Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց Կարո Եղնուկյանի պահանջը` իրեն տեսակցելու ու հաղորդակցվելու հնարավորություն տալ նաեւ ընտանիքի մյուս անդամներին: Հիշեցնենք, հուլիսին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա Ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանին, ըստ առաջին ատյանի դատարանի որոշման, կարող են տեսակցել ընտանիքի անդամներից միայն կրտսեր դուստրն ու տարեց մայրը: Թե ի՞նչ պատճառաբանությամբ է վերաքննիչ դատարանը մերժել պահանջը`Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դեռ չգիտի: Որոշումն ինքը դեռ չի ստացել:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Հայրապետյանն ասաց, որ իր պաշտպանյալն անհիմն է համարում այդ սահմանափակումները, կարծում է, որ այդպիսով իրեն ուղղակի պատժում են, մանավանդ, որ նախաքննությունն ավարտվել է եւ նախաքննական գաղտնիքի փոխանցման որեւէ հարց չկա: «Այս պարագայում անիմաստ եւ անհիմն են այս գործողությունները»,- դատարանում հայտարարել է Կարո Եղնուկյանը:
Տիգրան Հայրապետյանը տեղեկացրեց, որ իրենք այդ մերժումը կվիճարկեն վճռաբեկ դատարանում, ապա նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ