«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը դուրս է եկել կուսակցությունից: Տիկին Սեդրակյանը պարզաբանել է, որ դեռ վեց ամիս առաջ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանին դիմում էր ներկայացրել, որ կասեցվի իր աշխատանքը:
Ըստ տիկին Սեդրակյանի`հիմնական պատճառն այն է, որ ինքը թերահավատություն ունի ապագայում ստեղծվելիք դաշինքի վերաբերյալ` նախորդ ձախողված փորձը հաշվի առնելով: Անուշ Սեդրակյանը մասնավորապես հայտարարել է. «Հասկանում եմ, որ դաշինքը խորհրդարան մտնելու ամենակարճ ու ազդեցիկ քայլն է: Ես միշտ ինձ համարել եմ արժեքներին դավանող անձ, նախորդ դաշինքի տապալումը ինձ մոտ թերահավատություն է առաջացրել: Ինձ համար ընդդիմությունը արևմտամետ ընդդիմությունն է, ուստի չեմ կարող մտնել մի դաշինք, երբ նույնիսկ տեղյակ չես, թե ով կլինի ղեկավարը, ինչ գաղափարական ծրագրեր կլինեն: Իմ որոշման պատճառը արևմտամետ ընդդիմության արժեքային բռունցքը չտեսնելն է»:
Aravot.am-ը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ, մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանից այս որոշման վերաբերյալ պարզաբանում խնդրեց: Անժելա Խաչատրյանը փոխանցեց հետևյալը. «Դա տիկին Սեդրակյանի անձնական որոշումն է: Մենք հարգում ենք մեր կուսակցության ցանկացած անդամի որոշումը, դիրքորոշումը: Տիկին Սեդրակյանի հետ աշխատել ենք հինգ տարի ու շնորհակալ ենք այդ աշխատանքի համար և հարգում ենք նրա անձնական որոշումը»:
Կարդացեք նաև
Անժելա Խաչատրյանը հաստատեց, որ դա անակնկալ որոշում չէր, բայց նաև տեղեկացրեց, որ այն լայն քննարկման չի դրվել, այլ եղել է Անուշ Սեդրակյանի անձնական որոշումը:
«Ազատ դեմոկրատների» մամուլի խոսնակը չցանկացավ կուսակցության փոխնախագահի որևէ թեկնածուի անուն նշել: Նա տեղեկացրեց, որ փոխնախագահն ընտրվում է վարչության նիստերում, որոնք տեղի են ունենում ամեն շաբաթ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ