Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրեցիներն ուրախ գալիս են «Պոբեդայի» էժան տոմս գնելու, տխուր հեռանում են

Նոյեմբեր 24,2016 17:23

Ինչպես հայտնի է՝ ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը դեկտեմբերի 15-ից սկսելու է առաջին չվերթը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա։ Ընկերությունը ուղևորին 3 փաթեթ է առաջարկում․«Պոբեդայի» պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, ամենաէժանը «Ստանդարտ» փաթեթն է, արժեքը 956,95 ռուբլի է, որը ռուսական ռուբլու այսօրվա փոխարժեքով կազմում է մոտ 7 հազար 416 դրամ, «Պլյուս» փաթեթը 2 055,95 ռուբլի է, մոտ 15,933 դրամ, իսկ «Պրեմիումը»՝ 5 956,95 ռուբլի է՝ մոտ 46,166 դրամ։

Նկատենք, որ ամենաթանկ տոմսը՝ «Պրեմիումը» հնարավորություն է տալիս ինքնաթիռի սրահ բարձրացնել 10 կիլոգրամ անվճար ուղեբեռ, հանձնել 20 կիլոգրամ ուղեբեռ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տոմսը վերադարձնել կամ փոխել թռիչքի օրը։

2 օր է՝ այս ավիաընկերությունը սկսել է տոմսերի վաճառքը, ու առաջին վաճառքն իրականացրել է Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակում «Ցայգ» ու «Շիրակ» հեռուստաընկերության շենքի առաջին հարկում տեղակայված ավիատոմսարկղից։

Այսօր մենք եղանք այնտեղ՝ սպասելով, որ գյումրեցիները հերթ պիտի կանգնեն, գլուխ ջարդեն էժան գնով ինքնաթիռի տոմս ձեռք բերելու համար (ի վերջո Գյումրիից Երևան տաքսու արժեքն ավելի թանկ է, սկսվում է 12 հազար դրամից), սակայն սպասվածին հակառակ՝ ավիատոմսարկղում դատարկություն էր։ Աշխատակիցների ասելով, այսօր արդեն հանգիստ վիճակ է, աժիոտաժը նախորդ երեք օրերին էր, երբ մարդիկ իմանալով, թե տոմսի նվազագույն արժեքը 7 հազար դրամ է, շտապել են ձեռք բերելու, լրագրողներն էլ իրենց հերթին են շտապել նկարահանումների։

pobeda_2

Տոմսի նվազագույն արժեքը, ինչպես հաշվարկեցին ու հայտնեցին մեզ, դեկտեմբերի 15-ի համար սկսվում է 10-12 հազար դրամից, ինքնաթիռի սրահ առաջին 10 կիլոգրամ ուղեբեռ բարձրացնելն անվճար է, իսկ ուղեբեռով մոտավորապես 45 հազար դրամ է կազմում։ Դեկտեմբերի 18-ին, 20-ին տոմսի արժեքը նույնն է, սակայն դեկտեմբերի վերջերին՝ Ամանորին ընդառաջ կտրուկ թանկանում է։

Ավիատոմսարկղում հաշվարկեցին, որ դեկտեմբերի 27-ին առանց ուղեբեռի տոմսի արժեքը 28 հազար 500 դրամ է կազմում, իսկ ուղեբեռով հասնում է մոտ 60 հազար դրամի, այսինքն` Երևանից շատ ավելի մատչելի գնով՝ 43 500 դրամով կարելի է թռիչք կատարել՝ ուղեբեռն էլ հետը։

Ավիատոմսարկղի աշխատակիցներն ասացին, որ «Պոբեդայի» գներն ամեն օր փոխվում են , այսօր ուրիշ գին է, վաղը ուրիշ կլինի, այս ավիաընկերությունը մի տեսակ «խուճուճ գներ» է սահմանում։ Մարդիկ գալիս, հետաքրքրվում են, հատկապես հետաքրքրվում են դեկտեմբերի վերջին իրականացվող չվերթով, ուրախ գալիս են, իրական գինը լսելով՝ տխուր հեռանում։

12 հոգի ցանկություն են հայտնել տոմս գնելու դեկտեմբերի 27-ի համար, սակայն իմանալով, որ ուղեբեռով այն մոտ 60 հազար դրամ է նստում, հրաժարվել են ամրագրելուց։

Նշենք, որ «Ուրալյան ավիաուղիները», որը նույնպես որոշել է չվերթ սկսել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից, առաջին թռիչքը դեպի Ռոստով իրականացնելու է դեկտեմբերի 2-ին։ Տոմսի արժեքը հստակ է՝ 43 հազար դրամ, այս նույն ընկերության չվերթը Երևանից՝ 53 հազար դրամ է։

Հիշեցնենք, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի որոշման համաձայն, ազատվել է 10 հազար դրամ սահմանված «օդի հարկից»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930