Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի կտտանքների դեմ կոմիտեն քննել է Հայաստանի վերաբերյալ զեկույցը

Նոյեմբեր 24,2016 18:42

ՄԱԿ-ի`Կտտանքների դեմ կոմիտեն քննել է Հայաստանի վերաբերյալ զեկույցը, որում անդրադարձ է կատարվել Հայաստանում մի շարք ոլորտներում մարդու իրավունքների խախտումներին:

Մասնավորապես, զեկույցում մեծ տեղ է հատկացված քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակին:

Կոմիտեն ողջունել է Արմավիրում նոր ՔԿՀ բացումը, որն առաջարկում ավելի լավ պայմաններ և առավել լավ անձնակազմ, այնուամենայնիվ,  նշվում է, որ գերծանրաբեռնվածությունը շարունակում է մնալ Հայաստանի բանտերի ամենամեծ խնդիրներից մեկը: Ընդհանուր առմամբ երկրի քրեակատարողական հիմնարկները նախատեսված են 4400 դատապարտյալի համար, բայց հաճախ այնտեղ տեղավորվում է 5000 մարդ կամ նույնիսկ ավելի: Շատ դատապարտյալներ պահվում են խորհրդային «գուլագատիպ» կացարաններում, որտեղ բարեկարգ պայմաններ չկան քնելու համար: Իրավապաշտոանների անցկացրած հետազոտությունները ցույց են տալիս, որ բանտերի գերհագեցվածության պատճառն այն է, որ Հայաստանում դատարանները կալանավորումը ընտրում են որպես հիմնական պատժի միջոց, և դեպքերի մեծամասնությունում խելամիտ պատճառաբանություն չեն տալիս՝ ինչու է ընտրվել պատժի այդ միջոցը:

Չնայած Արմավիրում նոր ԿՔՀ բացմանը՝ իրավապաշտպաններն ահազանգում են, որ որոշ ՔԿՀ-ներում իրավիճակը շարունակում է մնալ վատ և կյանքին սպառնացող: Խնդիրներ կան ջրամատակարարման և օդափոխման հետ, որոշ խցեր գտնվում են սանիտարահիգիենիկ վատ վիճակում:

Ինչ վերաբերում Աբովյանի կանանց և անչափահասների գաղութին, այստեղ բացակայում են կանանց համար պատշաճ բժշկական և հոգեբանական ծառայությունները: Առանձին հարմարություններ չկան իգական սեռի անչափահասների համար, քանի որ նրանց թիվը շատ չէ: Կան տեղեկություններ, որ նրանք պահվում են չափահասների հետ, ինչը Կոմիտեի կողմից ողջունելի չէ: Բացի այդ, որոշ բանտախցեր կանայք սեփական միջոցներով կահավորել են սառնարանով, հեռուստացույցով և կահույքով, ինչը անհավասար պայմաններ է ստեղծում: Եվս մեկ կարևոր խնդիր է այստեղ զուգարանների և լոգասենյակների ոչ բավարար քանակը:

Բացի այդ, Կոմիտեն նշում է, որ շարունակվում են ՔԿՀ-ներում դատապարտյալների հետ բռնության դեպքերը: Ֆիզիկական բռնությունը պարբերական բնույթ է կրում, և հաճախ այդպիսի բռնության ենթարկվողները հենց իրենք են կոծկում այդ դեպքերը:

Կոմիտեն մտահոգություն է հայտնել, որ ՔԿՀ-ներում միասեռականները կատարում են ամենաստորացուցիչ աշխատանքները՝ զուգարան մաքրել, սեռական ծառայություններ մատուցել, նրանց արգելվում է օգտվել նույն խոհանոցից կամ զուգարանից, ինչ մյուսները: Միասեռականները վիրավորանքների են ենթարկվում նաև ՔԿՀ աշխատակիցների կողմից: Կոմիտեն համոզված է, որ դա ԽՍՀՄ-ից մնացած ժառանգություն է, և այսպես ասած նրանց լրացուցիչ պատժի ենթարկելու միջոց է:

Բացի այդ, շարունակում է բարձր մնալ դատապարտյալների միջև բռնության դեպքերը: Այդպիսի դեպքեր հարուցող ավանդական պատճառների կողքին, որոնք հանդիպում են աշխարհում (գերծանրաբեռնվածություն, անձնակազմի հետ վատ հարաբերություններ), Հայաստանում բռնության պատճառ է բանտերում քրեական հեղինակությունները և հիերարխիան: Կոմիտեն փաստում է, որ քրեական ենթամշակույթի ազդեցությունը վերջին տարիներին նվազել է և համեմատելի չէ տարածաշրջանի մյուս երկրների հետ: Այնուամենայնիվ, այն գոյություն ունի, և, երբեմն, քրեական հեղինակությունների ազդեցությունն ավելի մեծ է, քան բանտի ղեկավարությանը: Արդյունքում, երբեմն, նրանք դատապարտյալներին դրդում են ինքնասպանության:  Զեկույցի հեղինակը կարծում է, որ քրեական ենթամշակույթի ազդեցությունը հարվածում է ՔԿՀ հեղինակությանը:

Կոմիտեն անդրադառնում է նաև քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների ոչ բավարար վիճակին: Ըստ իրավապաշտպանների՝ այստեղ բժշկական ծառայությունների կոնֆիդենցիալ չեն, և բժիշկները անկախություն չունեն: Մասնավորապես, ոստիկանական հաստատություններում բժշկական զննումն իրականացվում է ոստիկանների հսկողության տակ: Երևանի և Նուբարաշենի ՔՀԿ-ներում բանտի աշխատակիցները սովորաբար ներկա են գտնվում բժշկական հետազոտությանը: Նման պայմաններում, Կոմիտեն մտահոգություն է հայտնում, որ ձերբակալվածները չեն կարող բացահայտ խոսել ոստիկանների հասցրած վնասվածքների մասին:

Բժշկակական ծառայությունների հետ կապված խնդիրներ են առաջանում նաև բուժանձնակազմի ծանրաբեռնվածության պատճառով: Բացի այդ, դեպքեր են գրանցվել, երբ օրենքով դատապարտյալներին հատկացված բուժօգնությունը չի տրամադրվել: Որոշ դեպքերում դատապարտյալներին հնարավորություն չի տրվել սեփական միջոցներով այլ բժշկական ծառայություններից օգտվել:

Մեկ այլ խնդիր է բժշկական սարքավորումների կամ դրանց հնացվածությունը: Այս կապակցությամբ Կոմիտեն մտահոգություն է հայտնում, որ իշխանությունների կողմից որևէ վստահելի վիճակագրություն չի ներկայացվել բանտերում մահացությունների և հիվանդությունների թվի վերաբերյալ, ինչը վկայում է մոնիթորինգի թույլ մեխանիզմների մասին: Բացի այդ, որևէ վստահելի տվյալներ չկան առ այն, թե բանտերում ինչ բուժում են ստանում թմրամոլները, թոքախտով տառապողները կամ ՄԻԱՎ վարակակիրները:

Անդրադառնալով ցմահ դատապարտյալների խնդրին, Կոմիտեն նշում է, որ նրանց դրությունը չի փոխվել: Զեկույցում նշվում է, որ նրանց զբոսանքի համար տրվում է օրական  ընդամենը մեկ ժամ, որոշ դեպքերում պահվում են փոքր խցերում, շատ քիչ շփում են ունենում արտաքին աշխարհի և անգամ անձնակազմի հետ, բացի այդ, նրանց արգելված է աշխատելը: Կոմիտեին հետաքրքրում է՝ ինչ բուժում են նրանք ստանում առողջական վիճակի վատթարացման դեպքում կամ ինչ հոգեբանական զննություն է անցկացվում:

Չնայած ձեռնարկված դրական քայլերին՝ Հայաստանում շատ խնդիրներ կան արդարադատության ոլորտում: Մասնավորապես, չկան հատուկ անչափահասների գործերով աշխատող դատարաններ կամ դատավորներ: Կոմիտեն խորհուրդ է տալիս Հայաստանի իշխանություններին համոզվել, որ անչափահասների հետ աշխատող պաշտոնյաները համապատասխանում են միջազգային չափանիշներին: Չնայած այս ոլորտում օրենսդրության փոփոխություններին, Կոմիտեն մտավախություն ունի, որ դրանք կարող են մնալ թղթի վրա:

Քրեակատարողական հիմնարկներից բացի՝ Կոմիտեի մտահոգության շրջանակներում է նաև Հայաստանում երեխաների խնամքի ինստիտուտներում նրանց իրավունքների խախտումները: Տեղեկություններ կան, որ սոցիալապես խոցելի ընտանիքներից շուրջ 4000 երեխա ապրում են երեխաների խնամքի կենտրոններում, այդ թվում 10 մանկատուն, 8 գիշերօթիկ կենտրոն և 23 հատուկ կրթական հաստատություն: Մոնիթորինգները ցույց են տվել, որ այդ հաստատություններում նրանց նկատմամբ հոգեբանական բռնությունը և վատ վերաբերմունքը (անկյուն կանգնեցնել, ապտակել, բղավել, ծեծել, վիրավորել, մեկուսացնել, զրկել ընտանիքի անդամների հետ հանդիպումից և անգամ սեռական բռնության դեպքեր) պարբերական բնույթ են կրում:

Կոմիտեն մտահոգություն է հայտնել նաև Հայաստանում լրագրողների և մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ ատելության խոսքի և բռնության դեպքերի վերաբերյալ: Մասնավորապես լրագրողների իրավունքների խախտումներ և նրանց դեմ բռնության դեպքեր են գրանցվել 2015թ. էլեկտրականության սակագնի բարձրացմանը և 2016թ. Էրեբունու ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած ցույցերի ժամանակ: Երկու ցույցերն էլ ընդհանուր առմամբ ուղեկցվել են մարդու իրավունքների խախտումներով: Զեկույցում նշվում է, որ որևէ պատշաճ քննություն չի անցկացվել նրանց նկատմամբ վիրավորանքների կամ հարձակումների վերաբերյալ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930