Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանագոտում օղի, օղի թորելու պղնձե սարք են գողացել

Նոյեմբեր 24,2016 22:00

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Այգեձոր գյուղում 1987թ. ծնված, Արարատի մարզի Այնթապ գյուղում բնակվող, նախկինում դատված Սեյրան Կիզողյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. աշնանը նախնական համաձայնության գալով Այգեձոր գյուղի բնակիչ Արամ Աղասյանի հետ, Երեւանի քաղաքի բնակիչ Ժորա Օրդյանին պատկանող, Այգեձոր գյուղում գտնվող առանձնատան նկուղի մետաղյա դուռը երկաթե ձողով բացելու նպատակով, ապօրինի կերպով մուտք են գործել առանձնատան նկուղ եւ այնտեղից գաղտնի հափշտակել 6 լիտր օղի, 40 լիտր տարողությամբ ալյումինե կաթսա, 60 կիլոգրամ պղնձալար՝ Ժ. Օրդյանին պատճառելով զգալի չափերի՝ 100 հազար դրամի նյութական վնաս:

Բացի այդ, 2013թ. աշնանը Ս. Կիզողյանը Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ Խաչատուր Առաքելյանի հետ հյուրընկալվելով Այգեձոր գյուղի բնակչուհի Էմմա Աղասյանի առանձնատանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով առանձնատան նկուղից գողացել են պղնձյա սարք՝ իր կափարիչով եւ էլեկտրական սարք, Էմմա Աղասյանին պատճառելով զգալի չափերի՝ 80 հազար դրամի նյութական վնաս:

Ս. Կիզողյանին, Ա. Աղասյանին եւ Խ. Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով («Գողությունը՝ ուրիշ գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»): Սույն հոդվածով բնութագրվող հանցանքը պատժվում է 500 հազար դրամից 1 միլիոն դրամ տուգանքով կամ 2-5 տարի ազատազրկմամբ: Ս. Կիզողյանի, Խ. Առաքելյանին նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, Ա. Աղասյանի նկատմամբ՝ կալանավորումը:

Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում սկսել է հոկտեմբերի 20-ին: Այդ օրվա եւ նոյեմբերի 1-ի դատական նիստերին Ս. Կիզողյանը չի ներկայացել: Նոյեմբերի 1-ի դատական նիստից առաջ մեղադրող Ներսես Չիլինգարյանը միջնորդել է  Ս. Կիզողյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխել, ամբաստանյալներ Ա. Աղասյանը եւ Խ. Առաքելյանը դրան չեն առարկել:

Նոյեմբերի 1-ին դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է Ս. Կիզողյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխել «կալանավորման», վերջինիս նկատմամբ հայտարարել հետախուզում, գործի վարույթը կասեցնել մինչեւ Կիզողյանի հայտնաբերումը: Նոյեմբերի 15-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում գրություն է ստացվել, որ Ս. Կիզողյանը ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնից նոյեմբերի 10-ին տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Դատարանը որոշել է քրեական գործի վարույթը վերսկսել եւ դատական նիստ է նշանակել նոյեմբերի 24-ին:

Այսօր՝ նոյեմբերի 24-ին ամբաստանյալ Ս. Կիզողյանը դատարանին խնդրել է իրեն հանրային պաշտպան տրամադրել, այդ խնդրանքը բավարարվել է, դատական նիստը հետաձգվել է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930