Լրահոս
Օրվա լրահոսը

Մսամթերք արտադրող ութ ընկերությունում դիտարկումներ են իրականացվում. քննարկում արտադրողների հետ

Նոյեմբեր 24,2016 18:30

ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է ոլորտային հանդիպումները տնտեսավարողների հետ՝ նպատակ ունենալով քննարկել տվյալ բնագավառում առկա իրավիճակն ու հիմնախնդիրները՝ դրանք համատեղ շտկելու և սննդամթերքի անվտանգությունն ապահովելու ակնկալիքով:

Նոյեմբերի 24-ին սննդամթերքի անվտանգությունը վերահսկող պետական կառույց էին հրավիրվել մսամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայութsnյան պետ Իշխան Կարապետյանը, մսամթերքի արտադրությունն ու ընդհանրապես կենդանական ծագման մթերքը ռիսկային համարելով՝ անդրադարձել է ոլորտին բնորոշ հիմնական բացթողումներին ու հնարավոր խախտումներին: Նա ընդգծել է, որ խնդիրների անտեսումը բերելու է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառման՝ առանց վերապահումների ու տարբերակումների, հավասարապես բոլոր անբարեխիղճների համար: «Մենք պատրաստ ենք ձեզ աջակցել, մասնագետներ տրամադրել, որպեսզի արտադրական շղթայում գտնեք բացթողումները: Դուք էլ կարող եք օգտագործել այս հնարավորությունը և վերահսկող կառույցին ներկայացնել այն խոչընդոտներն ու խնդիրները, որոնք թույլ չեն տալիս մսամթերքի արտադրության ոլորտում ունենալ ցանկալի որակ: Կարծում եմ՝ մեզ համատեղ կհաջողվի սպառողներին ապահովել անվտանգ ու որակյալ մսամթերքով: Սա մեր թիվ մեկ խնդիրն է», – ասել է ոլորտի գլխավոր պատասխանատուն:

Ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը ներկաներին ծանոթացրել է ոլորտին ներկայացվող բոլոր պահանջներին՝ այդ թվում և ԵԱՏՄ-ի կողմից սահմանված: Նա առանձնացրել է հատկապես հումքի մթերմանը, արտադրական պրոցեսում օգտագործվող սննդային հավելումներին, հիգիենային, մակնշմանը, տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև նշել, որ, տնտեսավարողներին աջակցելու նպատակով, Ծառայության կողմից մշակվել է մսամթերքի արտադրության ոլորտում Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի՝ HACCP համակարգի, ներդրման ուղեցույց: Բանախոսը խիստ կարևորել է տնտեսավարողների կողմից սեփական լաբորատորիաներ հիմնելու անհրաժեշտությունը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ առնվազն հավատարմագրված լաբորատորիաների հետ պայմանագրի կնքումը: Խոսվել է նաև տրանսպորտային միջոցներն անհրաժեշտ պայմաններով ապահովեու մասին:

Հանդիպման ավարտին Ծառայության պետ Ի. Կարապետյանը տեղեկացրել է, որ այս պահին արդեն ՍԱՊԾ-ն շուրջ 60 տնտեսավարող սուբյեկտների մոտ դիտարկում, մշտադիտարկում և ստուգում է իրականացվում՝ այդ թվում և 8 մսամթերք արտադրողների մոտ՝ «Մարիլա», «Նատֆուդ», «Մուշ», «Բեկոն պրոդուկտ», «Աթենք», «Բարի Սամարացի», «Բաբիկ-90» և «Նատալի Ֆարմ» ընկերություններում: «Ոլորտում լուրջ փոփոխություններ ենք կատարելու: Կառավարության որոշմամբ՝ որոշ ժամանակ հետո կենդանիների մորթը բացառապես սպանդանոցային պայմաններում է իրականացվելու՝ էականորեն նվազեցնելով առկա ռիսկերը»,-եզրափակել է ՍԱՊԾ ղեկավարը: Մսամթերք արտադրողներին որոշակի ժամկետ է տրվել՝ արտադրական գործընթացն ամբողջությամբ սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930