Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես կարելի է ապրել, ստեղծագործել առանց կանանց (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 25,2016 13:45

ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը նշում է ծննդյան 75-ամյակը։ Վլ. Աբրահամյանի բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում եւ հանրապետության տարբեր թանգարաններում, անհատական հավաքածուներում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լեհաստան, Գերմանիա, Չինաստան, Մոսկվա։ Նա 250-ից ավելի գրքերի գեղարվեստական ձեւավորման հեղինակ է: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների։ Առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 2005թ.-ին՝ Չինաստանի ազգային պատկերասրահում, երկրորդը՝ 2011-ին Հայաստանի նկարիչների միությունում։ Վ. Աբրահամյանը մանկավարժական գործունեությունը սկսել է 1973-ից, նախ՝ Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, ապա Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, այսօր արդեն դասավանդում է Աբովյանի պետական քոլեջում։ Ծննդյան 75-ամյակի առթիվ «Առավոտը» զրուցել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի հետ։

– Ինչի՞ց սկսվեց ամեն ինչ, եւ ինչո՞ւ գեղանկարչությունն ընտրեցիք, ընտանիքում կայի՞ն արվեստագետներ։

– Արվեստագետներ չկային ոչ միայն մեր ընտանիքում, այլեւ հարազատների մեջ, այստեղ ավելի շատ խառն է բնության մատը։ Դպրոցական տարիներին հաճախ էի ոչ միայն արտանկարում տարբեր գրքերից, այլեւ ստեղծում էի բնության պատանեկան իմ պատկերները, այդպես էլ սկսվեց ամեն ինչ եւ բնությունն էր, որ դարձավ իմ առաջին ուսուցիչը։ Նախ Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներների պալատի նկարչական խմբակ ընդունվեցի, ապա Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, հետո՝ Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտ։

nkar-2

– Ո՞ւմ եք համարում ձեր ուսուցիչը, կամ ո՞ր նկարիչն է ոգեւորել ձեզ։

– Դժվարանում եմ որեւէ կոնկրետ նկարչի նշել, թերեւս՝ միայն նկարչական խմբակի ղեկավար, հրաշալի մանկավարժ, վաստակավոր նկարիչ Գագիկ Ղազարյանին։ Իսկ ընդհանրապես իմ ամենամեծ ուսուցիչը, որից ամբողջ կյանքում սովորել եմ, բնությունն է։ Հիշում եմ՝ ինչպես էի տարվում լուսնկա գիշերներով, կարծես բնությունը ստիպում էր առանց որեւէ վայրկյան կորցնելու, արագորեն կտավին հանձնել իր ստեղծած հրաշքը:

nkar-5

– Իսկ ո՞ր հայ նկարիչների արվեստն է ոգեւորել ձեզ։

– Բաբկեն Քոլոզյան, Անատոլի Պապյան, Էդվարդ Իսաբեկյան եւ էլի կարելի է շարունակել այդ ցանկը, բայց մշտապես գրավել է Մինասի արվեստը ու իհարկե՝ անկրկնելի Մարտիրոս Սարյանի։ Ուսանող տարիներին նրա հետ անգամ առանձին հանդիպելու առիթ եմ ունեցել։ Հիշում եմ, երբ նա այլեւս տնից դուրս չէր գալիս, ընկերներով հաճախ էինք գնում թանգարան, կանգնում էինք կողքին ու ժամերով լուռ նայում էինք, թե ինչպես է նկարում Սարյանը։ Արդեն տեսողությունը թույլ էր ու նրա ստեղծած պատկերները հիմնականում դեղին էին։ Դրանք կարեւոր դասեր էին իմ կյանքում։

nkar-4

– Իսկ համաշխարհային կերպարվեստում ո՞ր հեղինակներն են, որոնց արվեստը սիրում եք կամ ուղեցույց են եղել ձեզ համար։

– Դժվար հարց եք տալիս։ Համաշխարհային կերպարվեստը մի աշխարհ է, որտեղ կարող ես ոչ միայն լավագույն «կրթությունը» ստանալ, այլեւ մեծ գայթակղություն կա այս կամ այն հանճարեղ հեղինակին ընդօրինակելու, բայց վստահ կարող եմ ասել, որ ես այդ գայթակղությանը պատվով եմ դիմադրել։ Ծանոթանալով աշխարհի մեծ նկարիչների արվեստին՝ ինձ հաջողվեց ստեղծել իմ ձեռագիրը, իմ ոճը։ Չեմ թաքցնում՝ կա երկու հեղինակ՝ Մոդիլիանին եւ Ռեմբրանդտը (պատկերացնում եք, չէ՞, թե ինչ մեծ ժամանակագրություն կա այս հեղինակների միջեւ), որոնց արվեստով մշատապես տարվել եմ։ Իմ ստեղծագործության տարբեր շրջափուլերում կարելի է տեսնել նրանց ազդեցությունը։ Ոնց որ դասական երաժշտության մեջ Մարիա Կալլասի համար էի գժվում, այնպես էլ կերպարվեստում Մոդիլիանիի եւ Ռեմբրանդտի արվեստի։

nkar_1

– Ի դեպ, երաժշտության մասին. գիտեմ, որ դասական երաժշտության, հատկապես օպերային արվեստի մեծ սիրահար եք, ի՞նչ դեր ունի այդ երաժշտությունը ձեր արվեստում։

– Ամենակարեւոր ու մեծ դերակատարումը։ Իմ ստեղծագործությունները ծնվում են դասական երաժշտության ներքո (ես բացառապես ձայնապնակներով եմ լսում դասական երաժշտություն, ունեմ իմ հավաքածուն), այն ոչ միայն ստիպում է հայտնվել մի ուրույն հոգեվիճակում, այլեւ հաճախ թելադրում է իր գույնն ու շարժումը։ Լինում են իրավիճակներ, երբ սկսում եմ նկարել, բայց միայն ընթացքն է որոշում գույնի ու գծի հաջորդականությունը, այդ պահին ծնված հոգեվիճակն է, որ թելադրում է ինձ։ Եթե ընտրեի երկրորդ մասնագիտություն, անպայման օպերային երգիչ կդառնայի (որոշ ժամանակ նույնիսկ ձայնս մշակել եմ Սուրեն Շահիջանյանի մոտ), բայց նկարչությունն ավելի զորեղ գտնվեց։

– Ձեր արվեստում հսկայական տեղ ունեն կանայք, կարելի՞ է ասել, որ նրանք ձեր մշտական մուսաներն են։

-Իհարկե…ինչպես կարելի է առանց նրանց ապրել, ստեղծագործել։ Իմ ստեղծագործության բոլոր կանայք չէ, որ բնորդներ են եղել, հաճախ ստեղծել եմ իմ երեւակայական կանանց։ Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ նրանք հիմնականում մենակ են, առանց տղամարդու։ Ես նրանց այնպես եմ խանդել, որ չեմ ցանկացել պատկերել ոչ մի տղամարդու հետ, որովհետեւ այդ պահին ես եմ եղել նրանց զրուցակից տղամարդը…Ամեն անգամ կարծես սեր եմ բացատրել այն կանանց, որոնց վրձնել եմ…

nkar-3

– Պարոն Աբրահամյան, նշում եք ծննդյան 75-ամյակը, ձեր կյանքի մեծ մասը կապված է կերպարվեստի հետ, ի՞նչ տվեց այն, ի՞նչ փոխեց ձեր կյանքում։

– Նկարչությունն իմ կյանք ներխուժեց վաղ հասակում, 7 տարեկան էի, որ սկսեցի հաճախել նկարչական խմբակ եւ կարճ ժամանակահատվածում ոչ միայն հաստատուն տեղ գրավեց, այլեւ իմ անբաժան ուղեկիցը դարձավ։ Հենց նկարչությունն է, որ մինչեւ այսօր օգնում է ինձ ինքնաարտահայտվել, անգամ ամենապարզ թվացող իրավիճակները կարողանում եմ ներկայացնել միայն նկարչության լեզվով։ Աշխատասիրությունից բացի, անսահման նվիրումն էր, որ ինձ օգնեց հասնել նպատակներիս իրականացմանը։ Բայց վերջաբանը դեռ հեռու է, ես այնքան բան ունեմ դեռ պատմելու, վրձնելու, միայն թե «ժամանակս բավարարի»։ 2017թ.-ին պատրաստվում եմ բացել անհատական երրորդ ցուցահանդեսը, որի ընթացքում ուզում եմ ներկայացնել բացառապես վերջին երեք տարիների գործերը։

 

ՆԱՐԱ ԵՓՐԵՄՅԱՆ

«Առավոտ»

25.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930