Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հանրությունը պետք է վստահ լինի, որ Կարեն Կարապետյանը չպետք է կաշկանդված լինի կուսակցական կաղապարներով. «Իրատես»

Նոյեմբեր 25,2016 12:11

Թե՛ Վիգեն Սարգսյանի, թե՛ Կարեն Կարապետյանի ամենագլխավոր խնդիրն իրենց «կուսակցականացվելու» շարժառիթները հանրությանը հնարավորինս մատչելի ձևակերպումներով բացատրելն է։ Պարզ է, որ այսօր հանրապետական կուսակցության հետ ասոցացվելը իմիջային տեսակետից թերևս միայն վնաս է բերում։ Վիգեն Սարգսյանի դեպքում այդ բացատրությունը տրվել է. նա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում նշել է, թե նոր սահմանադրության պարագայում ապաքաղաքական ղեկավար չի կարող լինել։ Ինչ խոսք, այդ բացատրությունն այնքան էլ համոզիչ չէ և ավելի շուտ զուտ ֆորմալ բնույթի ստանդարտ բանաձև է։

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, որի գործելաոճը, ըստ «Գելափ ինտերնեյշնլի» հարցման վերջին արդյունքների, դրական է գնահատել հարցվածների ռեկորդային՝ 85,1 տոկոսը, ապա նա շատ ավելի լուրջ հիմնավորումներ պետք է բերի նման ռիսկային դաշտ մտնելու համար։ Վարչապետի համար շատ կարևոր է, որ նրան դեռևս միայն որպես վարչապետ ընկալող հանրությունը տեսնի, որ կուսակցական առաջնորդներից մեկը դարձած Կարեն Կարապետյանը նույն կեցվածքը, գաղափարներն ու մոտեցումներն է ցուցաբերելու, ինչ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Հանրությունը պետք է վստահ լինի, որ Կարեն Կարապետյանը չպետք է կաշկանդված լինի կուսակցական կաղապարներով ու ժամանակակից մենեջեր-առաջնորդից չի վերածվի հայաստանյան չափանիշներին համապատասխան ստանդարտ գորշ կուսակցական ֆունկցիոների։ Դրա համար նա պետք է ունենա երկրի ղեկավարի հետ համաձայնեցված ազատության մեծ աստիճան գնահատականներ տալու, համեմատաբար օբյեկտիվ հանդես գալու հարցում։ Ինչպես վարչապետ դառնալու առաջին օրերին նա արձանագրեց ՀՀ տնտեսության իրավիճակը, նույն օբյեկտիվությամբ պետք է ասի, թե ինչպես է պատկերացնում ժամանակակից ՀՀԿ-ն, և մատնանշի ստեղծված իրավիճակի մեղավորներին։ Նա պետք է մնա իր ոճի մեջ, լինի, ինչպես ինքն է սիրում ասել, հնարավորինս անկեղծ։

Այս կերպ գուցե ինչ-որ չափով արդարացված կլինի հանրապետական կուսակցությանն անդամագրվելը։ Այս դեպքում հնարավոր է, որ հանրությունը ի դեմս նրա տեսնի ոչ միայն բարեփոխիչ վարչապետի, այլև ռեֆորմատոր կուսակցական գործչի։ Եվ շատ կարևոր է, որ այդ թեզերը հնչեցվեն համագումարի ընթացքում նրա ելույթի ժամանակ։

Առաջիկա համագումարը Կարեն Կարապետյանի ամենաբարդ քննությունն է լինելու, քանի որ բավական չէ, որ պետք է փորձի սրբագրել ուրիշների սխալները, մտնում է մի ոլորտ, որտեղ ինքը ուղղակիորեն երբևիցե չի եղել։ Այս դաշտը քաղաքական ինտրիգներով, քաղաքական խմբավորումների շահերով թերևս, ամբողջությամբ նոր ոլորտ է գործող վարչապետի համար։

Եթե գործադիր իշխանությունում նա պատկերացում ունի, թե ինչ պետք է անի, և իր համար հարմարավետ դաշտ է ստեղծել՝ փորձելով բիզնես մտածելակերպը ներդնել նաև կառավարություն, ապա քաղաքական ոլորտում նա փորձ չունի, և ամենակարևորը՝ դժվար թե ցանկություն ունենար նման փորձ ձեռք բերել, սակայն կյանքն է ստիպում։ Թերևս չի բացառվում ու ավելի հավանական է, որ ժամանակին նրան գործադիր իշխանության ղեկին նշանակողները՝ Սերժ Սարգսյանն ու դրսի որոշ հովանավորներ, հաշվարկել էին, որ Կարեն Կարապետյանի վարկանիշը պետք է աշխատի նաև ՀՀԿ-ի համար։

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930