Պատկերացրեք ԱՄՆ-ի քաղաքներից մեկում ապրող մի փոքրիկ հայ համայնք, որ չի կարող մեծ քանակի աջակցություն ուղարկել Հայաստան, այսպիսի մի բան ձեռնարկի: Համայնքի պատասխանատուները գնում են տեղական ամերիկյան թերթի, ռադիոյի կամ հեռուստատեսության խմբագրություն ու ասում. «Կուզե՞ք, արդյոք, մի լրագրող մի քանի օրով գործուղել Հայաստան: Մենք կհոգանք նրա ծախսերը»:
Երկու շաբաթ առաջ Հայաստանում մասնակցում էի Սփյուռքի նախարարության կազմակերպած Լրագրողների համահայկական 8-րդ համագումարի աշխատանքներին, որի ժամանակ էլ նախարար Հրանուշ Հակոբյանի հետ զրույցներում նա առաջարկեց այս գաղափարը: Իսկապես, ինչքան օգուտ կլիներ մեր հայրենիքին, եթե սփյուռքի ամեն մի համայնք տարին մի անգամ կարողանա տեղական մի լրագրող գործուղել Հայաստան: Ահա դրա բազմապատկման արդյունքն ու հետեւանքը:
Կան բաներ, որ կարելի է անել փոքր բյուջեով ու ստանալ մեծ արդյունք: Քանի որ հնարավորությունները միշտ սահմանափակ են, մենք՝ թե հայրենիքում, թե սփյուռքում, պետք է մտածենք այնպիսի գաղափարների մասին, որոնք փոքր միջոցներով արագ կզորացնեն մեր տնտեսությունը, բանակն ու կբարելավեն հասարակության մարդկային որակները:
Այս գաղափարի ծախսը մեծ չէ: Խոսքը գնում է 2000-3000 ԱՄՆ դոլարի մասին (եթե լրագրողը գալիս է ԱՄՆ-ից), որ կհոգա ճանապարհածախսն ու կեցությունը:
Օտար լրագրողը, տեղի համայնքի ֆինանսական հոգածությամբ, գալիս է Հայաստան՝ մեր երկրի մասին իր տպավորություններն իր մամուլում գրելու համար: Օդանավակայանից նրան դիմավորում է Սփյուռքի նախարարության հատուկ աշխատակիցն ու այդ մի քանի օրերն անցկացնում նրա հետ: Այս ընթացքում այս օտար լրագրողը մոտիկից ծանոթանում է հայկական խոհանոցին, տեսարժան վայրերին, հանդիպում առաջադեմ մտածողություն ունեցող պաշտոնյաների ու նաեւ մեկնում Արցախ: Եվ այս ամենն օրական կնքվում է հայկական խոհանոցի լավագույն նվաճումներով:
Կարդացեք նաև
Մի խոսքով, այս լրագրողը Հայաստանում ունենում է բառիս ամենադրական իմաստով գլխապտույտ փորձառություն: Ի՞նչ պիտի ինքը գրի մեր երկրի մասին, երբ վերադառնա եւ որքան զբոսաշրջիկ ու հնարավոր ներդրումներ կբերեն այսպիսի հոդվածները մեր երկրին, եթե ավելի ու ավելի սփյուռքահայ համայնքներ այսպիսի ձեւերով օգնեն մեր հայրենիքին:
Այս լրագրողը կվերադառնա ու ամենայն հավանականությամբ մի հոդված կգրի.
ա. Հայաստանի մասին
բ. Հայկական խոհանոցի մասին
գ. Տեսարժան վայրերի ու զբոսաշրջության մասին
Դ. Արցախի մասին, այն, ինչ որ կլսի ու կտեսնի
ե. Հայաստանի տնտեսության մասին
Այս տեղական թերթերը հարյուր հազարավոր ու միլիոնավոր ընթերցողներ ունեն: Պատկերացրեք, որքան հնարավոր զբոսաշրջիկ կգա Հայաստան՝ այս հոդվածները կարդալով: Երկու օր առաջ Ատլանտայի հայ համայնքում ոգեւորված պատմում էի Հայաստան վերջին այցելությանս մասին ու մեր երկրում տեղի ունեցող մեծ փոփոխությունների մասին: Ժողովրդի խանդավառությունն այնքան մեծ էր, որ մի քանի հոգի անմիջապես խնդրեցին համայնքով խումբ կզամենք ու այցելենք Հայաստան: «Իմ հայրենիքն է, կուզեմ անպայման տեսնել»,- ասաց մի կին: Մյուսն էլ, երբ իմացավ, թե որքան է առաջացել մեր հայրենիքը ՏՏ ոլորտում, մայր ու աղջիկ (ՏՏ ոլորտից) ասացին՝ գնանք մի երկու տարի աշխատենք Հայաստանում, հետո կերեւա:
Միջին զբոսաշրջիկը, ով երկրում անցկացնում է մեկ շաբաթ, այդ շաբաթվա ընթացքում համեստ հաշվարկներով ծախսում է ավելի քան 1000 ԱՄՆ դոլար: Հազար զբոսաշրջիկ մեր երկրում կթողնեն ամենաքիչը 1,000,000 ԱՄՆ դոլար: Այդ մարդիկ հավանաբար հետ կգան մեր երկիրը: Օտար թերթերում, օտար լեզուներով տպագրված հոդվածները կգրավեն նաեւ տեղական ներդրողների ուշադրությունը, ովքեր միշտ նոր հնարավորություններ են փնտրում ներդրումների համար:
Սա ընդամենը մեկ համայնքի փոքրիկ գործ՝ իր հայրենիքի համար: «Մենք կհոգանք ծախսը, եթե դուք 5 օրով լրագրող ուղարկեք Հայաստան»,- կասեն համայնքի պատասխանատուները տեղական խմբագրին: Իսկ պատկերացնո՞ւմ եք, եթե սփյուռքի հազարավոր մեր համայնքներ աշխարհի տարբեր տեղերից տարին մեկ անգամ այսպես լրագրող ուղարկեն Հայաստան: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ արդյունք դա կունենա մեր երկրի համար:
ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
«Առավոտ»
24.11.2016