Լրահոս
Օրվա լրահոսը

Հաճելի ժամանց

Նոյեմբեր 25,2016 10:10

Երբ քաղաքական գործիչն ասում է, որ տվյալ պետական գերատեսչությունում կա 100 ավտոմեքենա եւ ամեն մեկն արժե 200 հազար դոլար, դա պետք է ընկալել ոչ թե ուղիղ, այլ մետաֆորիկ իմաստով: Այսինքն՝ «նախարարությունն ունի բազմաթիվ շքեղ մեքենաներ, որոնց անհրաժեշտությունն իրականում չկա», ինչը շատ հավանական է: Թե իրականում որքան մեքենա կա այս կամ այն նախարարության կամ, ասենք, Կենտրոնական բանկի բալանսում, եւ ինչին են դրանք ծառայում՝ հայտնի չէ: Այդ տեղեկությունը պետք է դնել տվյալ գերատեսչության պաշտոնական կայքում՝ այդպիսով խոսակցությունն ավելի առարկայական կդառնա:

Բայց կան «պոպուլիստական պնդումներ», որոնք ակնհայտորեն սուտ են: Ահա նայեք՝ սա Գալուստ Սահակյանի դղյակն է: Ես Ազգային ժողովի նախագահի, առավել եւս՝ նրա կուսակցության երկրպագուն չեմ: Ինձ չի թվում, որ պարոն Սահակյանը Ցիցերոնի կամ Սպինոզայի հորեղբայրն է: Մյուս կողմից՝ ես քաղաքական գործիչներին գործի բերումով հետեւում եմ երկար տարիներ. Գալուստ Սահակյանը, չէի ասի, թե ժուժկալ է, բայց կենցաղում որոշակի զսպվածությամբ աչքի է ընկնում, նա, օրինակ, այդպես էլ չի տեղափոխվել կառավարական ամառանոցներ՝ չնայած դրա իրավունքն ունի: Դժվար թե այս տարիքում նա փոխվեր: Շատ արագ պարզվեց, որ լուսանկարում պատկերված դղյակը ԱԺ նախագահի եւ նրա որեւէ բարեկամի հետ կապ չունի: Ինչպես որ դա սովորաբար լինում է՝ ստի համար ոչ ոք ներողություն չխնդրեց:

Նույնը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որն ունի բնակարան Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում, բայց, ի հեճուկս հրապարակումների, չունի դղյակ այդ պողոտայում (որքան գիտեմ, այնտեղ ընդհանրապես առանձնատուն չկա): Այս դեպքում ես կասկածում եմ, որ իսկական կոռուպցիոներները պարզապես ցանկանում են իրենցից ուշադրություն շեղել:

Ես հասկանում եմ մարդկանց ցանկությունը որեւէ՝ ընկերական, ընտանեկան, ֆեյսբուքյան, թե քաղաքական լսարանի առջեւ որեւէ վատ բան ասելու: Որովհետեւ եթե ես ասեմ՝ «ինչ հրաշալի աշուն է», ապա դա «հետաքրքիր» խոսակցության խթան չի դառնա: Բայց եթե ես ասեմ, օրինակ՝ «Էս Տարոնը…», ապա միանգամից բոլորը կաշխուժանան եւ կսկսեն ակտիվորեն միջամտել խոսակցությանը՝ «բա այսինչը», «բա այնինչը», «էն օրը ինտերնետում այսինչն եմ կարդացել», «բա իմացար՝ էն օրը բաջանաղս ասում էր…»: Եվ այս խոսակցության շուրջ մարդիկ հրաշալի ժամանակ կանցկացնեն:
Նման գողտրիկ, ջերմ մթնոլորտ ստեղծելու համար պետք է պարզապես որեւէ հայտնի դեմքի մասին որեւէ վատ բան ասել: Բայց իրականում այնքան բան կա ասելու, որ հնարելու կարիք բացարձակապես չկա:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930