Լրահոս
Օրվա լրահոսը

Մերօրյա հերոսը` Մուշեղ Թովմասյան

Նոյեմբեր 24,2016 16:53

Ապրիլյան քառօրյա պատերազմի թողած վերքերը երբեք էլ չեն սպիանա, ինչպես որ երբեք չեն վերադառնա այն հերոսները, ովքեր ընկան մարտում։ Սակայն նրանց շարքերում կռվեցին ու շարունակում են ապրել մահին հաղթած քաջերը։ Ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը Արցախի ողջ երկայնքով սկսված պատերազմի առաջին թիրախներից էր 116-րդ մարտական դիրքը իր ռազմական կարևոր նշանակությամբ։ Կապիտան Արմենակ Ուրֆանյանի 6 հոգանոց ջոկը ժամեր շարունակ մարտնչում է թշնամու հատուկջոկատայինների դեմ և դիմակայում ծանր տեխնիկայի արձակած արկերին։ Սակայն անհավասար պայքարում զոհվում են ջոկի 7 քաջերից 4-ը՝ Արմենակ Ուրֆանյան, Քյարամ Սլոյան, Անդրանիկ Զոհրաբյան և Ռոբերտ Աբաջյան…

1
Անհամբեր սպասում եմ աշխատանքային օրվա ավարտին` երեկոյան կարևոր հանդիպում ունեմ։ Օրն ավարտվում է, սակայն արդեն երեկոյան ժամը տասն է, իսկ նա դեռ չի զանգում։ Սպասումն ավելի է մեծանում` տեղը զիջելով անհանգստությանը` իսկ եթե չկարողանամ տեսնել… Վերջապես ստանում եմ սպասված զանգը` Մուշեղն է։ Սիրտս արագ բաբախում է ու շտապում եմ իջնել, դիմավորել։

Մաշտոցի 5 հասցեում, մեծ ցուցանակի վրա նրա նկարն է հետևյալ գրությամբ` «Մուշեղ Թովմասյանը առաջարկում է կարդալ Լևոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» գիրքը: Բարձրահասակ, մեղմ ժպիտով ու զուսպ շարժուձևով սպասված հյուրը մերօրյա հերոս Մուշեղ Թովմասյանն է, որը հաղթել է մահին, սրտում` զոհված ընկերների ցավն ու վրեժը: 2015թ. հուլիսի 17-ին զորակոչվել է բանակ և ծառայության անցել Մարտակերտում։ Ծառայությունից հետո որոշել է սովորել ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում: Հայրենիքի պաշտպանը նաև այդ հայրենիքի ու ժողովրդի իրավունքների պաշտպանն է:

Պատերազմից չեմ ցանկանում սկսել զրույցը, ծառայությունից եմ հարցնում.

-Ամեն ինչ լավ է , դիրքերում հիմա կրկնակի անգամ ուժեղացված է պաշտպանությունը։ Պայմաններն էլ են ավելի կատարելագործվել` գիշերային դիտարկման սարքեր… Մեր դիրքը կարևոր ռազմական նշանակություն ունի, որը թշնամին նպատակ էր դրել վերցնել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։

2

Բառերն ինքնին դուրս էին հորդում` ասելիք շատ կար, ցավ կար` չամոքվող ցավ… Մի քանի հարցեր եմ տալիս, պատասխանում է կարճ, հստակ։ Մեկ էլ.
-Կլինի՞ ես սկզբից պատմեմ… Գլխով համաձայնության նշան եմ անում ու ներքուստ ուրախանում, որ ինքը ցանկություն հայտնեց պատմելու։

-Նախապես տեղյակ էինք, որ մեր դիրքերի ուղղությամբ հնարավոր է հակառակորդի դիվերսիա և նախապատրաստվել էինք։ Գիշերվա ժամը 2-ի կողմերը, երբ մենք գետնատնակում էինք, Էդգարը (7 հերոսներց մեկը) ով դրսում էր, առաջինն է նկատում հրետանու արկերն օդում ու տեղյակ պահում հրամանատարությանը։ Ուրֆանյանը մեզ բաշխում է դիրքի խրամաբջիջներում և սկսում մարտ վարել դիրքի ձախ թևից, որը ամենամոտն էր հակառակորդի դիրքերին։ Նրա հետ կռվում էր Քյարամը, իսկ էդոն փամփուշտ էր բերում, ով հրամանատարի ու ընկերոջ զոհվելուց հետո`լուսադեմին, խրամուղիով անցնում է հարևան դիրք` օգնություն կանչելու։ Ես, Կյաժը ու Անդրանիկը աջ թևի խրամաբջիջում էինք։ Տիկոն (ողջ մնացած զինվորներից 3-րդը) գետնատնակից փամփուշտ ու նռնակ էր բերում։ Երբ Կյաժի մոտինը վերջանում է, ես իմ մոտից եմ տալիս իրան (ժամանակ չկար լիցքավորելու, լցրել էինք գրպաններս) ու իջնում բլինդաժ, տեսնեմ էլ ինչ կա, բերեմ։ Մինչև ես գնում եմ այնտեղ, Անդոն ու Կյաժը հողաթմբի վրայից կռիվ են տալիս, չեն թողնում թշնամին առաջանա։ Երբ հասնում եմ բլինդաժ, փամփուշտ չի լինում` ընդամենը մի հատիկ նռնակ, վերցնում եմ ու իմ կանգնած տեղից շպրտում իրանց առաջ եկած մարդկանց վրա, մյուսները հետ են նահանջում. մտածում են երևի էլի մարդիկ կան այնտեղ, դժվար կլինի առաջանալը։ Որ տեսնում եմ դրանք հետ են գնում, նորից եմ գնում բլինդաժ, մեկ էլ տեսնում եմ Տիգրանին։ Դիրքի մեջ փոքր եկեղեցի ունենք, տեսնում եմ Տիկոն եկեղեցու մոտ է։ Իրեն տանում եմ դիրքից ոչ հեռու գտնվող հրամանատարական դիտակետ, մի քանի փամփուշտ ու նռնակ վերցնում, մեր հետախուզական վաշտից մի քանի հոգու հետ ետ վերադառնում դիրք, բայց չենք կարողանում մտնել` թշնամու մեծ խումբ լցվել էր դիրքը։ Հետախույզներից մի քանիսը առաջանում են, տեսնում դրանց թվաքանակը ու հետ վերադառնում։ Ես ու մի հետախույզ փորձում ենք մտնել դիրք ու կանչում եմ Կյաժին։ Ռոբն այդ ժամանակ ասում է, որ Անդոն էլ չկա։ Ուզում եմ բարձրանալ հողաթմբի վրա, որտեղից դիտարկում ենք տարածքը, հետախույզը չի թողնում ու ասում է, որ կնկատեն իրեն ու կխփեն: Ավելի լավ է այստեղից կռվեն ու թույլ չտան թշնամուն առաջանալ։ Երբ տեսնում ենք, որ արդեն դիրքի մեջ են ու շատ մեծ թվով, հետ ենք գալիս ու դիրքի հետևում գտնվող հողաթմբի հետևից կրակում` թույլ չտալով առաջանալ։ Այդ ժամանակ էլ գալիս է Մալոյանը` շտապօգնության մեքենայով, ու կանգնում դիրքի մեջ։ Մինչ այդ, երբ մեքենան անցնելուց է լինում, Կյաժը նրանց տեսնում է ու ձայն տալիս։ Հենց այդ ժամանակ էլ թուրքերը նկատում են նրան ու մտնում իր թաքստոցը։ Կյաժը իրեն պայթեցնում է…

Պատմելու ամբողջ ընթացքում` լսողություն դարձած, չեմ ընդհատում: Պատմում է դանդաղ, ձայնը` ցածր ու հանգիստ, աչքերում ցավի խտացած երանգներ եմ նկատում։ Երբեմն երբեմն խորը շնչում է` վերապրելով ամեն ինչ ու ամեն պահ։ Երբ հասնում է Ռոբերտի նռնակ պայթեցնելուն, աչքերը մի կետի է հառում ու լռում. արագ ու խորը շնչում է։ Ինձ սարսափելի մեղավոր եմ զգում, որ նորից ստիպեցի վերապրել առանց այն էլ չամոքվող ցավը։ «Ի՞նչ մեդալ ես ստացել» հարցին պատասխանում է. «Ցույց տա՞մ»,- ու ձեռքը տանում է ծոցագրպանը։

«Մուշեղ Ռադիկի Թովմասյանը պարգևատրվում է «Արիության համար» մեդալով»։ Ձեռքերիս մեջ երկար շոշափում եմ, մտքով` դիրքում ու ընկած ընկերների խրամաբջիջներում։ Հերոսությունը նրա աչքերում է, նրա մեջ է, ոչ թե մեդալի։ Առանձնակի ոգևորվածություն չկա էլ. վերադարձնում եմ մեդալը, իսկ նա անտարբեր դնում է սեղանին։ Ահա այն քաջերից մեկն, ով հաղթել է մահին, սակայն անհաղթահարելի է պատերազմից հետո մնացած դատարկությունը. բացակա են ընկերները։ Այդ բացակայությունը չեն լցնի ոչ մեդալները և ոչ էլ բարձրագոչ ու արհեստածին բառերը։

Կեսգիշերն անց է։ Մեկշաբաթյա արձակուրդի վերջին ժամերը սպառում եմ։ Առավոտյան նորից վերադառնալու է Մարտակերտի այն դիրքը, որտեղ դեռ չեն խունացել ընկած ընկերների հետքերը։

3
Մոտենում է հրաժեշտի պահը ու մտածում եմ, թե երբ հասցրի սիրել ու հպարտանալ այս պարզ ու համեստ զինվորով։ Ամուր գրկում եմ ու այդ ջերմության մեջ ամփոփում այն ամբողջը, որը կուզեի ասել ու փոխանցել բոլոր հերոս-զինվորներին։Նրա մեջ տեսնում էի իր ընկերներին, ովքեր գնացին անմահության ճանապարհով…
Արմինե ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հիանալի հոդված էր Արմին ջան։ Շատ ուրախ եմ, որ դեռ մնացել են մարդիկ, ովքեր գնահատում են չգնահատված հերոսներին և պայքարում են անհայտ իրականությունը լուսաբանելու համար։ Հպարտ եմ, որ ունեմ քեզ նման ընկերուհի։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930