Նոյեմբերի 24-ին Սանկտ -Պետերբուրգի Տավրիկյան պալատում մեկնարկեցին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքները, որին մասնակցում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Հայկ Բաբուխանյանը, Արմեն Ավետիսյանը և Արաիկ Հովհաննիսյանը:
Նոյեմբերի 24-ի միջոցառումների շրջանակում տեղի ունեցան ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի Խորհրդի, Քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության, Գիտության և կրթության, Իրավական, Ագրարային քաղաքականության, բնական պաշարների և էկոլոգիայի և Պետական շինարարության փորձի ուսումնասիրման և տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովի նիստերը:
Քաղաքական հարցերի ու միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստին մասնակցեցին պատվիրակության ղեկավար, վերոնշյալ հանձնաժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Նիստում քննարկվեցին օրակարգային մի շարք հարցեր, այդ թվում՝ վերոնշյալ հանձնաժողովի նախագահների տեղակալների ընտրության, , ԱՊՀ ՄԽՎ 45-րդ լիագումար նիստին առնչվող կազմակերպչական և այլ բնույթի հարցեր, ընդունվեցին բազմաթիվ փաստաթղթեր:
ԱՊՀ ՄԽՎ Քաղաքական հարցերի ու միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի փոխնախագահ վերընտրվեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էր նաև ԱՊՀ 25- ամյակի և ժամանակակից իրողություններին ԱՊՀ համապատասխանեցման մասին հարցը, որի շուրջ հայկական պատվիրակության ներկայացուցիչները հնչեցրեցին առաջարկություններ:
Կարդացեք նաև
Նույն օրը տեղի ունեցավ ԱՊՀ ՄԽՎ Խորհրդի նիստը, որին մասնակցեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Խորհրդի նիստը վարեց ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Ի թիվս այլ հարցերի` նիստի օրակարգում ընդգրկված՝ «Տաջիկստանի Հանրապետությունում մայիսի 22-ին կայացած Սահմանադրության հանրաքվեի մշտադիտարկմանը ԱՊՀ դիտորդական խմբի եզրակացության մասին, հարցը զեկուցեց Հերմինե Նաղդալյանը, ով դիտորդական խմբի համակարգողն էր:
ԱԺ փոխնախագահ, պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը իր ելույթում, ներկայացնելով Տաջիկստանի Հանրապետությունում մայիսի 22-ին կայացած Սահմանադրության հանրաքվեի մշտադիտարկմանը ԱՊՀ դիտորդական խմբի եզրակացությունը, ընդգծեց, որ այն անցկացվել է առավելագույն ակտիվությամբ, որի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել Տաջիկստանի Հանրապետության Մաջլիսի երկու պալատների խորհրդարանականների, Սահմանադրության փոփոխությունների և լրացումների նախագծի մշակողների հետ։ ՀՀ ԱԺ փոխնախագահը Սահմանադրության փոփոխությունների և լրացումների նախագծի մշակման գործում կարևոր է համարել հանրապետության քաղաքացիների հետ աշխատանքի՝ Տաջիկստանում կիրառված փորձը ։ Ըստ Հ. Նաղդալյանի՝ բոլորին հնարավորություն էր ընձեռված փոփոխությունների և լրացումների հետ ծանոթանալու և դրանց հրապարակային քննարկման համար։ Դիտորդական խումբը այցելել է ավելի քան 80 տեղամասեր Տաջիկստանի Հանրապետության տարբեր շրջաններում և
ստեղծված էին բոլոր անհրաժեշտ պայմանները` հանրաքվեի կազմակերպման և անցկացման լիարժեք և մանրամասն դիտարկում անցկացնելու համար։
Վերջում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը, որպես դիտորդական խմբի համակարգող, շնորհակալություն է հայտնեց ԱՊՀ ՄԽՎ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարությանը` խմբի կազմում փորձառու և արհեստավարժ դիտորդների ուղարկման համար, որոնց շնորհիվ հաջողվել է հանրաքվեի մշտադիտարկումն անցկացնել ամենաբարձր մակարդակով։
ԱՊՀ ՄԽՎ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին մասնակցեց ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
ԱՊՀ ՄԽՎ Գիտության և կրթության մշտական հանձնաժողովի նիստին ,,ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդ գիտնականների համագործակցության մասին,, որոշման վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ԱԺ պատգամավոր, նույն հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը: Տվյալ մոդելային օրենքը մտավ 45-րդ լիագումար նիստի օրակարգ:
ԱՊՀ ՄԽՎ Ագրարային քաղաքականության, բնական պաշարների և էկոլոգիայի հարցերով մշտական հանձնաժողովի նիստին մասնակցեց ԱԺ պատգամավոր Արմեն Ավետիսյանը: Սույն հանձնաժողովի նիստին քննարկվեցին մոդելային օրենքների նախագծեր, ինչպես նաև, ութերորդ Նևսկի միջազգային էկոլոգիական համաժողովի անցկացման մասին հարցը:
ԱՊՀ ՄԽՎ Պետական շինարարության փորձի ուսումնասիրման և տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովի նիստին՝ ԱԺ պատգամավոր Արաիկ Հովհաննիսյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին բազմաթիվ մոդելային օրենքների նախագծեր, ինչպես նաև ԱՊՀ անդամ-երկրների միջռեգիոնալ համագործակցության մասին համաձայնագիրը:
Նույն օրը Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում տեղի ունեցավ հանդիպում Եվրասիական միության երկրների խորհրդարանների ղեկավարների հետ, որին մասնակցեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Եվրասիական տնտեսական հեռանկարներին, ԵԱՏՄ երկրների փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր:
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն նաև վաղը՝ նոյեմբերի 25-ին՝ ԱՊՀ ՄԽՎ 45-րդ լիագումար նիստով և ամփոփիչ մամուլի ասուլիսով: