Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամավորականներ ունենք ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Իսրայելից. նրանք ամեն վայրկյան հրահանգի են սպասում»․ԵԿՄ Շիրակի կառույցի ղեկավար

Նոյեմբեր 24,2016 23:11

ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանը, որը տեղի երկրապահների հետ պարբերաբար առաջնագծում է լինում, Aravot.am- ի հետ զրույցում ասաց, որ լարվածությունն այս պահին փոքր-ինչ թուլացել է․թշնամին սահմանագծի մոտ ավարտել է իր զորավարժությունները, սակայն նրանից միշտ էլ վտանգ կա։

«Չես կարող կանխագուշակել, թե թշնամին ինչ է մտածում, այս պահին թուրքը զգոն է, բայց նրա զգոնությունն ավելի շատ վախից է, իսկ մեր զինվորների մոտ նկատելի է նախահարձակ լինելու տրամադրվածություն, տղերքը տրամադրված են, որ մի օր կլինի հրաման փոքր կորցրածը հետ վերցնելու կամ ավելի շատ վերցնելու հնարավորություն կտրվի իրենց»,- ասում է Յուրա Ալեքսանյանը։ Ըստ նրա, ամեն այցից հետո նկատում են, որ բավական թերություններ շտկվել են, քառօրյա պատերազմն այս առումով յուրատեսակ դաս է եղել։

Ըստ Յուրա Ալեքսանյանի, մարդիկ այս օրերին էլ շարունակում են գալ, որպես կամավորական ցուցակագրվել ու հարկադրել իրենց ևս տանել Արցախ։ «Ապրիլյան պատերազմից հետո այսօր բանակ ասելով յուրաքանչյուրը պատկերացնում է իր տունը, իր հարևանին, իր ազգը, իր քաղաքը, բոլորի ուշադրությունը սևեռված է բանակին, այսօր ընդդիմություն, դիմություն, քյասիբ, հարուստ, բոլորը բանակին նայում են։ Լիքը մարդիկ են գալիս, ասում ենք՝ չենք կարող ձեզ այս պահին տանել, դրա անհրաժեշտությունը չկա, նեղվում են, քանի դեռ վերջնական լուծում տրված չէ այս խնդրին, մարդիկ չեն կարող հանգիստ քնել։ Նրանք, ինչպես միշտ, առանց սպասելիքների ու ակնկալիքների պատրաստ են եղել ու պատրաստ են իրենց աշխատանքը թողնել, հանապազօրյա հացը վաստակելու հնարավորությունը մի կողմ դնել ու լինել առաջնագծում՝զինվորի կողքին։

Արցախյան պատերազմի ժամանակ մարդիկ կային, ելել, կիսամեռ վիճակում եկել էին պատերազմի դաշտ, ինֆարկտ տարած մարդը երկու օր խրամատի մեջ նստած էր, կողքից են ասել՝ տարեք այս մարդուն, հանկարծ չմեռնի, պատկերացրեք ինչ կարգի ոգևորված էին տղերքը․․․ Դպրոցահասակ մի տղա՝ 16 տարեկան, տանից փախել, տաքսին նստել, եկել էր Արցախ, հազիվ հետ ենք ճամփել։ Թեև անուններ չեմ ուզում հրապարակել, բայց մեզ մոտ այս պահին էլ որպես կամավորականներ ընդգրկած են թե՛ Մոսկվայից, Աստրախանից, Ռոստովից, Օդեսայից, թե՛ Ամերիկայից, թե՛ Ֆրանսիայում, թե Իսրայելից․․․ Նրանք ամեն վայրկյան հրահանգի են սպասում, նրանք Արցախյան պատերազմի ժամանակ այստեղ էին, մեր կողքին․․․Մարտական գործողությունների վերսկսման դեպքում դարձյալ կլինեն Արցախում»,- ասաց Յուրա Ալեքսանյանը։ Նա տեղեկացրեց, որ ԵԿՄ-ն բաժանմունքներ ունի ՌԴ-ի գրեթե բոլոր շրջաններում, ինչպես նաև ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում, Ֆրանսիայի Մարսել քաղաքում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930