2016 թ. նոյեմբերի 22-23-ին Երևանում տեղի ունեցավ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի (ԳԱԱ) և Երևանի Պետական Համալսարանի համատեղ կազմակերպած «Հայոց ցեղասպանությունը և հատուցման հիմնախնդիրը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը։
Գիտաժողովը, ըստ կազմակերպիչների հայտարարության, պետք է ընթանար ԳԱԱ նախագահության շենքի նիստերի դահլիճում։ Սակայն բացումից քիչ անց զեկուցողները և հյուրերը տեղեկացվեցին, որ գիտաժողովը շարունակվելու է մեկ այլ վայրում, քանի որ նիստերի դահլիճում այդ օրը պետք է կայանա ուրիշ «միջոցառում»:
Այդ «հույժ կարևոր» միջոցառումը, որի պատճառով այլ վայր տեղափոխվեց դեռ ամիսներ առաջ հայտարարված ակադեմիական գիտաժողովը… փաստորեն, «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանի մամլո ասուլիսն էր:
Որպես գիտաժողովին զեկուցողներից մեկը` ինձ համար այդպես էլ գաղտնիք մնաց՝ ինչո՞ւ, ի՞նչ պատճառով ակադեմիական գիտական միջոցառումը, որը նախապատրաստվել է ամիսներ շարունակ, կարող է վերջին պահին հանկարծակի տեղափոխվել այլ վայր՝ հանուն որևէ մասնավոր գործչի մասնավոր միջոցառման։
Կարդացեք նաև
Անհասկանալի մնաց՝ ինչո՞ւ, ի՞նչ պատճառով հիմնարար գիտության զարգացման նպատակ հետապնդող պետական բյուջետային հիմնարկի շենքը կարող է, ըստ էության, ծառայեցվել որպես մամուլի ակումբ, հարթակ, որտեղ մի մասնավոր անձի հնարավորություն է տրվում ներկայացնելու իր մասնավոր հասարակական-քաղաքական օրակարգին առնչվող հարցեր։
Եվ վերջապես տեղի ունեցածից մի օրինաչափ հարց առաջացավ. արդյոք մենք` գիտությամբ զբաղվողներս, իրավունք ունե՞նք լուրջ վերաբերմունք ակնկալելու լայն հանրությունից մեր գիտական միջոցառումների և արդյունքների նկատմամբ, եթե ինքներս պատրաստակամորեն ստորադասում ենք մեր աշխատանքը գիտության հետ որևէ կապ չունեցող մասնավոր նպատակների և շահերի։
Վերջին հարցն ի դեպ հռետորական էր…
Ռոբերտ Թաթոյան, պ.գ.թ. , ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի գիտաշխատող