հետազոտությունների Արարատ կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արմեն Այվազյանն էլ ասաց, որ հասկանալի է, որ այսօր Արցախը Հայաստանի մաս է ռազմաքաղաքական: Միացումն արդեն կայացել է. «Պետք է հասկանանք՝ եթե միջազգային համայնքը, գերտերությունները ցանկություն չունենան ճանաչելու Արցախի անկախությունը կամ ՀՀ-ի հետ միացումը այս կամ այն կերպ, այդ իրավաքաղաքական ակտը չի կայանա, որովհետեւ աշխարհի կողմից է ճանաչումը լինում, ոչ թե մեր կողմից: Չճանաչեց՝ սա վերջը չէ: Մենք ասում ենք, որ Արցախը ՀՀ-ի մասն է ռազմաքաղաքական, պետք է ձգել այս իրավիճակը հնարավորինս երկար՝ տարիներով, տասնամյակներով: Հաղթելու է այս հակամարտության մեջ այն կողմը, որը կլինի ավելի ուժեղ, որն իր պետականաշինության գործում ավելի առաջ կանցնի, կունենա ուժեղ բանակ, մարդաշատ պետություն, ծաղկող տնտեսություն: Այստեղ է, որ մենք առայժմ ճիշտ ուղով չենք ընթանում, արտագաղթը շարունակվում է, տնտեսությունը նշան չի ցույց տալիս վերականգնվելու, սոցիալական բեւեռացումը, արդարադատության ծայրահեղ վատ վիճակը, ահա այստեղ է Արցախի իրական հարցի լուծումը: Սա երկարատեւ հակամարտություն է, չի լուծվելու առաջիկա տարիներին: Եթե ինչ-որ համաձայնության գան, որը լինի 1-2 շրջան հանձնելու տարբերակ, դա լուծում չի լինելու, որովհետեւ դրանից 1 կամ 10 տարի հետո պատերազմը վերսկսելու է: Հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի, որ սա գուցեեւ առաջիկա հարյուրամյակի խնդիրն է, մինչեւ թշնամին չջախջախվի: Իսկ թշնամին պետք է ջախջախվի ամենայն հավանականությամբ ռազմաքաղաքական դաշտում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ