Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ը միակ օպերատորն է, որը մեկտեղում է միանգամից 4 տիպի ծառայություն

Նոյեմբեր 25,2016 15:30

Ժամանակակից հեռահաղորդակցության համակարգերը, այդ թվում՝ բարձր արագությամբ ցանցերը եւ ինտերնետը, մեր երկրի տնտեսական աճի եւ զարգացման համար նշանակալից խթաններ են դարձել: Այս ոլորտում ընդլայնվող շուկաների եւ մրցակցության բարձրացման արդյունքում նորարարություններն էլ ավելի արագ են տեղի ունենում:

Մեկ տարի առաջ Ucom ընկերությունը գնեց «Օրանժ Արմենիա» ընկերության 100% բաժնեմասը՝ այսպիսով մուտք գործելով նաեւ Հայաստանի շարժական կապի շուկա: Երկու օպերատորներին միացնելով՝ ընկերությունն իր առջեւ խնդիր դրեց տեխնոլոգիական լուծումներն էլ ավելի զարգացնել եւ նորանոր լուծումներով հանդես գալ: Արդյունքում մեկ տարի անց, ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, ընկերության բաժանորդներին մատուցվում են գերժամանակակից եւ որակապես տարբերվող ծառայություններ:

Առաջնահերթ խնդիրը, որն իր առջեւ դրել էր ընկերությունը, «Օրանժ Արմենիա» ընկերության հենքի վրա 4G+ ցանցը կառուցելն էր, որը, Հայկ Եսայանի ներկայացմամբ, բացառիկ հնարավորություններ է ընձեռում Հայաստանի Հանրապետությունում. «Մենք Ucom-ով ստացել էինք շարժական ինտերնետի ծառայությունների մատուցման լիցենզիա, այդ ցանցը պետք է կառուցվեր: Այժմ 4G+ ցանցը միակն է Հայաստանում, եւ շուրջ մեկ ամսից ավելի է՝ մենք ծառայություններ ենք մատուցում»:

Ըստ ընկերության տնօրենի՝ 4G+ ցանցը կամ ժամանակակից LTE ցանցը նախատեսված է Հայաստանում տվյալների փոխանցման տրաֆիկի նկատմամբ օրեցօր աճող պահանջարկը բավարարելու, ավելի լավ որակ ու մեծ արագություններ ապահովելու եւ օգտագործման առավել լայն հնարավորություններ առաջարկելու համար:

4G+ ցանցը շահագործելու համար մեր երկրում ներդրվել են Ericsson Radio System ապրանքային դասի եւ Antenna Integrated Radio` իր տեսակի մեջ լավագույն համակարգերին դասվող գերժամանակակից բազմաչափանիշ ռադիո սարքավորումները, որոնք միայն առկա են ԱՄՆ-ում, եվրոպական ոչ բոլոր երկրներում, ասիական երկրներից էլ` Ճապոնիայում, Կորեայում:

Այս պահի դրությամբ 4G+ ցանցը գործում է միայն Երեւանի տարածքում, բայց մոտ ապագայում նախատեսված է 4G+ ծածկույթով ապահովել Հայաստանի բոլոր մարզերի տարածքները:

Հայկ Եսայանի խոսքով՝ այսօր Ucom-ը միակ օպերատորն է, որը մեկտեղում է միանգամից 4 տիպի ծառայություն` ֆիքսված հեռախոսակապ, օպտիկա մանրաթելով ֆիքսված ինտերնետ, բջջային կապ 4G+ ցանցով եւ IP TV հեռուստատեսություն. «Սա յուրահատուկ լուծում է: Մեր ընկերության ցանկացած բաժանորդ հնարավորություն ունի բոլոր տիպի հեռահաղորդակցության ծառայությունները ստանալ մեկ վայրում` մեկ օպերատորից` հավելյալ զեղչերով: Օրինակ` ընտանիքի համար հնարավորություն է ընտանիքի ներսում անվճար խոսել, շուկայի համեմատ ավելի էժան ծառայություններ ստանալ, վճարումներ կատարելիս գործ ունենալ ոչ թե մի քանի, այլ մեկ օպերատորի հետ»:

Ընկերությունը վերջերս մի նորամուծությամբ էլ է հանդես եկել` ներդնելով UPay վիրտուալ դրամապանակը: Ընկերության ցանկացած բաժանորդ, հաճախելով Ucom-ի սպասարկման կենտրոն, կարող է UPay դրամապանակի վրա գումար գցել: Ի դեպ, UPay հաշվին հնարավոր կլինի կցել ՀՀ բանկերի կողմից թողարկված մինչեւ 10 հատ ArCa, MASTERCARD եւ VISA քարտեր եւ ավտոմատ կերպով համալրել UPay դրամապանակի հաշիվը կամ վճարումներ կատարել` ընտրելով կցված քարտերից որեւէ մեկը որպես վճարման միջոց:

«Այս եղանակով հնարավորություն է տրվում ցանկացած տիպի կոմունալ վճարումներ, ճանապարհային ոստիկանության ակտեր վճարել եւ այլ տիպի գործարքներ իրականացնել, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում համապատասխան վճարումներ կատարել, առցանց խանութներից առեւտուր անել եւ այլն»,- պարզաբանում է Հայկ Եսայանը:

Ընկերության ղեկավարը նոր նախագծերից առանձնացրեց նաեւ UDrive լուծումը, ինչի շնորհիվ էլ ընկերության բաժանորդներին հասանելի կլինի նրանց կողմից ստեղծված էլեկտրոնային արխիվը:

«Լուսանկարներ, ֆիլմեր, կարեւոր փաստաթղթեր, էլեկտրոնային ցանկացած տեղեկատվություն հնարավոր է վերբեռնել UDrive-ում եւ այդ տվյալներն օգտագործել ինտերնետ հասանելիություն ունեցող աշխարհի ցանկացած կետից: Ի տարբերություն համանման GoogleDrive ծառայության, որի տվյալները պահվում են ԱՄՆ-ում, UDrive-ի պարագայում այդ տվյալները պահվում են Հայաստանում եւ նաեւ հնարավորություն են ընձեռում ձեր հեռուստացույցի վրա այդ ամենը տեսնելու»,- ասաց պարոն Եսայանը: Ըստ նրա, այսինքն` եթե մարդն արտերկրում է, շատ հեշտությամբ նրա տանը հեռուստացույցի վրա կարող են բացել նրա ճամփորդելու ժամանակ արված լուսանկարները եւ նայել:

Մեր զրուցակցի ներկայացմամբ՝ YouTube հավելվածը UTV պորտալում հնարավորություն կտա տանն առկա ընդունիչը կարգավորել այնպես, որպեսզի հնարավորություն լինի տան հեռուստացույցի վրա դիտել YouTube-ում տեղադրված բովանդակությունը:

Ընկերության ընդլայնումից հետո Ucom-ը կմեկնարկի Mobile TV հատուկ հավելվածը: Այս ծառայությունը բաժանորդներին հնարավորություն է տալիս հեռուստատեսային բոլոր հասանելի ալիքները դիտել սմարթֆոնի վրա, իսկ սմարթֆոնն օգտագործել ոչ միայն որպես փոքր հեռուստատեսային էկրան, այլեւ որպես հեռակառավարման վահանակ:
«Այսինքն` հեռուստացույցը` Ucom TV-ն հեռակառավարել հեռախոսի միջոցով, ինչը մի շարք հնարավորություններ է տալիս: Օրինակ` եթե դուք տանը չեք եւ ունեք բալիկներ, կարող եք հանգիստ տեսնել, թե նրանք որ ալիքն են նայում, եւ եթե նպատակահարմար չգտնեք` կարող եք հանգիստ անջատել»,- տեխնոլոգիական այս նոր լուծման առավելությունները ներկայացրեց պարոն Եսայանը:

Հարցին, թե գլխավոր տնօրենն օգտվո՞ւմ է իրենց ընկերության առաջարկած բոլոր նորամուծություններից, Հայկ Եսայանը պատասխանեց` այդ ամենից օգտվում եմ, փորձարկում եմ. «Ցանկացած նորամուծության խնդիրները վեր հանելու համար նախ փորձարկում են մեր աշխատակիցները եւ դրանք վեր հանելուց ու լուծելուց հետո միայն առաջարկում սպառողին»:

Պարոն Եսայանը վստահեցնում է, որ հայաստանյան հեռահաղորդակցության շուկան զարգանում է համաշխարհային միտումներին համաքայլ: Ըստ նրա՝ նման լուծումները շատ կարեւոր են մեր երկրի համար, եւ տարեցտարի ազգաբնակչությունը ավելի շատ է օգտվում սմարթ հեռախոսներից. «Ուշագրավ տենդենց կա. Հայաստանում mobile ինտերնետի օգտագործումն ավելի մեծ է, քան եվրոպական երկրներում: Միջինում մեր բաժանորդներն ավելի շատ թրաֆիկ են օգտագործում, ավելի շատ ինֆորմացիա են ուղարկում ու ստանում, քան եվրոպական օգտատերերը: Հայաստանում բավականին բարձր է ինտերնետ թափանցելիությունը, առաջատարներից ենք, եւ մեր ընկերությունը շատ մեծ դեր ունի դրանում: Երբ մենք Երեւանը ծածկեցինք օպտիկամանրաթելային ցանցով, աշխարհում առաջին մայրաքաղաքն էր, որ ամբողջությամբ պատված էր: Այսօր արդեն մեր մի շարք քաղաքներ են պատված, եւ շատ այլ հնարավորություններ ենք ընձեռում մեր բաժանորդներին, քան այդ տարածաշրջանում գտնվող մյուս ընկերությունները»:

Հայաստանում նորագույն եւ նորարարական տեխնոլոգիաներ ներդնելուց բացի՝ Ucom-ը նաեւ ակտիվ գործունեություն է ծավալել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում՝ իրականացնելով, մասնավորապես, կրթության ոլորտի եւ երեխաների զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր: Հայաստանի դպրոցներում բացվել են համակարգչային եւ ինժեներական լաբորատորիաներ, որոնց նպատակը, ինչպես ներկայացնում է Հայկ Եսայանը, մեր երկրում ՏՀՏ ոլորտի զարգացումն է եւ ինժեներական միտք, տաղանդ ունեցող երեխաներին բացահայտելը: Մինչեւ 2019թ.-ն ընկերությունը ծրագրել է հանրապետության բոլոր դպրոցներում ունենալ ինժեներական լաբորատորիաներ:

Ընկերությունը նաեւ աջակցում է հասարակության սոցիալապես անապահով խմբերին՝ շարունակելով իրականացնել «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS բարեգործական նախագիծը, որի շրջանակներում ընտանիքներին տրամադրվում են միջոցներ, ինչը ծնողներին թույլ է տալիս ստեղծել կայուն եկամտի աղբյուր եւ ընտանիք վերադարձնել պետական հաստատությունների խնամքին հանձնված իրենց երեխաներին:

 
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

24.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930