ՌԴ արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Էլեոնորա Միտրաֆանովայի՝ նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու մասին հայտարարությունը նորություն չէ: Լեզվաբան, Լեզվի պետական տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանը հիշեցնում է, որ դեռեւս 2009թ. ՌԴ կենտրոնական հեռուստատեսությամբ հաղորդվեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ ռուսերենը ՀՀ-ում երկրորդ պետական լեզու ճանաչելու մասին: «Իրականում նման խնդիր չկար, բայց թե ինչո՞ւ էր հեռուստատեսությունը շահագրգռված նման հայտարարություն անել, չգիտեմ»,-«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսօր ասաց Լավրենտի Միրզոյանը:
Նա նախ նկատեց, որ ՀՀ-ում ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու համար օրենսդրական գործողություն է պետք. «Առաջնահերթ, պետք է սահմանադրական բարեփոխումներ կատարել եւ «ՀՀ պետական լեզուն հայերենն է» հոդվածում ամրագրել, որ նաեւ ռուսերենն է պետական լեզու: Սակայն դրա հնարավորությունը չկա, որովհետեւ ռուսերեն օգտագործողների թիվը բավարար չէ: Մեր բնակչության 98 տոկոսը հայեր են, ռուսերենն ո՞վ պետք է սովորի: Ռուսերենի հանդեպ վերաբերմունքը փոխվել է. երիտասարդությունը տուրք է տվել անգլերենին, ֆրանսերենին, գերմաներենին»:
Միրզոյանը կարծում է, որ ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու հարցը պետք է հանրաքվեով լուծել. «Ժողովուրդը «այո» չի ասի, սփյուռքի խնդիր ունենք: Կարծում եմ՝ ՀՀ-ում ռուսերենը պետական լեզվի կարգավիճակ չի ստանա: Եթե անգամ հանրաքվեով ընդունվեց, Արցախում էլ հանրաքվե պետք է անցկացնել»:
Միաժամանակ, լեզվաբանը համոզված է, որ ռուսերենի իմացությունը շատ անհրաժեշտ է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, ուստի դպրոցներում պետք է ներդնել լեզվական քաղաքականության ծրագիր՝ օտար լեզուների խորացված ուսուցման ծրագրերով:
Կարդացեք նաև
«Դա պետք է արվի ոչ հայերենի ուսուցման հաշվին: Ռուսերենի իմացությունը պարտադիր չէ ապահովել պետական լեզվի կարգավիճակ տալով»,-նկատեց Լավրենտի Միրզոյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ