«Ռուսերենի տարածման համար օբյեկտիվ պատճառներ կան՝ ՌԴ-ի հետ սերտ կապեր, պաշտոնական հարաբերություններ, ԵՏՄ-ն էլ իրողություն է: Բնականաբար, ռուսերենի իմացության պահանջարկը ՀՀ-ում բարձր է լինելու»,-ռուսերենը ՀՀ-ում երկրորդ պետական լեզու հռչակելու մտադրության մասին հայտարարությունն այսպես է մեկնաբանում Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
«Հենարան» մամուլի ակումբում այսօր նա հիշեցրեց, որ 1988թ, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, պաշտոնական Մոսկվան հրահանգեց՝ համակրանքով կմոտենանք շարժմանը, եթե հայերենն այլեւս չլինի ՀՀ պետական լեզու: «Հիմա գրեթե նույն վիճակում ենք: Ելնելով առհասարակ անվտանգության խնդիրներից՝ նաեւ իշխող էլիտայի անվտանգությունն ապահովելու փոխարեն Մոսկվան առաջարկում է հատուկ կարգավիճակ տալ ռուսերենին: Կարծում եմ՝ դա տեղի չի ունենա, դիմադրությունն ուժեղ է: Իշխանական շրջանակներում եւս քողարկված դիմադրություն կա, որովհետեւ իշխող էլիտայի զգալի հատվածը ռուսերենի չի տիրապետում»,-նկատեց նա:
Ըստ Բորիս Նավասարդյանի՝ ռուսերենը ՀՀ երկրորդ պետական լեզու ճանաչելու խնդիրը միայն լեզվով չէ պայմանավորված. «Հարցը ՀՀ ինքիշխանության հանդեպ ոտնձգությունների համատեքստում պետք է դիտարկել»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ