Արդեն քանի օր է դպրոցներն ու մանկապարտեզներն աշխատում են թերբեռնված` հիվանդանոցներն էլ` ծանրաբեռնված ռեժիմով: Մեծ թվով երեխաներ դասերից բացակայում են` գրիպի վարակի պատճառով: Դպրոց ու մանկապարտեզ հաճախող բոլոր այն երեխաները, որոնց մոտ գրիպի անգամ նախանշաներ են նկատվում, հենց մուտքից հետ էին դարձնում` վարակը չտարածելու նպատակով: Հիվանդանոցներում էլ, հատկապես մանկական բաժանմունքներում, հիվանդների հոսքն այնքան շատ էր, որ այլ կարիքների համար դիմած քաղաքացիներին հապշտապ դուրս էին գրում` գրիպի բարդություններով քաղաքացիներին ընդունելու համար:
Aravot.am-ը առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց, թե վարակի անկում չի՞ նկատվում եւ այս օրերին, ընդհանուր առմամբ, գրիպով հիվանդ քանի՞ քաղաքացի է դիմել բուժօգնություն ստանալու:
Նախարարությունից մեր հարցին ի պատասխան, հայտնեցին, որ վարակը նահանջում է եւ պատճառներից մեկն էլ այն է, որ դպրոցական եւ նախադպրոցական հաստատություններում «կանխարգելիչ ֆիլտրում» է իրականացվել եւ հիվանդ երեխաներին տուն են ուղարկել:
Ըստ նույն աղբյուրի, ստացիոնար հաստատություններում նաեւ հիվանդների հոսքի նվազում է նկատվել, ինչն էլ պայմանավորված է ավելի շատ պոլիկլինիկաներ դիմելիության բարձրացմամբ:
Կարդացեք նաև
Իսկ թե որքան քաղաքացի է դիմել գրիպի դեմ բուժօգնություն ստանալու, նախարարությունից հայտնեցին, որ այս պահին տվյալներն ամփոփվում են եւ հստակ թիվ չեն կարող նշել, քանի որ, ամեն րոպե, այդ տվյալները փոփոխվում են:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ