Ամուլսարի հանքի շահագործման շուրջ դժգոհությունները չեն դադարում։ Սևանա լիճը և Հայաստանի քաղցրահամ ջրերը վտանգի տակ են, ասում են բնապահպանները, երկրաբաններն ու անկախ փորձագետները։ Մինչդեռ հանքը շահագործելու նպատակ հետապնդող «Լիդիան Արմենիա» ընկերությունը պնդում է, որ մտահոգությունները տեղ են գտել իրենց ծրագրում և իրենք նվազագույնի են հասցրել ռիսկերը: ՍիվիՆեթն այս խնդիրների վերաբերյալ ռեպորտաժ է պատրաստել, որտեղ իրենց կարծիքներն են ներկայացնում երկրաբան, գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանը, Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը, «Լիդիան Արմենիա» ընկերության ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը և բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․
Երկրաբան Արմեն Սաղաթելյանի կարծիքով՝ կան կառավարելի և անկառավարելի մի շարք ռիսկեր․
Կարդացեք նաև
«Ապարները ահռելի ճաքճքած են։ Սա սուլֆիդային հանքավայր է, այսինքն այնտեղ բոլոր բնական, քիմիական միացությունները պարունակում են մեծ քանակով ծծումբ և երբ գալիս են մակերևութային ջրերը` անձրևի տեսքով կամ արհեստական ջրելով տրաքացնելուց առաջ, այդ բոլոր ջրերը անարգելք ներծծվելու են խորը հորիզոններ։ Այդ ջուրը հավաքելու ոչ մի տեխնոլոգիա չկա. ճաքճքված է` գնալու է միանգամից ցած»։
Սաղաթելյանն ասում է, որ բավական է մի փոքր խախտում, և Հայաստանը կկորցնի ռազմավարական էկոհամակարգ, իսկ սպառնացող վտանգը կառավարելի չէ, քանի որ խոսքը ջրերի մասին է.
«Ոչ մի ոսկու պաշարի համար Սևանը վտանգել չի կարելի։ Մենք պետք է գրանցենք, որ այդ հանքավայրի շահագործումը խախտում է Սևանի մասին օրենքը։ Ի սկզբանե սխալ փորձաքննության պարագայում, որ հենց շահագործումն է արդեն վտանգավոր, երկրորդը այդ մնացած հանքալեռնային գործունեությունը և այլն: Այնտեղ մեքենայություններ են իրականացվել օրենքի հետ, ինչը կասկածելի է, թե ինչու է կառավարությունը գնացել այդպիսի լուրջ քայլի»:
Բնապահպան Լևոն Գալստյանի կարծիքով Ամուլսարի շահագործման դեպքում վտանգվելու են Հայաստանի քաղցրահամ ջրերը: Նրա խոսքով՝ պետությունը հանքը շահագործելու թույլտվություն տալուց առաջ չի կատարել իրական գնահատում։ Այսինքն՝ չկա այլընտրաքային կամ անկախ փորձագիտական ուսումնասիրություն, որ քաղցրահամ ջրերը չեն վտանգվելու.
«Ամուլսարի հանքավայրի շահագործումը վտանգում է Հայաստանի քաղցրահամ ջրերի ռազմավարական պաշարները` Արփա և Որոտան գետեր, ավազաններ, Սպանդարյան և Կեչուտի ջրամբարներ, Որոտան-Արփա-Սևան թունել և տեխնիկական առումով և ջրի որակի փոփոխության առումով, և ի վերջո նաև Սևանա լիճ: Մենք դրել ենք կշեռքի երկու նժարների վրա, մի կողմից Ամուլսարի ոսկու կասկածելի պաշարներից սպասվող կասկածելի եկամուտները, մյուս կողմից մեր ազգային, պետական և էկոլոգիական ռազմավարական քաղցրահամ ջրերի պաշարների անվտանգությունը»։
Լիդիան Արմենիա ընկերության ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը Սիվիլնեթի հետ զրույցում նշում է, որ բնապահպանների և ակտիվիստների մտահոգությունները տեղ են գտել իրենց նախագծի մեջ։ Քաղցրահամ ջրերի վերաբերյալ Լիդիանի պաշտոնյան ասում է՝ կա այնպիսի սարքավորում, որն ամբողջովին վերահսկելու է ջրերը․
«Կոչվում է մակերևութային ջրերի կառավարման համակարգ։ Մեր բոլոր ենթակառուցվածքների հետ կոնտակտի մեջ մտնող ջրերը անկախ նրանից ստորգետնյա են թե մակերևութային՝ նրանք հավաքվում են ուղղորդվում են կոնկրետ մի ավազան, այդ ավազանից ջրերն արդեն օգտագործվում են շահագործման գործընթացում։ Երկու խնդիր է լուծվում և ազդեցությունը և ջրառը պակասեցվում է։ Այսինքն եթե ինչ-որ մի քանակի ջուր պետք է վերցվեր ինչ-որ մի ջրային ավազանից, այդքանով պակասում է ջրառի քանակը, որովհետև կա գործող լավ ջրերի կառավարման համակարգ»:
Իսկ Լևոն Գալստյանը նշում է․ «Ինչքան էլ ուզում ես գրի, սարքավորումներ բեր, մարդ բեր, դու չես կարող 300 հեկտար տարածքում, որտեղ մինչև 1 մետր ձյուն է տեղում, այդ ձյան հալքը կարգավորել, դա ուղղակի անհնար է և ֆանտաստիկայի ժանրից է: Ով որ այդպես բան կասի կամ ինքն է հավատում դրան` իր մեջ նման համոզմունք կա կամ ուզում է ոչ իրազեկ մարդկանց թյուրիմացության մեջ գցել: Դա հնարավոր չէ կառավարել, ցանկացած մարդ կարող է գուգլում կամ այլ ռեսուրսներում փնտրի և տեսնի, թե ինչ է կատարվում նմանատիպ հանքավայրերում, ինչպիսի հոսքեր, թթվային դրենաժի կամ այլ մակերևութային հոսքեր են առաջանում, որոնք ի վերջո բերում են աղտոտման:
․․․Գրելով կամ միջազգային ստանդարտներ մեջբերելով կամ միջազգային տերմիններ ասելով, խնդիրը դրանից չի փոխվում: Այն միջազգային ֆինանսական կազմակերպությունները` Համաշխարհային բանկը և Եվրոպայի զարգացման և վերակառուցման բանկը, որոնք մասնակցել են այս ծրագրի իրականցմանը, պետք է հասկանան, որ իրենք ըստ էության դառնում են Հայաստանի էկոլոգիական անվտանգությանը սպառնացող ծրագրի մասնակից»:
Հ․ Գ․ Լիդիան Արմենիան անվտանգության նկատառումներով ՍիվիլՆեթին հնարավորություն չի տվել նկարահանելու հանքավայրի տարածքը, փոխարենը տրամադրել է տեսանյութում օգտագործված կադրերը:
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն