Լրահոս
Օրվա լրահոսը

«Թույն խմի՝ մեռի». Ոստիկանը՝ ամուսնու կողմից բռնության ենթարկված կնոջը ելք է առաջարկել

Նոյեմբեր 25,2016 13:31

Այսօր Կանանց հանդեպ բռնությունների վերացման միջազգային օրն է: Այս թեմայով «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Մարինե Եղիազարյանն ասաց, որ իրենք 2016-ի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը հատվածում ստացել են թեժ գծով 1574 զանգ, մոտ  1200-ը ընտանեկան բռնության զանգեր են եղել, 490-ը եղել են առաջնային զանգեր, երբ կինն առաջին անգամ է բարձրաձայնել իր խնդրի մասին: 224-ը եղել են հոգեբանական բնույթի զանգեր, 259 դեպք եղել է ֆիզիկական բռնության, 7-ը սեռական բռնության զանգեր: Մարինե Եղիազարյանի խոսքերով՝ ֆիզիկական բռնությունը ՀՀ-ում աճ է ապրել՝ համեմատած նախորդ տարիներին: 2010-2015-ի ընթացքում ընտանեկան բռնության զոհ է դարձել 35 կին:

Մեր հարցին՝ շա՞տ են ֆիզիկական բռնության ենթարկվել, թե իրավագիտակցությունն է մեծացել եւ կանայք ավելի շատ են դիմում՝ Մարինե Եղիազարյանը պատասխանեց, որ հիմա իսկապես իրավագիտակցությունը մեծացել է, առաջին ապտակից ավելի շատ կանայք են ընդդիմանում եւ թույլ չեն տալիս, որ երկրորդ ապտակը հասնի. «Կինը փորձում է իրեն ավելի շատ պաշտպանել»:

5

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ գործադիր տնօրեն Լիդա Մինասյանն ասաց, որ 7 սպանության դեպք է գրանցվել միայն այս տարի: Դրա մեջ են մտնում նաեւ նախկին ամուսնու, փեսայի կողմից սպանությունները. «Երեկ իմացանք եւս մեկ դեպք կնոջ սպանության: Սրանք արդյունք են հասարակության անտարբերության եւ այն ինստիտուտների անտարբերության, որոնք պատշաճ չեն գործում: Մասնավորապես, խոսքը ոստիկանության մասին է»: Նա ասաց, որ այս կանայք, երբ բազմիցս ենթարկվել են բռնության, խոշտանգումների, դիմել են ոստիկանություն, ոստիկանությունը կամ ասել է՝ խնդիրը ինքներդ լուծեք, կամ ամոթանք է տվել, որն ավելի վատ է. «Մեր պետությունն իր պարտականությունը չի կատարում՝ կանանց պաշտպանելու ընտանեկան բռնություններից»:

Մարինե Եղիազարյանն էլ ասաց. «Երբ կինը տանը տարիներ շարունակ բռնության է ենթարկվում՝ մենթալիտետից, հասարակական կարծիքից ելնելով ոչ մի քայլ չի ձեռնարկում, երբ որոշում է գնալ ոստիկանություն, ոստիկանությունը պարտավոր է ելք, գործիք տալու: Ունենք դեպք, երբ ոստիկանը կնոջը ասել է՝ թույն խմի, մեռի»: Ըստ նրա, պետք չի կնոջը զրկել ելքից:

Մարինե Եղիազարյանը պատմեց, որ ոստիկանների ներկայությամբ ամուսինը հարձակվել է կնոջ վրա, ոտքերով հարվածել. «Նման դեպքերն անթույլատրելի են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930