Ծնունդդ շնորհավոր, հերոս
1996-2016: Հերոս Խաչատուր Հարությունյանի ծննդյան եւ մահվան թվերն են, որոնք բաժանվում է մեն մի « -»-ով: Այդ գծիկի տակ փորձում ես հավաքել, ափ-ափ տեղավորել քսանամյա հայորդու կենսագրությունը, որն այլեւս պատմություն է, պատում, զրույց, հիշողություն, երազի մաս: Հնարավո՞ր է, արդյոք, այդ բաժանարար գծիկի ներսում տեղավորել պատերազմ տեսածի հասուն կյանքը:
Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում այսօր կօրհնվի եւ կբացվի ապրիլյան պատերազմի հերոսներից Խաչատուր Հարությունյանի խաչքարը:
Կրտսեր սերժանտ, ԼՂՀ պաշտպանության բանակի 5-րդ հրաձգային վաշտի 2-րդ հրաձգային դասակի 3-րդ հրաձգային ջոկի գնդացրորդ Խաչատուր Հարությունյանը զորակոչվել էր ազգային բանակ 2015 թվականի հունվարի 28-ին:
Նա ծնվել է 1996թ. նոյեմբերի 25-ին՝ Լուսաղբյուր գյուղում:
Կարդացեք նաև
«Սիրում էր նկարել, շնորհալի երիտասարդ էր»,-ասում է Լուսաղբյուր գյուղի գյուղապետ Մելս Մանուկյանը: Իսկ հերոսի հայրը՝ պարոն Վարդանն ասում է. «Որդիս նկարում էր տետրակների վրա, հիմնականում խաչեր էին, ուներ ձեռքի աշխատանքներ»:
Երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի տնօրեն Արտյուշա Միքայելյանն էլ իրենց աշակերտին բնութագրել էր այսպես. «Նա հակված էր դեպի ճշգրիտ գիտությունները»:
Խաչատուրը տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանող էր:
Ապրիլյան պատերազմի օրերին առաջնագիծ մեկնած կամավորականները սիրելի զինվորին սկսեցին դիմել փաղաքշական «Կասկա» անվամբ: Եվ դա ուներ իր պատմությունը: Հայրն ասում է, որ «Կասկան» մշտապես որդու գլխին էր եւ հորդորել է իր զինակիցներին լինել պատրաստված վիճակում յուրաքանչյուր վայրկյան:
Պատերազմն, ավաղ, չխնայեց Խաչատուրին. նա այս տարվա մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը զոհվեց թշնամու դիպուկահարի նենգ կրակոցից:
Խաչատուրի անունով այս տարվա սեպտեմբերի 21-ին անվանակոչվեց իր դպրոցի ռազմագիտության դասարանը:
«Կասկան» հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից՝ «Մարտական ծառայության» մեդալներով:
Ուներ շնորհակալագրեր:
Լուսաղբյուրցիների համար Խաչատուրը մշտապես իրենց կողքին է՝ իր օրհնված ծննդով ու լուսավոր ներկայությամբ:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
25.11.2016