Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրքական լոլիկը անհավասար մրցակցություն է ստեղծում ու խփում հայկական լոլիկի գործին

Նոյեմբեր 25,2016 13:06

Արդեն քանի օր է՝ շուկան լցված է թուրքական լոլիկով: Թուրքական լոլիկը, մասնավորապես՝ մեծածախ վաճառվում է Մալաթիայի եւ Հովտաշատի գյուղատնտեսական շուկաներում, այնտեղից էլ հայտնվում խանութներում: Այսօր «Ելակետ» ակումբում այսպիսի մտահոգություն հայտնեցին ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ֆերմերները, որոնց արտադրանքը թուրքական լոլիկի պատճառով շուկայում դարձել է ոչ մրցունակ: Մինչդեռ, ինչպես ենթադրում են ֆերմերները, եթե թուրքական լոլիկը օրինական ճանապարհով Հայաստան մտած լիներ եւ ինչպես օրենքն է պահանջում հարկվեր, այն չէր կարող այդքան մատչելի լիներ:

«Ջերմատնային ասոցիացիա» ՀԿ նախագահ Պողոս Գեւորգյանի խոսքերով՝ «մեկ կիլոգրամ լոլիկը, ըստ օրենքի, պետք է մաքսազերծվի 507 դրամով, սակայն այն վաճառվում է կիլոգրամը 500 դրամով: Հայկական լոլիկը խանութներում վաճառվում է 600 դրամով: Եթե արտադրողները դրանից էժան գին սահմանեն, որպեսզի այն գոնե թուրքականի հետ դառնա մրցունակ, ապա վնասներ կկրեն»:

Ջերմատնային տնտեսության ֆերմեր Գագիկ Բաբախանյանի ներկայացմամբ՝ լոլիկի ինքնարժեքի մեջ 85%-ը միայն գազի ծախսն է կազմում, հետեւաբար լոլիկի գինը շուկայում թուրքականի համեմատությամբ բարձր է ստացվում. «Թուրքիայից բերում են լցնում են եւ սկսվում է անհավասար պայքարը, էլ չենք ասում, որ ռազմավարական եւ անվտանգության խնդիրներ էլ կան, ոչ ոք չգիտի, թե ինչպիսի պայմաններում է այդ լոլիկն աճեցվում: Մեկ ամիս ճանապարհ է անցնում եւ լոլիկի տեսքը տեղն է մնում, ոչինչ չի լինում, չի՞ նշանակում, որ ինչ-ինչ կասկածելի նյութերով են դրանք աճեցվում»:

Պարոն Գեւորգյանն էլ ասաց, որ մեծ ջերմատները, որոնք նորագույն տեխնոլոգիաներով են աշխատում, քիչ թե շատ իրենց գլխի ճարը տեսնում են, կարողանում են արտահանել եւ սպառման շուկաներ գտնել, սակայն փոքր եւ միջին ջերմատները իրացման խնդիր ունեն եւ նրանց սպառումը միայն ներքին շուկայում է, քանի որ այդպիսի ծավալներ չունեն, որպեսզի արտահանեն:

Ըստ Գագիկ Բաբախանյանի, եթե փոքր ջերմատներն էլ կարողանան ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնեն, ապա գոնե ինքնարժեքը կնվազի եւ հայկական լոլիկը այդ պարագայում մրցունակ կլինի, բայց Պողոս Գեւորգյանի վստահեցմամբ՝ կառավարությունը այդ սարքավորումները ներկրելու համար արտոնություններ չի տալիս: Պարոն Գեւորգյանն ասաց, որ դիմել են վարչապետին առաջարկով, որպեսզի փոքր եւ միջին ջերմատների սարքավորումները ներկրելիս մաքսատուրք չվճարվի:

Պարոն Գեւորգյանը եւ ֆերմերները պնդում են, որ թուրքական լոլիկը անօրինական ճանապարհով է Հայաստան ներկրվում եւ վերահսկողություն իրականացնող մարմինները այդ մասին տեղյակ չեն:

Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից (ՍԱՊԾ) ասացին, որ ՍԱՊԾ տեղեկատվական բազայում գրանցված չէ թուրքական լոլիկի ներկրման դեպք:

Պողոս Գեւորգյանի խոսքերով՝ այս խնդիրը 10 տարուց ավելի է Հայաստանում կա եւ ամեն անգամ աղմուկ բարձրացնելուց հետո թուրքական լոլիկը որոշ ժամանակով հայկական շուկայից անհետանում է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Չգիտեմ այլ քաղաքներում ինչպես,բայց Գորիսում խաղողի շուկայական գինը սեզոնի ընթացքում 300դրամից չի իջել,այն դեպքում,երբ խաղողագործները բողոքում էին մթերումների վիճակից:Հիմա էլ լոլիկը՝եթե դրսից չներմուծվի,գինը կհասնի 1000դրամ,փորձ ունենք,գիտենք:Բոլորը հարց են բարձրացնում արտադրողների ցավերից,իսկ սպառողների համար?:ՀՀ-ում բոլոր բիզնեսները եթե 1:1 շահույթ չի ապահովում,դրանով չեն զբաղվում:Հիմա լոլիկի արտադրությունում նույնպես մեկին-մեկ սկզբունքը գործում է,իսկ ներկրվածը ,,խփում է,,նրանց ծրագրերին:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930