Մենք արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը, քննելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով վերաքննիչ բողոքը, 2016 թ. նոյեմբերի 15-ի որոշմամբ մասնակիորեն բեկանեց ՀՀ Վարչական դատարանի 2016 թ. մարտի 22-ի վճիռը՝ պարտավորեցնելով ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայությանը տրամադրել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցման 1.1.7 և 1.1.10 կետերով պահանջված տեղեկատվությունը, որոնք, համապատասխանաբար, վերաբերում են հարցաքննությունների տեսաձայնագրման առկա միջազգային փորձը ՀՀ-ում ներդնելուն և անչափահաս վկաների ու տուժողների հարցաքննության համար նախատեսված հատուկ սենյակներ ստեղծելուն:
Չնայած պատասխանողի դիրքորոշմանը, որ վերոնշյալ երկու կետերով պահանջվող տեղեկատվությունը ենթակա է տրամադրման՝ վարչական դատարանն, այնուամենայնիվ սխալ մեկնաբանելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի դրույթները, պահանջվող տեղեկատվությունը համարել էր ծառայողական գաղտնիք պարունակող և մերժել դրա տրամադրումը: Ընդ որում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցը մերժելու մասին որոշման մեջ վարչական դատարանն առհասարակ չի անդրադարձել վերոնշյալ կետերին, մինչդեռ հարցման յուրաքանչյուր կետին պարտավոր էր անդրադառնալ առանձին-առանձին: Վերոնշյալի առնչությամբ ՀՀ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելու մասին որոշման մեջ մասնավորապես նշում է՝ «Ինչպես իրավացիորեն նշել է բողոքաբեր կողմը, վիճարկվող դատական ակտում ընդհանրապես չկա անդրադարձ հարցման թիվ 1.1.7 և 1.1.10 կետերով պահանջվող տեղեկատվության տրամադրման փաստի վերաբերյալ», ապա եզրահանգում, որ «առկա չեն օրենսդրական հիմքեր այդ կետերով պահանջվող տեղեկատվության տրամադրումը մերժելու համար»:
Ինչ վերաբերում է հարցման մյուս կետերով պահանջվող տեղեկատվությանը, ապա պետք է նշել, որ դրանք բացառապես վերաբերել են Ազգային անվտանգության ծառայության կողմից կազմակերպված դասընթացների ու վերապատրաստումների թվին, դրանց մասնակցած ստորաբաժանումներին, դասընթացների թեմաներին և դասընթացների ազդեցության գնահատման արդյունքներին, ինչը «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի իմաստով չի կարող համարվել գաղտնի տեղեկատվություն և օպերատիվ-հետախուզական գործողությունների հետ որևէ առնչություն չի կարող ունենալ, հետևաբար և՝ վնաս հասցնել ՀՀ անվտանգությանը: Սակայն դատարանի դիտարկմամբ՝ դրանց հրապարակման անվտանգության առնչությամբ պետք է գնահատական տա տեղեկատվությունը տնօրինող մարմինը, այսինքն՝ ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայությունը: Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանը որոշել է ՀՀ Վարչական դատարանի 2016 թ. մարտի 22-ի վճիռը փոփոխել հարցման թիվ 1.1.7 և 1.1.10 կետերով պահանջվող տեղեկատվության մասով, և ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայությունից հօգուտ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գանձել 7.000 ՀՀ դրամ՝ որպես հայց ներկայացնելու և բողոք բերելու համար վճարված պետական տուրքի մասնակի փոխհատուցում: Վերաքննիչ դատարանի որոշման դեմ` չտրամադրված տեղեկատվության մասով, բողոք կներկայացվի ՀՀ Վճռաբեկ դատարան:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ