«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Միկա Քորփորեյշն» ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել Երեւանի քաղաքապետարանը։ «Ժողովուրդի» հետ զրույցում քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մուրադյանը հայտնեց, որ «Միկա Քորֆորեյշն» ընկերությունը քաղաքապետարանին պարտք է հողի հարկի գծով։ «Այդ ընկերությունը քաղաքապետարանին պարտք է 1.2 մլն դրամի չափով։ Մենք ներկայացրել ենք հայցադիմում, որը վարույթ է ընդունվել։ Այս պահին մենք տեղյակ չենք, որ վճիռ է կայացվել»,- նշեց Մուրադյանը։
«Միկա Քորփորեյշնի» աշխատակիցներից տեղեկացանք, որ ընկերությունը 2014 թվականից չի գործում։ Ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հայտարարել էր բոլոր ակտիվներից, այդ թվում՝ նավթային բիզնեսից հրաժարվելու մասին։ Այդ ընթացքում հայտարարվեց, որ «Ռոսնեֆտը» գնել է Բաղդասարովի նավթային ակտիվները։ Ավելի ուշ պարզվեց, որ «Ռոսնեֆտը» ձեռք է բերել ոչ միայն լցակայաններն ու նավթի բազաները, այլեւ գրասենյակային տարածքները։
Այդպիսով՝ «Արմավիա»-ի սնանկանալով ավիացիայից դուրս գալուց հետո «Միկա Քորփորեյշն»-ի սնանկացմամբ Բաղդասարովը դուրս եկավ նաեւ Հայաստանի նավթային շուկայից։
«Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել «Միկա Քորփորեյշն»-ի հետ։ Ընկերության անվան տակ գործող հեռախոսահամարներին պատասխանող քաղաքացիները ներկայացան որպես «Միկա Քորփորեյշն»-ի աշխատակիցներ։ Սակայն ընկերության սնանկ ճանաչվելու մասին տեղեկությունը լսելուց հետո աշխատակիցները շատ զարմացան՝ նշելով, որ այդ մասին տեղեկանում են «Ժողովուրդ»-ից։ «Ես տեղյակ չեմ եւ իրավասու չեմ նման հարցերի շուրջ զրուցել Ձեզ հետ»,- ասաց ընկերության աշխատակից Կարեն Սարգսյանը։՝
Կարդացեք նաև
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում