Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուսինը երեխային հստակ նկարագրել է, թե ինչպես է իր մորը սպանելու եւ հենց նույն սցենարով սպանել է». Լիդա Մինասյան

Նոյեմբեր 25,2016 14:36

Այսօր Կանանց հանդեպ բռնությունների վերացման միջազգային օրն է: Այս թեմայով «Մեդիա կենտրոնում» քննարկում էր կազմակերպվել:

Կանանց աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Հասմիկ Գեւորգյանն ասաց, որ կանանց խնդիրներով զբաղվում են հիմնականում ՀԿ-ները, որեւէ պետական ծառայությունից աջակցություն չեն ստանում կանայք: Սոցիալական աջակցության մասին օրենքն ընդհանրապես չի գործում: ՀՀ-ն պարտավորվել է ընդունել Ընտանեկան բռնության մասին օրենքը, այն այժմ մշակման փուլում է գտնվում:

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ գործադիր տնօրեն Լիդա Մինասյանն ասաց, որ կանանց թիրախ են դարձնում, նույնիսկ մահացած կնոջը, ով տարիներ շարունակ բռնության է ենթարկվել, միտում կա նրան անբարոյական համարելու, պատճառ գտնելու, թե ինչու ամուսինը հիմք ուներ բռնության ենթարկելու այդ կնոջը: Դատարաններում փորձում են բռնարարի համար հասնել նվազագույն պատժի: Դատախազի, դատավորի կողմից ընդհուպ մինչեւ հագուկապի մասին հարցեր են հնչեցնում, իբրեւ եթե կնոջ բարոյականությունը կարելի է հարցականի տակ դնել, ապա նրան հանգիստ կարելի է սպանել եւ դա կարող է արդարացում լինել:

Կանանց աջակցման կենտրոնից Հասմիկ Գեւորգյանի խոսքերով՝ կանայք իրենց դիմում են ծայրահեղ բռնությունների դեպքում, երբ ընտանիքի վերամիավորման հարցն այլեւս դժվար է քննարկել. «Մենք ընտանիք քանդելու նպատակ չունենք»: Բայց երբ բռնություն կա, ըստ նրա, արդեն վերամիավորել չես կարող, այդ ընտանիքն արդեն քանդված է:

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնից Սիրանուշ Դավթյանն ասաց, որ կինը դիմում է ծայրահեղ դեպքում՝ ծեծված, կոտրվածքներով, հաճախ կնոջը հիվանդանոցից են բերում ՀԿ:

Նա ասաց, որ սեռական բռնության դեպքերը, ցավոք միայն տանը չեն լինում. «Ոստիկանության տվյալներով՝ 2015-ին 100 դեպք ենք ունեցել սեռական բռնության: Ունենք կանայք, ովքեր սեռական բռնության են ենթարկվում ուսումնական հաստատություններում, աշխատավայրում, անչափահասների դեպքեր ունենք, ցավոք»:

Բանախոսներն ասացին, որ կանանց բռնության շատ արտառոց եւ ցավալի դեպքեր են լինում. «Լինում են դեպքեր, երբ ծայրահեղ ծանր վիճակում կնոջը հիվանդանոցից վերցնում ենք եւ տանում ենք ապաստարան»:

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ գործադիր տնօրեն Լիդա Մինասյանն ասաց, որ «Ունեցել ենք դեպքեր, երբ 20-30 դանակի հարվածներ է կինը ստացել, մահվան ելքով եւ ոչ մահվան ելքով դեպքեր են եղել: Եղել է դեպք, երբ ամուսինը իրենց երեխային շատ հստակ նկարագրել է, թե ինչպես է իր մորը սպանելու եւ հենց նույն սցենարով սպանել է: Խեղդել են, դանակահարել, ծաղկամանով գլխին հարվածել, քաշ տվել ամբողջ տնով մեկ, հետո դանակահարել: Կացնահարության դեպքեր են եղել: Եղել է դեպք, երբ ամուսինը մի քանի օր շարունակ աթոռին կապկպած պահել է, սնունդ չի տվել, ոստիկանները եկել են, տեսել են՝ կնոջ ամբողջ դեմքը այլանդակված»:

Բանախոսներն ասացին, որ կանայք պետք է իրազեկ լինեն եւ բարձրաձայնեն խնդրի մասին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930