ԿԳՆ-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն անդրադարձավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ հանրակրթական հաստատություններում «մայր ու աղջիկ» ղեկավարման ավանդույթին վերջ դնելու հանձնարարականին:
«Քանի որ վարչապետի հանձնարարականը կա, տնօրենների աղջիկներն այլեւս տնօրեն չեն դառնում: Այժմ նախարարը տեղյակ է լինում այն դպրոցների տնօրենների ընտրությունների մասին, որոնք նախարարության ենթակայության ներքո են, իսկ մարզպետներն ու քաղաքապետն իրենց ենթակայության դպրոցների տնօրեններին են նշանակում: Այսինքն, բոլորը տեղյակ են: Եթե ազգակցական կապով է, նրա հետ տնօրենի պայմանագիր չեն կապի, եւ չի էլ գա մրցույթի մասնակցելու, որովհետեւ շրջաբերականներ կան, եւ բոլորը գիտեն սրա մասին»,-ասաց Նարինե Հովհաննիսյանը:
Նա նկատեց, որ տնօրենի աղջիկն, օրինակ, կարող է դասավանդել, բայց տնօրեն չի դառնա. «Եթե տնօրենը ժառանգաբար հանձնում է իր աղջկան, եւ մյուս հավակնորդները թուլանում են, եւ տնօրենն ամեն ինչ անում է, որ խորհուրդը ձայն տա իր աղջկան, սրա մասին է խոսքը: Թե չէ՝ տնօրենի աղջիկն անպայման կարող է դասավանդել, քանի որ մանկավարժի ընտանիքի շատ լավ մանկավարժ է լինելու»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ