Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորներն ավելի քիչ կխոսեն

Նոյեմբեր 25,2016 13:38

Նոյեմբերի 28-ին խորհրդարանի արտահերթ նիստ կհրավիրվի: Օրակարգում երեք հարց է լինելու`ՄԻՊ-ի մասին, կուսակցությունների մասին եւ ԱԺ կանոնակարգ-օրենքի նախագիծը: Այդ մասին, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր հայտարարեց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: Իսկ հանձնաժողովում քննարկվում էր ԱԺ կանոնակարգ-օրենքի նախագիծը, որը 2 ձեռնպահ`Գագիկ Ջհանգիրյան, Էդմոն Մարուքյան եւ 6 կողմ ձայների հարաբերակցությամբ ներառվեց օրակարգ: Տիգրան Ուրիխանյանը չքվեարկեց: Նույն պատկերով հավանության արժանացավ նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքի մասին օրենքի նախագիծը:

Լիագումար նիստում Տիգրան Ուրիխանյանը «կողմ» կքվեարկի նախագծերին, եթե իր առաջարկներն ընդունվեն: Դրանցից մեկը վերաբերում է պատգամավորի`քաղաքացիների ընդունելությունը ոչ թե իրավունք, այլ պարտականություն սահմանելուն:

Նոր կանոնակարգով հստակեցվում է պատգամավորի`խմբակցությունից դուրս գալու կարգը: Եթե ինչ-ինչ տարաձայնություններ են առաջացել, պատգամավորը կարող է դիմում գրել եւ լքել տվյալ խմբակցությունն`առանց իր հետագա աշխատանքի սահմանափակումների: Այժմ, եթե պատգամավորը դուրս է գալիս խմբակցությունից, պետք է վայր դնի նաեւ մանդատը: Բացի այդ, խմբակցությունն իրավունք ունի սահմանափակել պատգամավորի մասնակցությունը խորհրդարանական աշխատանքին`տարբեր հանձնաժողովներից, ետ կանչել եւ այլն: Դա կիրառվում է, երբ տարաձայնություններ կան, բայց պատգամավորը մանդատից չզրկվելու համար մնում է խմբակցությունում: «Մեր այսօրվա պատկերը տեսնում եք`մի խմբակցության մեջ յոթ դիրքորոշում հայտնող պատգամավոր կա: Դրա համար դաշտը պիտի հստակեցնենք: Պատերի տակ խոսելու գործընթացը վերացնում ենք»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

Մանդատից զրկվելու հարցը Հովհաննես Սահակյանն այսպես է բացատրում`պատգամավորին ընտրում է ժողովուրդը, ուստի ինչ-ինչ տարաձայնությունների պատճառով մանդատից զրկելը` նսեմացնում է պատգամավորի կարգավիճակը:

Խորհրդարանի նիստերի գումարման կարգն այսուհետ կորոշի խորհուրդը, որի անդամներն են`ԱԺ նախագահ, տեղակալներ, մշտական հանձնաժողովի նախագահներ եւ խմբակցությունների լիազոր-ներկայացուցիչներ: Երկուշաբթի օրը, խորհրդի նիստում կձեւավորվի նիստերի օրակարգն ու ընթացակարգը, ժամկետները: Նիստերը կսկսվեն երեքշաբթի`առավոտյան 10.00-18.00-ն: Նիստերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ օրակարգը սպառված չէ: Կրճատվել է պատգամավորների ելույթների ժամկետը:

Նորամուծություն է քննիչ հանձնաժողովի գոյությունը, որի նիստերը կարող են գումարվել 1\4-ով: Ըստ այդմ, հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակում պատգամավորներին հնարավորություն է տրվում ԱԺ-ի լիազորությունների ներքո հարցերի քննարկման համար խորհրդարան հրավիրել պաշտոնատար անձանց, ստանալ բացատրություններ: «Սա կարեւոր գործիք է ընդդիմության ձեռքին: Սա դատավարական մարմին չէ: Դատախազական, նախաքննական մարմինների հետ այն չպետք է խառնենք: Միգուցե «քննիչ հանձնաժողով» տերմինը շփոթություն է առաջացնում մեր գործընկերների մոտ»: Կանոնակարգում խոսք կա նաեւ խորհրդարանական վերահսկողության մասին: Հովհաննես Սահակյանն ասում է, որ դա այսօր էլ կա`բյուջեի կատարման եւ այլ դրույթներով: Այժմ փոքր-ինչ ընդլայնվում է: Մեծացվում են հանձնաժողովների լիազորությունները եւ այլն:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930