Լրահոս
Օրվա լրահոսը

Խորենացու դեպքերից ոստիկանների ջնջած կարեւոր տեսագրություններ են վերականգնել

Նոյեմբեր 24,2016 15:49

«Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, ամեն ինչ ապացուցելու ենք: Մենք չենք ժխտում, որ տղաները վիճաբանություն են արել, ուղղակի նրանք իրենց վիճաբանության համար իրենց կալանքը կրել են: 316 հոդվածի երկրորդ մասով դրել են՝ չկա նման ոչ մի տուժած»,- այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեզ հետ զրույցում ասաց ամբաստանյալ Հրաչյա Բոյաջյանի կինը՝ Նարինե Ղազարյանը:

Բոյաջյանին, ինչպես նաեւ Արման Ադամյանին եւ Ժորա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՊՊԾ գնդի դեպքերի ժամանակ Խորենացի փողոցին հարող Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում ոստիկանների հետ պատահած միջադեպի գործով: Ըստ մեղադրանքի, նրանք ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել եւ նրանց առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել: Այսօր առաջին դատական նիստն էր:

narine-xazaryanՆարինե Ղազարյանի խոսքերով՝ չնայած մեղադրանք է ներկայացվել, իբր ոստիկանները ծանր մարմնական վնասվածքներ են ստացել, բայց դա սուտ է. «Մենք տեղեկացել ենք, որ նման բան չի եղել, ուղղակի մի հոգին թեթեւ սանտավիկով դուրս է եկել: Այսինքն, նրանք կարող էին իրենց պարապմունքի ժամանակ էլ այդ վնասվածքը ստանային: Նախ, իրենք տղաներին հայհոյել են, զենքը բարձրացրել են տղաների վրա, այսինքն՝ մեր տղաներն ինչո՞վ ինքնապաշտպանվեին»:

Ըստ Բոյաջյանի կնոջ, ոստիկաններն են հրահրել միջադեպը եւ ճիշտ մոտեցում չեն ցուցաբերել՝ կոպտել են, զենքերով ահաբեկել. «Մենք տեսագրություններ ունենք, անպայման կներկայացնենք դատարան»:

Մեր դիտարկմանը, որ տեսագրություններ կան նաեւ, թե ինչպես են քարերով հարվածում ոստիկաններին՝ Նարինե Ղազարյանը պատասխանեց. «Դա իրենց ապացույցն է, որ տեսեք քարը: Իրենք դրել են, կադրի ամենավերջից են գալիս, չեն դնում սկիզբը, երբ ժողովուրդը հարցնում է՝ ինչո՞ւ չունենք լույս, գազ: Չէ՞ որ այդ հուլիսյան օրերին 42 աստիճան էր, մեր ծնողները նույնիսկ չեն կարողացել դուրս գալ, շուկա գնալ: Եթե մարդը աշխատում է օրական 2000 դրամ, ինչպե՞ս 1000 դրամ տա տաքսիին, որ գա: Չէ՞ որ բոլոր տղաներին էլ այդ հարցը հուզում է, կան հիվանդ ծնողներ, տատիկ-պապիկներ: Գազ չկար, որ երեխաներին կարողանային ճաշ եփել: Տրանսպորտ չկար: Իրենք էլ, իրենց պաշտոնները չարաշահելով, որ ոստիկանական հագուստով են, կարող են մարդուն լավ ծեծել, իրենց ոչ մի բան, իսկ երբ քաղաքացին ինքնապաշտպանվում է՝ 5-10 տարի ազատազրկում է»:

Նարինե Ղազարյանն ասաց, որ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան են հարցը հասցնելու. «Հիմա մենք սպասում ենք արդար դատավարություն Հայաստանում»:

Դատական նիստին տուժող ոստիկանները չէին եկել: Մեր հարցին՝ ըստ Ձեզ ինչո՞ւ չեն եկել, ամաչե՞լ են գալ՝ Նարինե Ղազարյանը պատասխանեց. «Ամոթ ունենային՝ նման հոդված չէին դնի: Կարելի է մարդկայնորեն անել: Հանեք ձեր համազգեստը, որպես մարդը մարդուն նայեք: Եթե դուք կարող եք հայհոյեք քաղաքացուն, ընտանիքի անդամներին, կարող եք շատ վատ արտահայտությամբ իրենց հրահրել՝ «դավայ, արա՛, ստեղից», «դավա՜յ, քեզ ասում եմ գնա ստեղից…»:

Բոյաջյանի կինն ասաց, որ իրենք շատ կարեւոր տեսագրություններ են վերականգնել չիպերի միջից, որոնք Խորենացու դեպքերի ժամանակ ոստիկանները ջնջել են տվել ստիպողաբար. «Վերջում ծեծում են լրագրողին ու ասում են՝ արա՛, ջնջի, հետ տուր, ջնջե՞լ ես: Մենք մեջի հիշողության չիպով վերականգել ենք ու կապացուցենք մինչեւ վերջ: Եթե իրենց մեջ շատ քիչ խիղճ կա, մենք գիտենք, որ չկա, բայց եթե կա՝ այս գործին ուրիշ ձեւ կնայեն, որովհետեւ ոչ մի ծանր վնասվածք չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930