«Նաիրի Ինշուրանսն» ասում էր, թե պատահարից 1 ժամ հետո են իրենց տեղեկացրել եւ ոչ՝ «անհապաղ» «Առավոտի» հրապարակումից հետո
«Առավոտը» տեղեկացրել էր, որ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը դիմել էր դատարան՝ ընդդեմ Վահան եւ Արամ Եղիազարյանների` գումար բռնագանձելու պահանջով:
Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր ապահովագրական ընկերության հայցը: Ընկերությունը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, ուր դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ բողոքի քննությունն օրեր առաջ ավարտվեց:
Ապահովագրական ընկերության եւ Վահան Եղիազարյանի միջեւ 2014թ. փետրվարի 12-ին կնքվել է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության վկայագիրը: Այդ վկայագրով ապահովագրվել է «VOLKSWAGEN PASSAT» մակնիշի ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը: Տեղի է ունեցել պատահար, որի ժամանակ միմյանց են բախվել նշյալ «VOLKSWAGEN PASSAT» մակնիշի եւ «FORD MONDEO» ավտոմեքենաները: Պարզվել է, որ պատահարը մասամբ պայմանավորվել է «VOLKSWAGEN PASSAT»-ի վարորդ Արամ Եղիազարյանի «ոչ իրավաչափ գործողություններով»:
Կարդացեք նաև
2014թ. սեպտեմբերի 9-ին տուժող կողմից ստացված ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմումի հիման վրա ընկերության կողմից կազմվել է ապահովագրական հատուցում վճարելու վերաբերյալ թիվ 1822 որոշումը: Որոշման համաձայն՝ տուժող կողմ հանդիսացող «FORD MONDEO» ավտոմեքենայի սեփականատեր Արա Դերունյանին, որպես ապահովագրական հատուցում, վճարվել է 325.000 ՀՀ դրամ:
Բողոք էր բերել ապահովագրական ընկերությունը, դատարանը վերաքննիչ բողոքը բավարարել է, բեկանել Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա օգոստոսի 1-ի քաղաքացիական գործով կայացրած վճիռը: Գործն ուղարկվել է դատարան՝ նոր քննության:
Ըստ դատարանի իրավական գնահատականների, «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերության եւ Վահան Եղիազարյանի միջեւ կնքված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության վկայագրի համաձայն` ապահովադիրը պարտավոր է ապահովագրական պատահարը տեղի ունենալուց հետո «անհապաղ», առաջին իսկ հնարավորության դեպքում այդ մասին հայտնել ապահովագրողին՝ զանգահարելով ԱՊՊԱ կտրոնի վրա նշված հեռախոսահամարով: Այս գործով, վարորդը հիմնավորել էր, թե ինչու «անհապաղ» չի զանգել, չի կարողացել տեղեկացնել:
Մասնավորապես, նա առաջին ատյանի դատարանում հայտնել էր. «Վթարը տեղի է ունեցել ոչ թե ժամը 8-ին, այլ 8-ից հետո, հավանաբար՝ ժամը 8 անց 30-ի հատվածում: Եթե իմանային, որ ապահովագրական ընկերությունը հետագայում նման պահանջներ կներկայացներ իրենց դեմ, ապա ժամն, անշուշտ, հստակ կֆիքսեին: Ավտովթարի հետեւանքով իմ մեքենան ամբողջությամբ ծխով էր պատված, հրդեհի բռնկումը անխուսափելի էր թվում եւ միայն երջանիկ պատահականությամբ հրդեհ չբռնկվեց, քանի որ ես, հավաքված պատահական անցորդների հետ միասին, հազիվ կարողացա անջատել մեքենայի մարտկոցի լարերը եւ այդ կերպ կանխվեց հրդեհի բռնկումը: Վթարից հետո ես կատարվածի ազդեցության տակ ընկել էի շոկային վիճակի մեջ, չէի հասկանում, թե ինչ է կատարվել, իսկ այդ վիճակից դուրս գալու համար րոպեներ էին պետք: Բացի այդ, հայերը, ելնելով իրենց հոգեկերտվածքից, միանշանակ չեն ընդունում կողմերից մեկի մեղավորությունը եւ սկսում են միմյանց մեղադրել ու յուրաքանչյուրը տվյալ պահին փորձում է ապացուցել, որ ինքը ճիշտ է, իսկ մյուսը՝ մեղավոր: Մեր դեպքում նույնպես որոշ ժամանակ վատնել ենք միմյանց մեղադրելու վրա: Այդքանից հետո, երբ հնարավորություն եմ ունեցել զանգել ապահովագրական ընկերությանը, տեսել եմ, որ հեռախոսը չկա: Վթարին նախորդող պահին հեռախոսը դրված է եղել մեքենայի փոխանցումների տուփի մոտ, որը վթարից հետո շպրտվել էր իր տեղից եւ ահագին ժամանակ չէի կարողանում գտնել, իսկ երբ գտա, անմիջապես զանգել եմ: Զանգել եմ ոչ թե 1 ժամ 5 րոպե հետո, ինչպես նշված է հայցադիմումում, այլ առաջին իսկ հնարավորության առկայության դեպքում, հնարավորինս սեղմ ժամկետում, վթարից շուրջ 20-25 րոպե անց»:
Ի դեպ, «FORD MONDEO» ավտոմեքենային պատճառված վնասի չափը, ավտոտրանսպորտային միջոցին պատճառված վնասի գնահատման հաշվետվությամբ, գնահատվել է 650.000 ՀՀ դրամ:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
24.11.2016