Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունը պետք է խոսի հասարակության հետ` բարձրաձայն մտածելով»

Նոյեմբեր 25,2016 16:00
razmik martirosyan

Սոցապ նախկին նախարար Ռազմիկ Մարտիրոսյանի դիտողությունները`
«1000 դրամների» նախագծին

– Ինչպե՞ս եք վերաբերվում, այսպես ասած, «1000 դրամների» նախաձեռնությանը, որն անցած օրերի ընթացքում շատ քննարկվեց եւ քննադատվեց:

– Երբ կազմավորման ընթացքում էր ազգային բանակը, խնդիր առաջացավ լուծել նաեւ զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության հարցերը: Դրա առաջին փորձը 1990 թվականին ընդունված օրենքն էր: Այդ ժամանակ նաեւ ձեւավորվեց մոտեցում` ավելի ճիշտ է եւ արդյունավետ, որ այդ խնդիրները լուծվեն սոցիալական ապահովության սկզբունքով, այսինքն՝ այդ բոլոր ծրագրերը ֆինանսավորվեն պետական բյուջեի միջոցների հաշվին: Ենթադրվում էր, որ տարեցտարի, տնտեսության զարգացման հետ միջոցները կավելանան, պետական բյուջեն ավելի շատ միջոցներ կունենա, եւ ֆինանսական ավելի մեծ միջոցներ կհատկացվեին այս հարցերի լուծմանը:

– Ի՞նչն է փոխվել հիմա, որ մոտեցումները եւս փոխվում են:

– Այս 10-15 տարիների ընթացքում ռազմական լարվածությունը շարունակվեց, մահացությունների եւ հաշմանդամների թիվը աճեց: Դա կանխատեսելի չէր, եւ հնարավոր չէր հաշվարկել զոհերի եւ հաշմանդամների թիվը: Հատկապես ապրիլյան պատերազմն էականորեն մեծացրեց զոհերի եւ հաշմանդամների թիվը: Պետությունը նախ տարվա ընթացքում չէր կարող բյուջեն արագ փոփոխել: Ապա երկրորդ խնդիրը կար` տնտեսական զարգացումները, կոռուպցիայի բարձր մակարդակը, որոնք հնարավորություն չեն տալիս քանակային առումով աճող այս խնդիրները պետական բյուջեի միջոցներով լուծել: Կա նաեւ հարցի բարոյահոգեբանական ասպեկտը: Ես կարող եմ օգնել ինձ ծանոթ կամ բարեկամ ընտանիքներին, որոնք ունեն այդպիսի խնդիրներ, բայց դա ինձ չի բավարարում: Կարեւոր է ունենալ մի համակարգ, որի գործունեությանն ուղղակի մասնակցելով՝ կարող ես ենթադրել, որ այդ միջոցներով օգնում ես բոլորին, ովքեր ունեն այդ խնդիրը: Այստեղ է, որ հասարակությունը պետք է համերաշխություն ունենա:

– Նախագիծն ուսումնասիրե՞լ եք, այն արտացոլո՞ւմ է հարցը լուծելու Ձեր պատկերացումները, կամ հեղինակների հայտարարությունները ամփոփվա՞ծ են դրանում:

– Նախագծում ժամանակի դրոշմը կա. հեղինակների անորոշություններն ու անհստակությունները դրոշմված են նախագծում: Ասենք, պաշտոնյաները երբ խոսում են նախագծի մասին, օգտագործում են «ապահովագրություն» բառը, բայց փաստացի նախագծում այդ մասին ոչ մի բառ չկա: Նախագծում երեք սկզբունք է դրված` պարտադիր ապահովագրության, երբ ֆինանսները պետք է գնան պետական բյուջե, կամավոր հանգանակությունների սկզբունքը եւ բիզնես սկզբունքը: Ցավոք, երեք սկզբունքներից որեւէ մեկը հիմնական չի ճանաչվում, ինչի հետեւանքով ես կասկածներ ունեմ, որ այդ հիմնադրամը չի կարող երկարատեւ կյանք ունենալ: Խառը սկզբունքներով այն կլինի ոչ ապահովագրական, ոչ կամավորական եւ ոչ էլ բիզնես-ծրագիր: Կարծում եմ, որ նախ՝ ելակետային մոտեցումը պետք է հստակեցնել: Ըստ իս, տվյալ դեպքում ճիշտը ապահովագրական սկզբունքի հիման վրա կառույցի ստեղծումն է, քանի որ պետության համար կարեւոր են չափելի եւ կանխատեսելի միջոցները: Կլինե՞ն կամավորական հանգանակություններ, բիզնես-ներդրումներ` ավելի լավ: Այս դեպքում ամեն տարի նաեւ կծրագրավորվեն հիմնադրամի եկամուտներն ու ծախսերը, ԱԺ-ն կհաստատի այն` ապահովելով պարբերական հաշվետվողականություն:

Նախագծում ինձ համար անհասկանալի է նաեւ այն, որ հիմնադրամի հիմնադիրը դառնում է Կենտրոնական բանկը, հավելված է նաեւ կամավորական աշխատանք: Հասկանալի չէ, թե ինչո՞ւ այդ հիմնադրամում ինչ-որ մասնագետներ հինգ տարի անվճար պետք է աշխատեն: Հեղինակները պետք է հստակեցնեն իրենց պատկերացումներն այս համակարգի մասին:

– Սոցապ նախկին նախարարներից Գեւորգ Պետրոսյանը հակասահմանադրական է որակում նախագիծը: Տեսնո՞ւմ եք նման տարրեր:

– Այս խնդրի պատասխանը ես որոնել եմ դեռ նախարար եղած ժամանակ: Այն ժամանակ էլ կային նման թյուր կարծիքներ: Խոսքը Սահմանադրության 37 հոդվածի մասին է, որը սահմանում է պետության սոցիալական ապահովություն իրականացնելու պարտականությունները ծերության, գործազրկության, հաշմանդամության եւ այլ դեպքերի ժամանակ: Սահմանադրության գլխավոր հեղինակ Վլադիմիր Նազարյանն այն ժամանակ շատ հստակ բացատրեց` եթե պետությունն ունի պարտականություն այդ անձանց սոցիալական ապահովությունը կազմակերպելու համար, ապա ունի նաեւ իրավունք, թե ի՞նչ ձեւով կազմակերպի: Բացի այդ, սահմանադրական վերջին փոփոխություններով, նույն հոդվածում թվարկված դեպքերից բացի, ավելացվել է մի նախադասություն, ըստ որի՝ կառավարությունն իրավունք ունի այլ դեպքեր էլ իրականացնելու:

– Հասարակությունը միանշանակ չարձագանքեց այս նախաձեռնությանը: Վստահության մեծ դեֆիցիտ կա, կոռուպցիոն ռիսկեր:

– Սա, որպես նախաձեռնություն, ենթակա է կոռուպցիայի, ինչպես ցանկացած նախաձեռնություն: Միայն այն, որ սա վերաբերում է զոհվածներին եւ հաշմանդամ զինծառայողներին, իհարկե, բարոյական արգելանք կա, բայց, ցավոք, դրանք երաշխիքներ չեն: Հետեւաբար հասարակության պահանջը` ի դեպ, ոչ միայն այս ծրագրի հանդեպ, այլեւ առհասարակ, որպեսզի կառավարությունն ավելի ակտիվ պայքարի կոռուպցիայի դեմ, միանգամայն արդարացի է: Միաժամանակ, նկատելի են նոր կառավարության սկսած բավականին լուրջ փոփոխությունները, եւ ես գոնե հույս ունեմ, որ այն կլինի ավելի արդյունավետ, քան նախորդ ժամանակներում: Այսինքն՝ այս հարցում կոռուպցիան չի կարելի դիտարկել ընդհանուր համատեքստից դուրս, բայց սա չի նշանակում, որ չպետք է սկսել խնդրի լուծումը:

– Եթե հիմնադրամի խորհուրդը նախատեսվածից այլ կարգով ձեւավորվի, դա կբարձրացնի՞ հասարակության վստահությունը:

– Եթե գնում ենք պարտադիրի սկզբունքով, ապա ճիշտ կլինի, որ հիմնադրամի խորհուրդը ձեւավորվի շահագրգիռ կողմերի մասնակցությամբ` պաշտպանության, սոցապ, առողջապահության նախարարությունները եւ զոհվածների կամ հաշմանդամների շահերը ներկայացնողներից: Իսկ ինչ մնում է պատվավոր կամ հեղինակավոր խորհուրդներին, դրանք այսօր աշխատող չեն, եւ դրանից ծրագրի նկատմամբ վստահությունը չի մեծանա:

– Վեճերի տեղիք տվեց նաեւ նախագծի` հետադարձ ուժ չունենալու հանգամանքը:

– Սա նախագծի շուրջ եղած թյուրիմացություններից մեկն է: Սահմանադրությունն արգելանքներ է դնում խստացնող օրենքների վրա: Այս դեպքում մենք երկու խնդիր ունենք` միանվագ տրվող գումարներ եւ ամսական վճարներ: Բնականաբար, այս օրենքի շրջանակներում հնարավոր չէ մի քանի ամիս կամ տարի առաջ եղած դեպքը հատուցել միանվագի շրջանակներում: Բայց կտրականապես չի կարելի տարբերություն դնել ամսական վճարների դեպքում: Նույն սոցիալական խմբին պատկանող մարդիկ պետք է հավասար վերաբերմունքի արժանանան: Թոշակը միայն ֆինանսական միջոց չէ: Եվ երբ ամսական վճարի դեպքում տարբերություն է դրվում, դա վերագրվում է պետությանը, եւ ստացվում է, որ պետությունը տարբեր վերաբերմունք ունի նույն սոցիալական խմբի անդամների նկատմամբ: Մենք նման իրավիճակ ունեցել ենք. 1998 թվականին «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» նախագծի ժամանակ նախատեսվում էր նախեւառաջ ազգային բանակից թոշակի գնացողների հարցերի կարգավորում: Դա հակասություն առաջացրեց պատերազմի, ոստիկանության, ազգային անվտանգության վետերանների մոտ: Մի դեպքում պետությունը միջոցներ չուներ, մյուս դեպքում շատ կարեւոր էր խրախուսել ազգային բանակի զինծառայողներին, բայց առաջացավ սոցիալական անհավասարություն: Ի վերջո, խնդիրը լուծվեց հօգուտ սոցիալական հավասարության, կառավարությունն էլ գտավ միջոցներ, որպեսզի տարբերություն չառաջանար, որը բացի ֆինանսականից՝ նաեւ բարոյական էր:

Այս նախագծի ամենալուրջ խնդիրն էլ սա է, որը լուծելի է: Այս տեսքով մնալու դեպքում սոցիալական անարդարությունը կոնֆլիկտների է հանգեցնելու, ինչը հասարակությանը շատ ծանր վիճակի մեջ կդնի:

– Ակնկալիքներ կան նաեւ Սփյուռքի մասնակցությունից: Դրանք իրատեսական համարո՞ւմ եք:

– Կազմակերպված պետական նախաձեռնության դեպքում Սփյուռքի վերաբերմունքն ուղիղ համեմատական կլինի Հայաստանի հասարակության վերաբերմունքին` իր իշխանություններին: Կարեւոր չէ, թե նախագծին խորհրդարանում ինչպես կքվեարկեն: Որքան մեծ լինի Հայաստանի հասարակության վստահությունն իր իշխանության եւ կառավարության հանդեպ, այնքան էլ մեծ կլինի Սփյուռքի վստահությունը եւ վերաբերմունքը: Սա նշանակում է, որ իշխանությունները պետք է նախեւառաջ մեծացնեն Հայաստանի հասարակության վստահության աստիճանն իրենց հանդեպ: Ուստի կառավարությունը պետք է խոսի հասարակության հետ` բարձրաձայն մտածելով:
Հիմա ստեղծվել է մի վիճակ, երբ հասարակությունը անտարբեր չէ, քննարկում է խնդիրը: Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է օգտվել հասարակության այս շահագրգիռ եւ սրտացավ վերաբերմունքից եւ սկսել խնդրի լուծումը: Ավելին, ես կարծում եմ, որ պետությունն այս խնդիրը պետք է ամբողջական եւ վերջնական լուծի: Իսկ դա վերաբերում է ամբողջ բանակին, բոլոր զինծառայողներին: Եթե ընտրվում է ապահովագրության սկզբունքը, օրենքի անունը պետք է հստակեցնել` «Զինծառայողների կյանքի եւ առողջության ապահովագրության մասին»: Սա ավելի մեծ խնդիր է, առկա է ու ամբողջական լուծում է պահանջում: Խնդիրն այն չէ, որ հենց հունվարի 28-ին անենք, խնդիրը լուծումը սկսելն է:

 

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

24.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930