Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանի` ՀՀԿ-ական դառնալու առիթով Արմեն Մարտիրոսյանը հիշեց Տիգրան Սարգսյանին

Նոյեմբեր 24,2016 20:03

Վարչապետի ու նախարարների հանրապետականացումը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նոր բան կամ «ռեբրենդինգ» չի համարում:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մարտիրոսյանն այս առիթով հիշեց Տիգրան Սարգսյանին. «Որերորդ անգամ ենք նման բան տեսել, կուզեք անունը դրեք ռեբրենդինգ, կամ ուրիշ բան, մենք դա տեսել ենք նաև Տիգրան Սարգսյանի ժամանակ, այնպես որ, դա նոր բան չէ, այդ դասն արդեն անցել ենք»:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց,  թե դիմում է գրել ՀՀԿ-ին անդամակցելու մասին: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ևս այսօր հայտարարեցին ՀՀԿ-ին անդամակցելու մասին:

Արմեն Մարտիրոսյանը կառավարության համատարած ՀՀԿ-ացումն այսպես է մեկնաբանում. «ՀՀԿ-ն վարչական ռեսուրսի կենտրոն է, ոչ թե կուսակցություն, քանի որ վարչապետ է փոխվել, հիմա վարչապետը դառնում է ՀՀԿ-ական»:

Մեր հարցին` կառավարության անդամների` հանրապետական դառնալուց հետո հանրության շրջանում հիասթափություն չի՞ առաջանա, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց, թե առանձնապես ոգևորություն չի էլ նկատել. «Ոգևորություն կար միայն այն նեղ շրջանակներում, որը քարոզչության ազդեցության տակ է ընկնում, բայց մեծամասնությունը, կարծում եմ, սպասելիքներ չուներ»:

Հարցին` իսկ ո՞րն է նպատակը, որ ՀՀԿ վերնախավն այսպես հետևողականորեն լծվել է կառավարության անդամներին ՀՀԿ-ական դարձնելու գործին, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Նպատակն այն է, որ բոլորը միասնական այդ բացասական բեռը կրեն, որ քաղաքականության մեջ չակերտավոր մաքուր մարդ չմնա»:

ՀՀԿ-ի` նոյեմբերի 26-ի համագումարից «Ժառանգության» փոխնախագահը սպասելիքներ չունի. «ՀՀԿ-ն ոչ թե կուսակցություն է, այլ իշխանական ռեսուրսի կենտրոնացում, իսկ այդ կենտրոնացման կազմավորումը ոչ մի դրական հետևանք ունենալ չի կարող»:

Այն, որ ՀՀԿ ղեկավար կազմում փոփոխություններ են սպասվում  Արմեն Մարտիրոսյանին քիչ է հետաքրքրում. «Ղեկավար կազմի բազմաթիվ անդամների փոփոխություն է եղել, բայց դրանով խնդիրները չեն լուծվել: Կա Սերժ Սարգսյանը, կան որոշում կայացնողները, այնպես որ, որևէ փոփոխություն չի լինի»:

Հարցին` արդյոք ՀՀԿ-ում թարմ ուղեղներ չկա՞ն, որ չեն կարողանում նոր քայլեր մտածել, պարոն Մարտիրոսյանը կրկին հիշեց Տիգրան Սարգսյանին. «Տիգրան Սարգսյանից թարմ ուղե՞ղ, տեսաք` ինչ եղավ: Այս դեպքում էլ ոչինչ սպասել չի կարելի: Համակարգն այնպիսին է, որ անձերին միանգամից քաղաքական առումով փչացնում է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930