Լրահոս
Օրվա լրահոսը

Չդատված մարդուն կրկնահանցագործ են սարքել

Նոյեմբեր 24,2016 23:23

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում, դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, 2016թ. փետրվարի 1-ից շարունակվում է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 4 բնակիչների դատավարությունը:

Քննվում է քրեական գործն ըստ մեղադրանքի Սաշա եւ Հովհաննես Ղալթախչյանների՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 235 հոդվածի 1-ին մասով, Արտակ Մանուչարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Գագիկ Ալավերդյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով: Աչաջուր գյուղի վերոհիշյալ բնակիչները մեղադրվում են 2015թ. հունվարի 17-ին նույն գյուղի բնակիչ Մեխակ Մելիքբեկյանին առեւանգելու մեջ: Ամբաստանյալները չեն ընդունում մեղքը, հայտարարելով, որ իրականում առեւանգում չի եղել: 4 ամբաստանյալները գտնվում են կալանքի տակ:

Նոյեմբերի 22-ի նիստում ցուցմունք տվեց  քրեական գործով տուժող ճանաչված Մեխակ Մելիքբեկյանի ընկեր, ամբաստանյալ Արտակ Մանուչարյանը: Պետական մեղադրող Ռաֆիկ Երիցյանի միջնորդությամբ դատարանը հրապարակեց Ա. Մանուչարյանի նախաքննական ցուցմունքները, որպեսզի ի հայտ գան դատարանում տված նրա ցուցմունքների եւ նախաքննական ցուցմունքների հակասությունները: Ա. Մանուչարյանը հայտնեց, որ ՀՀ քննչական կոմիտեի ավագ քննիչ Վահրամ Հովհաննիսյանը նախաքննության ընթացքում ամեն կերպ իր վրա ճնշում է գործադրել, որպեսզի ինքը` որպես ենթադրյալ առեւանգման կազմակերպիչ նշի Աչաջրի գյուղապետ Կամո Ղալթախչյանին:

Ուշագրավ է, որ նշված քննիչի կողմից Ա. Մանուչարյանից 2015թ. մարտի 12-ին վերցված ցուցմունքի մեջ նշված է, որ Ա. Մանուչարյանը նախկինում 2 անգամ դատվել է խուլիգանության եւ մարմնական վնասվածք պատճառելու համար: Արտակ Մանուչարյանը դատարանում զարմանք հայտնեց, քանզի ինքը նախկինում դատված չի եղել:

Սաշա եւ Հովհաննես Ղալթախչյանների, Գագիկ Ալավերդյանի պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հայտարարեց, որ այդ փաստը «քար է գցում» Ա. Մանուչարյանի կողմից տրված տվյալ ցուցմունքի արժանահավատության վրա: Սույն քրեական գործով դատավարության հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 29-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930