Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պոլսահայ լուսանկարիչ Նուրան Աքքայայի «Հայերը Թուրքիայում» լուսանկարների ցուցահանդեսը և «Հայերը» ալբոմի շնորհանդեսը

Նոյեմբեր 24,2016 19:45

Նոյեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի նախասրահում տեղի ունեցավ ժամանակակից պոլսահայ լուսանկարիչ Նուրան Աքքայայի «Հայերը Թուրքիայում» լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը և «Հայերը» ալբոմի շնորհանդեսը:

mhm0110109-copy 2

Միջոցառմանը մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով հեղինակին, Պոլսից ժամանած հայրենակիցներին և մյուս հյուրերին՝ նախարարը մասնավորապես նշեց. «Ցուցադրված 60 լուսանկարների առանցքում մեր պատմական հողերում և Պոլսում ապրող հայերն են, Վանի Աղթամար կղզու Ս․Խաչ եկեղեցին, խաչքարեր, եկեղեցիներ, գերեզմանատներ և հուշակոթողներ՝ Պոլսից, Մուսա լեռան հայկական վերջին՝ Վաքըֆլի գյուղից, Կարսից ու Կեսարիայից։ Նուրանն առաջին անգամ է Հայաստանում՝ իր գրքի շնորհանդեսի ու լուսանկարների ցուցահանդեսի բացման առթիվ: Համոզված եմ, որ այսուհետ նա հաճախ կայցելի Հայրենիք՝ իր հետ բերելով արվեստագետ ընկերներին: Մենք ամեն բան պիտի անենք Պոլսում ապրող ու ստեղծագործող մեր տաղանդավոր հայերին Հայաստանում ճանաչելի դարձնելու ուղղությամբ»:

Ընդգծելով, որ այս տարի լրացավ Պոլսի հայկական «Մարմարա» օրաթերթի մեծանուն խմբագրապետ Ռոպէր Հատտէճեանի ծննդյան 90-ամյակը՝ ՀՀ սփյուռքի նախարարը  բարձր գնահատեց վաստակաշատ խմբագրապետի դերը պոլսահայ գրականության և մշակույթի պահպանման գործում:

Պոլսում հայկական  արժեքների պահպանության գործում ներդրած ջանքերի համար նախարար Հրանուշ Հակոբյանը Նուրան Աքքայային պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով: Նախարարության պատվոգրերի արժանացան նաև միջոցառման կազմակերպիչները՝ պոլսահայ լրագրող Սևան Աթաօղլուն և Առաջին հիփոթեքային ընկերության ղեկավար Դավիթ Աթանեսյանը:

Այնուհետև Նուրան Աքքայայի ներկայացրած աշխատանքի մասին գնահատանքի խոսքով հանդես եկավ թուրքագետ Ալեքսանդր Սաֆարյանը: Նա նշեց, որ Աքքայան հայազգի մեր մյուս լուսանկարիչներ Յուսուֆ Քարշի և Արա Գյուլերի արժանի հետևորդն է: «Շնորհակալություն Սփյուռքի նախարարությանը և անձամբ նախարար Հրանուշ Հակոբյանին, որ նախարարության ստեղծման առաջին իսկ օրերից առանձնակի ուշադրություն են դարձնում պոլսահայ մեր արժեքները Հայրենիքում ճանաչելի դարձնելու գործին: Նախարարության հովանու ներքո և անմիջական նախաձեռնությամբ կազմակերպվում են պոլսահայ գրողների, երգիչների, երգչախմբերի և պարախմբերի համերգներ, ցուցադրություններ, շնորհանդեսներ: Այսօր մենք ականատես ենք Հայաստան-Սփյուռք կապերի իրական մերձեցման», – նշեց թուրքագետ Սաֆարյանը:

Շնորհակալական խոսքով հանդես եկավ լուսանկարիչ Վահան Քոչարը: «Համոզված եմ, որ առաջիկայում մենք ներկա կգտնվենք Աքքայայի երկրորդ և երրորդ գրքերի շնորհանդեսներին», – նշեց նա:

Պոլսահայ լուսանկարչի աշխատանքները բարձր գնահատեց նաև արվեստաբան Մարինա Ստեփանյանը:

Միջոցառման ավարտին հանդես եկավ հեղինակը: «Ես անչափ երջանիկ եմ, որ իմ առաջին ցուցահանդեսը բացվեց Հայաստանում: Շնորհակալ եմ Սփյուռքի նախարարությանը՝ իմ երազանքն իրականություն դարձնելու համար: Ես ուզում եմ իմ ցուցահանդեսների, լուսանկարած դիմանկարների միջոցով Հայաստանի հասարակությանը ծանոթացնել Թուրքիայի տարածքում ապրող մեր տաղանդավոր, բայց ստվերում ապրող հայերին: Համոզված եմ, որ այսպիսի միջոցառումները իրական կամուրջ են հայության երկու հատվածների միջև», – ասաց Նուրան Աքքայան:

Նշենք, որ Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 27-ը:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930