Հայաստանում հաստատվող սիրիահայերի համար ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը շարունակում է իրականացնել պարենային, դեղորայքային օգնության, կացարանով եւ աշխատատեղերով ապահովման, հասարակական ինտեգրման ծրագրեր: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ որոշ դեպքերում անհրաժեշտություն է լինում սիրիահայերի համար նաեւ լեզվական դասընթացներ կազմակերպել:
Ըստ ՄԱԿ-ի պաշտոնյանի՝ ծրագրերն արդյունավետ են, քանի որ սիրիահայերի մի մասը սեփական փոքրիկ բիզնեսն ունի. «Գալով այստեղ՝ նրանք հասարակությանը նոր լիցքեր են հաղորդում, բայց շատ սիրիահայերի համար դեռեւս լուրջ մարտահրավերներ են բնակարանի վարձավճարը եւ աշխատանքի տեղավորվելը: Վերջին հարցում հատկապես դժվարություններ կան»:
Հետաքրքրվեցինք, թե Սիրիական հակամարտության գոտում ՄԱԿ-ը փախստականներին օգնելու հարցում ինչպիսի միջամտություն կարող է իրականացնել: «Առաջինը, որ ՄԱԿ-ն անում է՝ կողմերին կոչ է անում դադարեցնել մարտական գործողությունները եւ խաղաղություն հաստատել: Նաեւ մարդասիրական օգնության ծրագիր է իրականացվում, որը ծավալով աննախադեպ է եւ միլիոնավոր դոլարների է հասնում»,-նշեց Բրեդլի Բուզետտոն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
,,,,Սաղ,,հեչ,բայց էդ կոչը մի բան արժի…