Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՏԱԼԱԿԱՆ

Նոյեմբեր 25,2016 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ վաթսուներորդ

ԻՏԱԼԱԿԱՆ

Արդեն տարուց ավելի է՝ իրիկունները հավաքվում ենք «Երիտասարդական» մետրոյի հետեւի իտալական անունով սրճարանում, ավելի ճիշտ՝ ճաշարանում, իսկ ավելի ստույգ՝ էդ օբյեկտը ցերեկները ճաշարան է, որտեղ շրջակա հիմնարկների աշխատողները կանոնավոր ընդմիջում են անում՝  էդ իտալական անունով օբյեկտի ցերեկային սպասը, տոլման ու մյուս տնական ուտեստներն ըմբոշխնելով, եւ չնայած ամեն օր օրթախականներով էդ սրճարանում ենք հավաքվում, նախորդ պարբերությունը գրելիս ոչ մի կերպ չէի կարողանում էդ սրճարանի  իտալական անունը հիշել, եւ երեկ իրիկուն թղթի վրա էդ սրճարանի անունը գրեցի, որպեսզի ձեզ  փոխանցեմ էդ անունը՝ «Մարինո», եւ երեկ իրիկուն ընդամենը երեքով էինք՝ ես, Օրթախ Ալբերտն ու Սերոբը, եւ դա բացառիկ դեպք էր, որովհետեւ էդ սրճարանի մեր սեղանը երբեւէ էդքան սակավամարդ չէր եղել, եւ դա ոչ միայն բացառիկ դեպք էր, այլեւ՝ միանգամայն անբացատրելի, ու էդ է պատճառը, որ դժվարանում եմ բացատրել, թե՝ ինչու էինք երեկ  իրիկուն ընդամենը երեքս ներկայացել, եւ հատկապես ճարտարապետ Կորյունն էր բացակա, եւ Կորյունի առումով «հատկապես» եմ ասում, որովհետեւ ինչքան որ ճարտարապետ Կորյունն է մեր շրջապատի համար  նորություն ու թարմություն, նույնքան ու ավելի մեր շրջապատն է Կորյունի համար նորություն, եւ ինչքան որ մեր շրջապատն է Կորյունի համար հաճելի նորություն, նույնքան էս «Մարինո» սրճարանն է մեր շրջապատի համար հաճելի նորություն՝ հատկապես էն իմաստով, որ էստեղ մեր գոռգոռոցների համար որեւէ մեկը մեզ դիտողություն չի անում՝ էն պարզ պատճառով, որ էստեղ երեկոյան իննից հետո մեզնից ու պահակից բացի ուրիշ մեկը ներկա չի լինում, որովհետեւ էդ «Մարինոն», որը, փաստորեն, ամբողջ օրը տնական  ուտեստների ճաշարան է եւ հիմնականում մեզ համար է սրճարան, երեկոյան իննի կողմերը փակվում է, եւ իննից հետո միայն մենք ու պահակն ենք մնում, եւ պահակն ու աշխատողները մեզ դուրս չեն հրավիրում, որովհետեւ մենք իրենց ամենօրյա հաճախորդներն ենք, եւ չնայած էս «Մարինոն» ցերեկները ճաշարան է, ես շարունակաբար սրճարան եմ անվանում, որովհետեւ մենք էստեղ միայն սուրճ ու թեյ ենք խմում, ինչպես նաեւ՝  հանքային ու անգազ ջրեր, եւ անգազ ջուր հիմնականում Ղուշչյանն է պատվիրում, ընդ որում՝ «Դիլիջան», որովհետեւ Ղուշչյանն իջեւանցի է, բայց քանի որ «Իջեւան» անունով ջուր «Մարինոյում»  գոյություն չունի, Ղուշչյանը «Դիլիջանով» է իր ծարավը հագեցնում, եւ ամեն անգամ, երբ մատուցողը բերում է էդ անգազ «Դիլիջանը», Օրթախը  քմծիծաղով ասում է՝ «մի քսան տարի առաջ եթե մեկն ասեր, որ սովորական անգազ խմելու ջուրը լցնելու են շշերի մեջ ու փողով ծախելու են, էդ ասողին գժի տեղ կդնեինք», եւ ամեն անգամ, երբ Օրթախն էդ ասում է, Արիկն ասում է՝ «էս գազով «Ջերմուկը» որ խմում ենք, գիտեք թե՝ իսկակա՞նն ա» ու էդ ասելով ավելացնում է՝ «ես լսել եմ, որ «Ջերմուկը» Երեւանում են լցնում. սովորական ջուրը գազավորում են ու «Ջերմուկի» տեղ նաղդում են վրեքս», եւ ամեն անգամ, երբ Արիկն էդ ասում է, Սերոբն Արիկին հարցնում է՝ «այսինքն, Ջերմուկում «Ջերմուկը» քչություն ա՞ անում», եւ ամեն անգամ Արիկը պատասխանում ու ասում է՝ «չէ. հեչ էլ քչություն չի անում», եւ Արիկի էդ պատասխանից հետո ամեն անգամ Սերոբը հարցնում է՝ «բա ինչի՞ են Երեւանում լցնում», եւ ամեն անգամ  Արիկը բացատրելով պատասխանում ու ասում է՝ «որովհետեւ եթե Ջերմուկում իսկական «Ջերմուկ» են շշերի մեջ լցնում ու հասցնում են Երեւան, վրեքը շատ թանկ ա նստում. տակ են տալիս», եւ ամեն անգամ, երբ Արիկը կեղծ «Ջերմուկի» մասին էս բաներն ասում է, Օրթախն Արիկին ասում է՝ «էլի սկսեցի՞ր ֆանտազիայիդ զոռ տալ», եւ էս թեմայով խոսակցությունն էսքանով ու սրանով չի ավարտվում, բայց ես չեմ շարունակի, որովհետեւ խոստացել եմ, որ օրթախականների էդ ամենօրյա հավաքներին  գոնե մոտ ժամանակներս չեմ անդրադառնալու:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930