Նոյեմբերի 15-ին «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկական համալիրի գլխավոր բժիշկ է նշանակվել ԵՊԲՀ ուրոլոգիայի ամբիոնի դոցենտ, Երեւան քաղաքի գլխավոր ուրոլոգ, «Տղամարդու Առողջություն» ՀԿ նախագահ Արեն Բաբլումյանը: Սա բժշկական ասպարեզում բավական անսպասելի եւ հետաքրքիր նշանակում էր:
– Պարոն Բաբլումյան, շնորհավորում ենք նշանակման կապակցությամբ: Ներկայացրեք խնդրում եմ բժշկական մասնագիտության ձեր անցած ուղին: Ինչպե՞ս ընտրեցիք բժշկի մասնագիտությունը:
-Ես պարզապես մեր ընտանիքի բժշկական գիծը շարունակող անձանցից մեկն եմ: Այսինքն, մասնագիտությանս ընտրության հարցում մեծ դեր է խաղացել մեր Բաբլումյանների տոհմը. ինչու չէ, կարելի է ասել բժիշկների տոհմը: Հայրս, հորեղբայրս դեռեւս խորհրդային տարիներին ճանաչված բժիշկներ էին, ինչպես նաեւ առողջապահության կազմակերպիչներ եւ անհամեստություն չթվա, բայց պետք է նշեմ, որ Լոռու մարզի առողջապահության ոլորտում ձեռքբերումներում նրանց ավանդը բավական մեծ է: Մանկությունս, պատանեկությունս անցել է բժշկական առօրյայում, գրեթե ամեն օր ականատես էի լինում թե ինչպես են անվերջ կռիվ տալիս մարդու կյանքի համար: Իսկ հետո արդեն գիտակցաբար որոշումս կայացրեցի եւ այսօր հպարտությամբ կարող եմ ասել, որ ավարտել եմ արդեն մոտ 100-ամյա պատմություն ունեցող Երեւանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանը` դարբնոց, որտեղ կրթվում եւ դաստիարակվում են արհեստավարժ մասնագետներ: Հետագայում մեծ դպրոց եմ անցել, երբ արդեն 2006 թվականից ղեկավարում էի «Արմենիա» ԲԿ ուրոլոգիական բաժանմունքը, իսկ հետագայում նաեւ կլինիկան:
– Ի՞նչ զարգացումներ եք ակնկալում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի հետագա գործունեությունից, ի՞նչ առանձնահատկություն ունի աշխատանքը ԵՊԲՀ -ին պատկանող կառույցում:
– Դեռ շատ քիչ ժամանակ է անցել իմ նշանակումից: Սա, ինչ խոսք, ինձ համար մեծ պատասխանատվություն եւ պատիվ է, քանզի կենտրոնն՝ իր ընդհանուր կառուցվածքով, նպատակայնությամբ, եղել է եւ կա յուրահատուկ մի կազմակերպություն: Մեր կենտրոնում սկզբունքները, մոտեցումները տարբերվում են հիվանդանոցներից: Այս կարճ ժամանակահատվածում արդեն հասկացել եմ, որ այստեղ աշխատող բժիշկների մոտ գերակշռում է բարեխիղճ եւ հոգատար վերաբերմունքը հիվանդի նկատմամբ:
Եթե ավելի կոնկրետ խոսեմ մեր ապագա ծրագրային թիրախներից, ապա ձգտելու ենք բարձրակարգ բուժում իրականացնել միջազգային չափորոշիչներին համապատասխան: Մենք պետք է համապատասխանենք այդ չափորոշիչներին, որոնք օրեցօր զարգացում են ապրում: Համալիրի գերագույն խնդիրներից մեկը պետք է լինի աշխատել համաշխարհային, եվրոպական սարքավորումներով, որպեսզի կարողանանք արդյունավետ բուժում ապահովել: Հաջորդ խնդիրը կամ կարող եմ ասել գլխավորներից մեկը` հիվանդների անվտանգության խնդիրն է, որպեսզի բժիշկների կամ բուժաշխատողների գործունեությունը վնաս չհասցնի մեր հիվանդներին: Հաջորդը՝ դեղորայքի ճիշտ նշանակման խնդիրն է, որը միշտ մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի: Իհարկե, նաեւ պետք է աշխատենք բացել նոր եւ մասնագիտացված բաժանմունքներ: Մենք պետք է այնպես կազմակերպենք մեր աշխատանքները, որ մեր հիվանդները մեր կենտրոնից հեռանան առողջ եւ շնորհակալ:
– Դուք մասնագիտական գործունեության հետ զուգահեռ իրականացնում եք գիտական-հասարակական գործունեություն: Ձեր մասին հրապարակումներից մեկում հանդիպեցինք, որ 40-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ եք: Նաեւ Երեւանի գլխավոր ուրոլոգն եք, բազմաթիվ անվճար կոնսուլտացիաներ եք իրականացրել, «Տղամարդու առողջություն» ՀԿ նախագահն եք. ինչպե՞ս եք հասցնում համատեղել:
-Բժիշկը հենց կոնկրետ բժշկական գիտություններով զբաղվող գիտնական է, ով դատապարտված է անընդհատ կատարելագործվելու: Արդեն փաստ է, որ աշխարհում ամենադինամիկ զարգացող գիտական ճյուղը դա բժշկությունն է: Այսպիսով բժիշկը որպես գիտնական նույնպես պետք է համընթաց քայլի աշխարհի զարգացումների հետ: Իմ գործունեության ամբողջ ընթացքում մշտապես կարեւորել եմ փորձի փոխանակումը եւ պարբերաբար համագործակցում եմ Եվրոպաի եւ Ռուսաստանի առաջատար մասնագետների հետ, կարծում եմ մեր մասնագիտության առանձնահատկությունը այն է, որ անընդհատ կա անհրաժեշտություն միջազգային փորձի ու գիտելիքների ներդրման: Ինչ վերաբերվում է հասարակական գործունեությանը, ապա հիշեցնեմ, որ առողջապահության կազմակերպումը մասնավորապես եւ բժշկությունը ընդհանրապես հասարակության հետ տարվող աշխատանքներով մշտապես ծանրաբեռնված են:
Առողջապահությունը պետք է մատչելի եւ հասկանալի լինի հասարակության համար: Սկսած հիվանդությունների կանխարգելումից մինչեւ ուղղակի առողջ ապրելակերպի կանոնների իմացությունը, ցանկացած երկրում հասարակությունը մշտապես նայում է բժիշկի կողմը: Բժիշկը պետք է կարողանա գրագետ երկխոսության մեջ մտնել իր հիվանդի հետ: Միջազգային ոլորտում նույնպես պետք է ակտիվ դերակատարում ունենալ, նշեմ, որ 2008թ.-ից հանդիսանում եմ «Տղամարդու Առողջություն» կազմակերպության նախագահ, որը այս տարիների ընթացքում իրազեկման փորձի փոխանակման նպատակով կազմակերպել եւ իրականացրել է միջազգային բազմաթիվ կոնֆերանսներ, որոնք նպատակ ունեն ավելի մանրամասն վերհանել եւ լուսաբանել տղամարդու առողջության վերաբերյալ բազմաթիվ միջդիսցիպլինար հիմնախնդիրներ: Ի դեպ, այդ աշխատանքների արդյունքում սերտ համագործակցության հիմք դրվեց միջազգային տարբեր կազմակերպությունների հետ, մասնավորապես Ռուսաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի եւ այլ համանուն առողջապահական կազմակերպությունների հետ համագործակցության հստակ ծրագրեր մշակվեցին, որոնք այսօր ընթացքի մեջ են:
-Իսկ մենք` հայերս, որքանո՞վ ենք ուշադիր սեփական առողջության նկատմամբ:
– Մեծ մասամբ սպասում են` դանակը ոսկորին հասնի, նոր դիմեն բժշկի: Բայց պետք է ուրախությամբ ասեմ, որ այս տենդենցը աստիճանաբար հասարակության մեջ նվազում է. համենայնդեպս սեփական առողջությամբ հետաքրքրվելու միտում նկատվում է:
ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ
«Առավոտ»
24.11.2016