Էրոս Ռամազոտիի երևանյան չկայացած համերգի տոմսեր գնած քաղաքացիների հայցով դատաքննությունն Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կրկին հետաձգվեց:
Հիշեցնենք, որ 60 քաղաքացի պահանջում են իրենց գնած տոմսերի գումարները վերադարձնել:
Այսօր նիստի հետաձգման միջնորդությունը ներկայացրեց դատարան ներկայացած միակ պատասխանողներից «Show star» ՍՊԸ ներկայացուցիչը, որը ընկերության շահերը ներկայացնելու լիազորությունն այսօր էր ստացել: Նա ժամանակ խնդրեց դատարանից հայցադիմումի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար:
60 քաղաքացու շահերի ներկայացուցիչը՝ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Դեմիրչյանն այս գործով ոչ միայն տուժողների ներկայացուցիչն է, այլեւ անձամբ տուժել է: Նա չկայացած համերգի չորս տոմս ունի, որի փոխհատուցումն այդպես էլ չի ստացել:
Դատական նիստից հետո փաստաբանն Aravot.am-ին ասաց, որ չի բացառվում, որ ընկերության կողմից արհեստականորեն ձգձգվում է նիստը, որ բոլոր տուժածներին փոխհատուցեն, ու գործն ավարտվի հաշտությամբ, բայց ինքը անձամբ իր չորս տոմսի հարցում մինչեւ վերջ է գնալու, դա սկզբունքի հարց է. «Ամեն դեպքում ձգձգման արդյունքում մենք հայցադիմումում նաեւ տոկոսներ ենք պահանջել, այսինքն, ձգձգման արդյունքում այդ տոկոսները շարունակվելու են հաշվարկվել: Բացի այդ, եթե նույնիսկ բոլորին հատուցեն, ամեն դեպքում, իմ չորս տոմսերի ճակատագիրը միայն դատական հաշտությամբ կարող է լինել: Դա սկզբունքային հարց է, դատական գործը տանել մինչեւ վերջ, նույնիսկ եթե մյուս վաթսուն հայցվորների պահանջները բավարարվեն ու նրանց մասով հայցից հրաժարվենք, իմ չորս տոմսի ճակատագիրը փորձելու եմ լուծել միայն դատական ճանապարհով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ